կարևոր
931 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-20 20:26
Աշխարհ

Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին

Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ գիշերային զանգվածային հարվածի ժամանակ Լեհաստանի տարածքում ընկել է ռուսական երկու հրթիռ և, ենթադրաբար, ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նրա խոսքով՝ տուժածներ չկան, հաղորդումներ չեն ստացվել կարևոր ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։

Նախարարի տեղեկացմամբ՝ Х-101 հրթիռն ընկել է Նովի Լիպովեցում, մյուս հրթիռը՝ Ռուդնիկ-Նադ-Սանեմում, իսկ Մոլոդիչ բնակավայրում ընկել է, ենթադրաբար, ռեակտիվ շարժիչով ԱԹՍ։

Կոսինյակ-Կամիշը Ուկրաինայի ուղղությամբ գիշերային հարձակումն անվանել է պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածայիններից մեկը, իսկ Լեհաստանի օդային տարածքի խախտումը՝ «Ռուսաստանի հերթական սադրանք»։

Միաժամանակ Նովա Դեմբայում՝ այն շրջանի հարևանությամբ, որտեղ գործողություններ են իրականացրել Լեհաստանի ռազմաօդային ուժերը, նախատեսված էին Ուկրաինային աջակցող երկրների՝ այսպես կոչված «Կամեցողների կոալիցիայի» զորավարժությունները։

«Թե՛ զորավարժությունները, թե՛ դրանցում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Բալթյան երկրների պաշտպանության նախարարների, ինչպես նաև ութ գլխավոր շտաբների պետերի, այդ թվում՝ մեր առանցքային դաշնակից երկրների ներկայացուցիչների ներկայությունը հիմք են տալիս ենթադրելու, որ այս իրադարձությունները պատահականորեն չեն համընկել», – ասել է Կոսինյակ-Կամիշը։

Նույն մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ Իրենեուշ Նովակը հայտնել է, որ լեհ զինվորականները երկրի սահմանին արձանագրել են 11 օբյեկտ, որոնք կարող էին մուտք գործել երկրի օդային տարածք։ Ի վերջո, դրանցից երեքը հատել են սահմանը։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրավիրել էր կառավարության արտահերթ նիստ՝ հայտնելով երկրի օդային տարածքի խախտման մասին։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Լեհաստանը մի քանի անգամ հայտնել է, որ հրթիռներ կամ այլ թռչող սարքեր են մուտք գործել իր օդային տարածք կամ ընկել երկրի տարածքում։