կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-02 15:15
Քաղաքական

Գովերգե՞լ, թե՞ չգովերգել ռազմական իշխանությանը

Գովերգե՞լ, թե՞ չգովերգել ռազմական իշխանությանը

Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը: Հարակից զեկուցմամբ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նա նշեց, որ համաձայնագիրը կնքվել է ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, որը հնարավորություն է տալիս իր իսկ կողմից սահմանված արտաոնյալ վարկով իրենից ռազմական տեխնիկա գնել: Դա, ըստ պատգամավորի, կնպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռությանը, Ադրբեջանի ռազմական հռետորաբանության նվազեցմանը, ուստի օգտակար համաձայնագիր է:

Պատգամավորը նաև արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քննադատություններին` նրան կոչ անելով լինել չափավոր ու զուսպ գնահատականներ հնչեցնելիս, քանզի ՀՀ բարձրագույն իշխանությունը և պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում են այնպիսի անձինք, ովքեր անցել են պատերազմի բովով, կերտել են հաղթանակ, ունեն հպարտության բավարար չափ՝ որևէ մեկի մոտ չստորանալու համար:

Շիրակ Թորոսյանին հարց ուղղեց Զարուհի Փոստանջյանը. «Սրանից հետո, երբ Ռուսաստանը նորից թանկարժեք զենք մատակարարի Ադրբեջանին, ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը: Դրա մասին Ձեր գովերգած իշխանությունը նորից պետք է լռի՞, թե՞ կարձագանքի, ու հետագայում նորից վարկ կվերցնի, հա՞, Ռուսաստանից»:

Շիրակ Թորոսյանը պատասխանեց, որ ինքը մտադիր չէ գովերգել որևէ մեկին, ընդամենը կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և անտեղի հայտարարություններ չանել: