կարևոր
751 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-28 18:35
Քաղաքական

«Փոխե՛լ է պետք․ պետք է փակենք նվաստացումների այս էջը»․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

2026 թվականի նոյեմբերի 27-ին Լիբանանում հանդիսավորությամբ նշվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրման 136-ամյակը։ «Վեր կաց, ժողովուրդ» խորագիրը կրող միջոցառմանը ելույթ է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած ազգային, քաղաքական և անվտանգային մարտահրավերներին, հայկական ինքնության պահպանմանն ու համազգային համախմբման անհրաժեշտությանը։

Իր խոսքի սկզբում Արմեն Ռուստամյանն ընդգծել է Լիբանանի հայ համայնքի առանձնահատուկ դերակատարությունը Սփյուռքի կյանքում՝ այն բնորոշելով որպես Սփյուռքի «մերանը» և նրան արյուն ու ավյուն տվող ուժ։ Նա կարևորել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաքելությունը՝ հայ ժողովրդի հավատքի պահպանման և հոգևոր անվտանգության ապահովման գործում։

Խոսելով լիբանանահայության անցած փորձությունների և ներկայիս մարտահրավերների մասին՝ Ռուստամյանը շեշտել է, որ հայ հեղափոխական դաշնակցությունը մշտապես եղել է, կա և պիտի լինի լիբանանահայության կողքին՝ պաշտպանելու նրա շահերը, իրավունքներն ու անվտանգությունը։

Անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը կարևորել է պատմական փորձառության իմաստավորումը, ազգային ինքնության պահպանման անհրաժեշտության գիտակցումը և համազգային, վերկուսակցական նպատակների շուրջ համախմբումը։

«Այսօր էլ մեզ իմաստնություն է պետք հասկանալու, որ հիմա դիմանալն արդեն նշանակում է համակերպվել քո տեսակի և ինքնության կորստի հետ։ Դրան հնարավոր չէ համակերպվել։ Դա ինքնակործանման տանող ճանապարհ է, և ուրեմն փոխել է պետք»,- նշել է նա։

Ռուստամյանի գնահատմամբ՝ հայության ներկայիս պայքարի առանցքում իշխանության համար պայքարը չէ, այլ ազգային ինքնության, ժառանգված արժեքների և ազգային սրբությունների պաշտպանությունը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ապագա ծրագրերն ու գործողությունները պետք է կառուցվեն հենց այս առաջնահերթությունների շուրջ։

Իր ելույթում Արմեն Ռուստամյանը քննադատության է ենթարկել Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը՝ անդրադառնալով ազգային ինքնության ընկալմանը, Արցախի հայաթափմանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների վիճակին։ Նա իր գնահատականներով պնդել է, որ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը վտանգում է ազգային միասնականությունն ու հայկական ինքնության վրա խարսխված արժեհամակարգը։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ռուստամյանը նշել է, որ խաղաղությունը չի կարող հիմնվել միակողմանի զիջումների և ազգային իրավունքներից հրաժարվելու վրա։ Նրա համոզմամբ՝ կայուն և անշրջելի խաղաղության հիմքը ուժերի հավասարակշռությունն ու արդար կարգավորումն են։

«Այո, իհարկե, խաղաղությունն անհրաժեշտ է, բայց մեզ պետք է իրական, կայուն և անշրջելի խաղաղություն։ Իսկ խաղաղությունը կայուն է, երբ հաստատված է ուժերի հավասարակշռությամբ և անշրջելի է, երբ արդյունք է արդար կարգավորման»,- ընդգծել է նա։

Խոսելով Հայաստանի ինքնիշխանության և սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանությունների նախաձեռնությունների մասին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը դրանք ներկայացրել է որպես ազգային և պետական շահերի տեսանկյունից մտահոգիչ զարգացումներ։ Նա հատկապես կարևորել է Անկախության հռչակագրի և Հայաստանի Սահմանադրության միջև կապի պահպանման հարցը՝ ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը չի կարող փոխարինել գործող սահմանադրական կարգի հարգմանն ու գործադրմանը։

«Բարեփոխումների անհրաժեշտություն, իհարկե, միշտ էլ կա, բայց դրա համար անհրաժեշտ է ոչ թե սահմանադրությունը փոխել, այլ նախ և առաջ հարգել ու գործադրել, իսկ փոխել սահմանադրական կարգից դուրս գործող իշխանությանը»,- ասել է Արմեն Ռուստամյանը։

Ելույթի հաջորդ հատվածում նա անդրադարձել է հայության անվտանգության տեսլականին՝ նշելով, որ իրական անվտանգությունը չի կարող կախված լինել հակառակորդի բարեհաճությունից։ Այն, ըստ նրա, պետք է երաշխավորվի հայության հավաքական ուժերով և տարածաշրջանում հայկական գործոնի ու ինքնության պահպանմամբ շահագրգիռ դաշնակից երկրների աջակցությամբ։

Ռուստամյանն ընդգծել է, որ այս սերնդի պատմական առաքելությունն է հաղթահարել հայ ժողովրդի առջև ծառացած ինքնության և անվտանգության տագնապը՝ Հայաստանը վերածելով կենսունակ ազգային պետության, որը կծառայի ամբողջ ժողովրդին և ոչ թե մեկ անձի կամ վարչախմբի։

Անդրադառնալով Դաշնակցության հիմնադրման պատմական հանգամանքներին՝ նա հիշեցրել է 1890 թվականին հայ հեղափոխականների միավորման և Հայ Յեղափոխական Դաշնակցության ստեղծման մասին՝ զուգահեռ անցկացնելով ազգային համախմբման ներկայիս անհրաժեշտության հետ։ Նա կարևորել է նաև 451 թվականի Ավարայրի ճակատամարտի խորհուրդը՝ որպես հավատքի և հայրենիքի պաշտպանության համար մղված պայքարի պատմական խորհրդանիշ։

Իր խոսքի ավարտին Արմեն Ռուստամյանը կոչ է արել համախմբել Դաշնակցության շարքերը, համակիրներին և ազգային բոլոր ուժերին՝ համազգային նպատակների շուրջ։

«Մենք կարող ու պարտավոր ենք փոխել այն ամենը, ինչին այլևս հնարավոր չէ համակերպվել ու դիմանալ։ Համոզված ենք, որ անգամ երբ չի մնացել երկու ճար, միշտ խնդիրը գտել են հնար»,- ընդգծել է նա։

Ելույթն ամփոփելով՝ Ռուստամյանը հնչեցրել է հայ ժողովրդի առջև դրված մի շարք առաջնահերթություններ՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը, արցախահայության՝ հայրենի օջախներ վերադառնալու իրավունքը, Հայաստանի հայկականության պահպանումը և աշխարհում հայ մարդու արժանապատիվ ու հաղթական ներկայությունը։

«Մենք պետք է վերադարձնենք մեր գերիներին, բանտարկված Բաքվում, արցախցին պետք է վերադառնա իր տուն, Հայաստանը մնա հայկական, և հայը աշխարհում լինի արժանապատիվ ու հաղթական»,- եզրափակել է Արմեն Ռուստամյանը։

Ելույթն ավարտվել է «Կեցցե՛ Հայաստանը և հայությունը, կեցցե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» կոչով։