|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Իրանն օրինական թիրախ կհամարի աշխարհի ցանկացած կետում գտնվող այն օբյեկտները, որտեղից հարձակումներ կիրականացվեն Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին՝ ԱՄՆ-ին ու Իսրայելին նախազգուշացնելով ցանկացած թշնամական գործողության պատասխանելու Թեհրանի պատրաստակամության մասին, հաղորդում է Mehr-ը։
«Աշխարհի ցանկացած վայր, որտեղից հարձակում կգործվի Իրանի վրա, կհամարվի օրինական թիրախ։ Ցանկացած դիրք, որը սպառնալիք է ներկայացնում Իրանի համար, կդառնա մեր թիրախը», - հայտարարել է Հեյդարին՝ «Սրբազան պաշտպանության» և դիմադրության նյութերի ու արժեքների պահպանման և հրապարակման հիմնադրամի գործունեությանը նվիրված ցուցահանդես այցելելիս։
Գեներալը նաև նշել է, որ Իրանի զինված ուժերը լուրջ չեն վերաբերվում այն վերջնաժամկետներին, որոնք, նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանում է Իրանին նոր հարվածներ հասցնելու սպառնալիքների ֆոնին։
«Մեր զինված ուժերը լիովին պատրաստ են պատասխանել ցանկացած թշնամական քայլի», - ընդգծել է Հեյդարին։
Անդրադառնալով երկրի աշխարհաքաղաքական դիրքին՝ Հեյդարին Իրանն անվանել է ազդեցիկ պետություն, որի նշանակությունն ընդգրկում է տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտները։ Գեներալն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հորմուզի նեղուցին, որով անցնում է նավթի և գազի համաշխարհային մատակարարումների զգալի մասը։
«Իրանի աշխարհաքաղաքական դիրքն աննախադեպ է․ այն բացառիկ է և ազդեցություն ունի համաշխարհային մակարդակով։ Առանցքային կետը Հորմուզի նեղուցն է, որն իսլամական մարտիկների վճռականության ու հեղինակության շնորհիվ այժմ գտնվում է նրանց լիակատար վերահսկողության տակ», - հայտարարել է Հեյդարին։
Հեյդարին նաև նշել է, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են ուժերի համաշխարհային հավասարակշռության խորքային փոփոխության և ԱՄՆ-ի նախկին գերիշխանության թուլացման մասին։
Գեներալի խոսքով՝ իսլամական ղեկավարության առաջնորդությամբ իրանցի ժողովրդի դիմադրությունը երկրին թույլ է տվել նոր դիրք զբաղեցնել համաշխարհային ուժային համակարգում։ Հեյդարին դա անվանել է ներկայիս դիմակայության գլխավոր քաղաքական արդյունքներից մեկը։
Նա նաև հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքական պարտության մասին՝ պնդելով, որ երկու երկրների իշխող ուժերը չեն կարողացել ստանալ անհրաժեշտ հանրային աջակցությունը։ Նրա խոսքով՝ դա վկայում է, որ բնակչությունը չի ընդունում այդ պետությունների ղեկավարության վարած քաղաքականությունը։