Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
ՀՅԴ երիտասարդական-ուսանողական Համահայկական 12-րդ բանակումի ընդհանուր պատասխանատու, մանկավարժ Մհեր Գարագաշյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ թեև 12-րդ բանակումն անցավ մի իրավիճակում, երբ ՀՅԴ-ն իշխանությունների թիրախում է, եղան ձերբակալություններ, բայց այդպիսի գործողությունները նորություն չեն, և բանակումը հաջողությամբ ավարտել է աշխատանքները:
«Դաշնակցության նկատմամբ այս հալածանքները պարզ բացատրություն ունեն. Դաշնակցությունն առաջիններից է իր ազգային կեցվածքն ուժեղ կերպով արտահայտում: Մեր նպատակաուղղված գործունեությունը մեկ հիմնաքարի վրա է կերտված՝ ծառայել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, և ինքնաբերաբար, եթե ուզես հարվածել ժողովրդի ազգային շահերին, ինքնությանը, պետք է հարվածես Դաշնակցությանը: Շատ եմ լսել, որ Դաշնակցությունը մեր ժողովրդի իմունիտետն է. մենք այդ պարտականությունը մեզ վրա վերցրել ենք՝ առանց իմանալու, որ իմունիտետի դեր ունենք»,- ասաց նա:
Մհեր Գարագաշյանը կասկած չունի, որ իշխանությունների հարձակումը Եկեղեցու, Դաշնակցության և մյուս ազգային կառույցների և ուժերի դեմ Ալիևի հանձնարարության կատարումն է. «Ալիևի պատվերների ցուցակը երկար է, և այդ պատվերների մեջ անպայման կա հալածել, հարվածել ազգային արժեքներ ներկայացող և՛ կազմակերպություններին, և՛ հաստատություններին, իսկ իրենց դրվածքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին և Դաշնակցությունն ունեն համաշխարհային ցանց: Բնական է, որ առաջին հարվածները պետք է գնան այդ ուղղությամբ»:
Կանադահայ համայնքի ջախջախիչ մեծամասնությունը, նրա խոսքով, հասկանում է՝ ինչ են անում Հայաստանի իշխանությունները, և որտեղից է գալիս պատվերը.
«Ամեն շաբաթ մի նոր նյութ են հյուսում, և սա էլ է խաղի մասին. եթե ամեն շաբաթ կարող ես շեղել ժողովրդին՝ բուն վտանգից, ի վերջո հաջողում ես: Մեր աչքի առջև խոսվում է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին, կարծես արդեն ծրագիրը կա և պետք է նույնիսկ գործադրվի: Այսօր Սամվել Կարապետյանին է ձերբակալում, վաղը Եկեղեցու վերաբերյալ է հայտարարություն անում, որ՝ պետք է գնանք և հեռացնենք Վեհափառին, ամուսնացյալ քահանայի տեղապահ նշանակենք, ի՞նչ սև զավեշտ է սա: Նպատակը ժողովրդի հոգևոր, բարոյական, ազգային արժեհամակարգը ոչնչացնելն է»:
Նիկոլ Փաշինյանը, որին Ալիևն օրերս հերթական անգամ ծաղրեց, որևէ կերպ չի պատասխանում Ալիևին, փոխարենը՝ երկրի ներսում իրեն քննադատողների հետևից, օրինակ, իրավապահներին է ուղարկում, ինչպես դա եղավ Սամվել Կարապետյանի կամ Միքայել Սրբազանի դեպքում:
Մհեր Գարագաշյանը վերոնշյալը համեմատեց այն մարդկանց հետ, որոնք դրսում գլուխները կախ են քայլում, իսկ տան մեջ աքլորի դերի մեջ են. «Ճիշտ նույն վիճակն է: Թշնամին կարող է քեզ ծաղրել, պատեպատ զարկել, բերանդ չես բացում, բայց երկրի ներսում մահակն առած՝ այս կամ այն ընդդիմադրի ազատ խոսքին են խոչընդոտում: Եթե մահակի ժողովրդավարություն աշխարհում կա, ապա հենց դա է»:
Ալիևը հայտարարել էր, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» անցնելիս ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահների տեսնեն: Փաշինյանի խոսնակի մակարդակով եղավ պատասխան, որ դա թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչն ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչև այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին: Միևնույն ժամանակ, Փաշինյանն իր ասուլիսին փորձում էր ԱՄՆ-ին միջանցքի արտապատվիրակման հնարավորությունը համեմատել «Զվարթնոց» օդանավակայանի կամ «Հայփոստի»: դեպքերի հետ: Արդյո՞ք ԱՄՆ-ին 100 տարով միջանցք տալով է լուծելու այդ հարցը, որ ադրբեջանցիները հայ սահմանապահների չտեսնեն:
«100 տարով միջանցք կոչվածն արտապատվիրակելով՝ դու քո ինքնիշխանությունը, սուվերեն իրավունքները զիջում ես: Երբ Ալիևն ասում է, որ հայ սահմանապահի չպետք է տեսնի ճանապարհ կտրող ադրբեջանցին, դա ի՞նչ է նշանակում, որ ո՞ւմ տարածքն է դա: Ամերիկյան առաջարկը, որ ներկայացնում են շատ պրագմատիկ, և հանկարծ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ ցեղախմբային մտածելակերպը պետք է վերանա… Ամերիկյան կամ արևմտյան հենակետ կստեղծվի՝ ի հեճուկս Հայաստանի ժողովրդի: Եթե Աստված չանի, այդ սցենարն իրագործվի, Հայաստանը ոտքի տակ է գնալու: Ամերիկա-Իրան-Իսրայել եռանկյունու առաջին էպիզոդը տեսանք՝ ինչ վտանգավոր է, պատկերացրեցք՝ վաղը 10 անգամ եթե լինի, մենք կհայտնվենք խաչաձև կրակի միջև: Տուժողը մենք ենք լինելու»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: