կարևոր
1039 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-20 14:26
Իրավական

ԶԱՊ-ն ու «Օշականցի Գևորիկը» տնային կալանքում կլինեն․ 20-ական միլիոն դրամ գրավ է կիրառվել․ «Հրապարակ»

ԶԱՊ-ն ու «Օշականցի Գևորիկը» տնային կալանքում կլինեն․ 20-ական միլիոն դրամ գրավ է կիրառվել․ «Հրապարակ»

Դատարանի որոշմամբ երեկ կալանքից ազատ արձակվեցին «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ հայտնի ԶԱՊ մականունով, և Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գևորիկը»։ Նրանք դատարանի դահլիճից դուրս եկան՝ իրենց նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխությունից հետո։ Երեկ հայտնի էր դարձել, որ դատարանը երկուսի նկատմամբ էլ տնային կալանք է սահմանել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ բացի տնային կալանքից, դատարանը կիրառել է նաեւ բացակայելու արգելք եւ գրավ՝ յուրաքանչյուրի նկատմամբ 20 միլիոն դրամի չափով։

Նշենք, որ բացի 2 գողականներից, գործով անցնում է նաեւ Զապ-ի նախկին փեսան՝ Էդգար Մուրադյանը, որի կալանքը դատարանն օրեր առաջ փոխել էր վարչական հսկողության։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Էդգար Մուրադյանը գնացել է բժշկական կենտրոն՝ նախկին կնոջից (Զապի դուստրն է) ունեցած երեխային տեսակցելու։ Բժշկական անձնակազմը թույլ չի տվել, վիճաբանություն է սկսվել։

Նույն օրը, ըստ Քննչական կոմիտեի, միջադեպի մասին տեղեկացել է Մուրադյանի նախկին կնոջ հայրը՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, որը դիմել է Գեւորգ Մելիքյանին՝ Օշականցի Գեւորիկին, խնդրելով «հարցը կարգավորել»։

Օշականցի Գեւորիկը մի խումբ անձանց հետ գնացել է բժշկական կենտրոն, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել Էդգար Մուրադյանի եւ նրան ուղեկցողների հետ։ 3 անձ կալանավորվել էր, Զապին մեղադրանք էր առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակի հետ կապված հոդվածով, Օշականցի Գեւորիկին՝ նույն հոդվածով եւ խմբով խուլիգանության համար, Էդգար Մուրադյանին՝ նույնպես խմբով խուլիգանության համար։