կարևոր
3112 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 21:38
Քաղաքական

Երևանի ավագանու ընտրություններում քաղաքի մաքրումը պիտի սկսել նախ՝ քաղաքական աղբից, ընդ որում՝ այդպես ոչ միայն քաղաքը, այլև ողջ հանրապետությունը կմաքրվի մեծ աղբից

Երևանի ավագանու ընտրություններում քաղաքի մաքրումը պիտի սկսել նախ՝ քաղաքական աղբից, ընդ որում՝ այդպես ոչ միայն քաղաքը, այլև ողջ հանրապետությունը կմաքրվի մեծ աղբից

Երևանի ավագանու ընտրությունները որքան էլ ՏԻՄ ընտրություններ դիտարկվեն, ավելին են, քան ՏԻՄ ընտրությունները։ Ավագանու վերջին նիստը վկայում է, որ քպական իշխանությունն ուղղակի ջանք է թափում քաղաքային տնտեսության ժրաջան և արդյունավետ կառավարչի դեր ստանձնելով ցույց տալ, թե՝ առաջիկայում ինչեր ասես չի պատրաստվում իրականացնել հանուն Երևանի և երևանցու։

Խոստանում են՝ վթարային շենքերի բնակիչների խնդիրների լուծում, բոլոր համայնքներում այգիների հիմնում և բարեկարգում, տրանսպորտային խնդիրների համալիր լուծում, մետրոյի կայարաններ՝ մեկ և ավելի․․․ Ինչ վերաբերվում է ինքնակամ կառույցներին, ապա տպավորությունն այնպիսին էր, որ խոստացան ինքնակամներն արգելելով չարգելել․․․ Հիմա, պիտի հետևենք՝ այս ոլորտի վերաբերյալ հստակություն լինելու՞ է, այսինքն, պիտի ընդհանրական արգելելու քաղաքականությու՞ն որդեգրեն, թե՞ մոտեցումները քպական ԽԾԲ-ական մեթոդներով պիտի լինի։

Այն, որ իշխանության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմների կամ թիմի շրջանակն ամբողջացավ՝ աշխատակազմի նոր քարտուղարի ժ/պ-ի նշանակմամբ, պարզ է։ Պարզ է նաև, թե ինչու հենց հիմա տարբեր վարչություններում բազմաթիվ նոր հաստիքների կարիք զգացվեց։ Միայն թե՝ այս նշանակումից հետո օդում կախված հարց մնաց՝ չլինի՞ այնպես, որ աշխատակազմի ժ/պ Շավարշ Գրիգորյանի գլխին էլ Ավինյանի հետ կորոնայի դեմ պայքարում ներգրավված լինելը արժանացնի, ասենք, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի ճակատագրին։ Չէ, բայղուշություն չենք անում, ուղղակի ոլորտը նույնն է, համակարգողն էլ է նույնը։

Կասկադում ծառերի ջարդ իրականացնելուց և երևանցիներին ճապոնական սակուրաների բույրեր խոստանալուց հետո քաղաքային իշխանությունն անցավ Սայաթ -Նովա փողոցի ծառերը կոճղերի վերածելուն։ Առողջ ծառերի սպանդը քաղաքացիների զայրույթն առաջացրեց, բայց զարմանալիորեն նախկին բնապահպան ակտիվիստներից ծպտուն դուրս չեկավ, դե, գիտեք, նրանք այսօր իշխանության աջ ու ձախ կողքին կանգնած՝ աջակցում են ավելի կարևոր՝ աշխարհաքաղաքական հարցերում, հո ամեն ծառ ու թփի համար կռիվ չեն տալու, մանավանդ, դրա համար սորոսական վարձատրություն էլ չի տրվում։

Երեկվա ավագանու նիստում արդեն որերորդ անգամ քաղպայմանագիրը խոստացավ Երևանը մաքրել աղբից։

Իրականում Երևանի ավագանու ընտրություններում քաղաքի մաքրումը պիտի սկսել նախ՝ քաղաքական աղբից, միայն այդպես՝ ոչ միայն քաղաքը, այլև ողջ հանրապետությունը կմաքրվի մեծ աղբից։

Աղբյուրը՝  pastinfo.am