կարևոր
3583 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-20 19:58
Աշխարհ

Շոյգուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացումը

Շոյգուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացումը

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանհալի Տասմագամբետովի հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ «ուժային պոտենցիալի կատարելագործման» հարցերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման եւ նրա ուժային պոտենցիալի կատարելագործման արդիական հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շոյգուն շնորհավորել է Տասմագամբետովին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ նոր գլխավոր քարտուղարի փորձը կծառայի ՀԱՊԿ-ի հեղինակության էլ ավելի ամրապնդմանը ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետությունում։

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին հանդիպման համար։

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցյալ շաբաթ այցելեցի Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Առաջին հերթին՝ ստորագրեցինք Հավաքական անվտանգության խորհրդի անցյալ տարվա նոյեմբերյան որոշումների կատարման միջոցառումների ծրագիրը»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։