կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-18 19:05
Քաղաքական

Փող մնա՞ց

Փող մնա՞ց

Կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից 985մլն դրամ հատկացնել…չէ` մոծակների դեմ պայքարի համար չէ, այլ` Վազգեն Սարգսյան փողոցի` կառավարության համար 3 շենքի կահավորման համար: Դե, այսինքն բացի, իհարկե, շենքի արտաքին կահավորումից/հավանաբար/ նաեւ սեղաններ, աթոռներ, պահարաններ, կին նախարարների համար` տրիմոներ ձեռք բերելու համար, ինչը, սակայն, բոլոր նախարարությունների համար կարելի է ձեռք բերել, քանի որ չես կարող ասել, թե վաղն ովքեր կգլխավորեն այդ նախարարությունները, բացի այդ, տղամարդ նախարարներին էլ չի խանգարի երբեմն իրենց նայել հայելու մեջ:

Մի խոսքով կառավարությունում շուտով նոր կահույք են ստանալու, ու առհասարակ քանի կա կառավարության պահուստային ֆոնդը, կառավարության սենյակները կահույք են ունենալու:

Ի դեպ, պահուստային ֆոնդի մասին: Բառը` «պահուստային», արդեն իսկ հուշում է այն, որ այս ֆոնդը` ըստ էության անձեռնմխելի է, նեղ օրվա համար: Ենթադրենք, եթե Աստված չանի, Ադրբեջանը որոշի պատերազմը վերսկսել, հիմնականում հենց այս` կառավարության պահուստային ֆոնդի շնորհիվ պետք է ապրենք: Կամ, ենթադրենք, բնական աղետների, այլ համապետական նշանակություն ունեցող անկանխատեսելի միջադեպերի պարագայում հենց այս` կառավարության պահուստային ֆոնդը պետք է բացվի:

 Այսինքն, օրինակ, առողջապահության նախարարը չի կարող կառավարության պահուստային ֆոնդից մի քանի միլիոն քեշ փող վերցնել, ենթադրենք, իրեն նոր կոստյում գնելու համար: Կոնկրետ այս նախարարը, սակայն, կարող է, իհակե այս ֆոնդից փող վերցնել, բայց, եթե այն ուղղի օրինակ՝ սահմանամերձ ինչ-որ գյուղի հիվանդանոցի համար ինչ-որ բժշկական կարեւոր սարքավորում ձեռք բերելուն, այն էլ, եթե ապացուցի, որ այդ սարքավորումը այդ հիվանդանոցին եւ գյուղի բնակիչներին անչափ պետք են:

Այսինքն, կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կառավարության մասնաշենքներից մեկը կահավորելը նույնն է, թե այդ ֆոնդից տրանսպորտի եւ կապի նախարարին ամեն օր 200 դրամ տալ` տրանսպորտով գործի գալու եւ տուն վերադառնալու համար:

Իմիջիայլոց, ինչու՞ է հենց 985 մլն դրամ հատկացվելու կառավարության նոր շենքը կահավորելու նպատակով: Օրինակ Ջերմուկի մոծակների դեմ պայքարի վեհ գործում նույն ֆոնդից հատկացվելու է 15մլն դրամ, ուրեմն կարելի է կառավարության շենքի կահավորման նպատակով կլոր 1մլրդ դրամ տրամադրել, որից` 985մլն-ը շենքը կահավորելու, իսկ 15մլն-ը՝ այնտեղ մոծակների դեմ պայքարելու նպատակով:

Գուցե պահուստային ֆոնդում արդեն այդքան գումար չի՞ մնացել, իսկ որքա՞ն է մնացել, ավելի ճիշտ` մնացե՞լ է…

Հովիկ Աֆյան