կարևոր
283 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-20 15:29
Հասարակություն

Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո»

Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո»

Կոտայքի մարզի Զովունի համայնքը երեկ ժամը 18։00-ից հոսանքազրկված է։ Տեղի բնակիչներն ահազանգում են «Փաստինֆո»-ին, որ ՀԷՑ-ից նրանց վստահեցրել են՝ մինչև օրվա վերջ էլեկտրաէներգիան կվերականգնվի, սակայն մինչ այս պահը ոչինչ էլ վերականգնված չէ, կաթվածահար է էլեկտրամատակարարումը։

ՀԷՑ-ի խոսնակ Լանա Մինասյանը մեզ հետ զրույցում հաստատել է տեղեկությունն ու նշել, որ հոսանքազրկվել են շուրջ 50-60 բաժանորդներ։ Մեզ ահազանգած բնակիչները նշում են, որ հարակից գյուղերում եւս անջատումներ են։

«Երեկ գիշեր Զովունի գյուղի մեկ ենթակայանում տեղի է ունեցել վթարային անջատում, որի հետևանքով հոսանքազրկվել են շուրջ 50-60 բաժանորդր: Ողջ գիշեր տեղում իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ»,-նշել է նա։

Վթարային անջատմանը հաջորդել է պլանայինը։ Խոսնակը նշում է, որ այսօր էլ պլանային անջատման շրջանակում իրականացվում են 0.4 ԿՎ օդային գծերի տեղափոխման աշխատանքներ դեպի նոր տեղադրված լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան։
ՀԷՑ-ի օպերատորներն էլ փոխանցում են, որ ստորգետնյա մալուխներ կան վնասված, հերթով աշխատելով վերանորոգում են մասնագետները, մինչև ժամը 14։00-ն աշխատելու են։
«Ժամը երկուսից հետո, եթե բարդություններ չառաջացան, պահեն միացումենրը, ուրեմն լույս կլինի»,-հավելել են օպերատորները։

Նկատենք, որ ավելի քան 4 ժամ բաժանորդին էլեկտրաէներգիա չմատակարարելու դեպքում ՀԷՑ-ը պարտավոր է փոխհատուցել։