կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-27 15:14
Հասարակություն

Շարմազանովի խորհուրդը` Թուրքիային

Շարմազանովի խորհուրդը` Թուրքիային

Ermenihaber.am կայքը գրել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն դժգոհել է, որ Հայաստանը չի արձագանքում Թուրքիայի դրական ուղերձներին:

 

Հարցին, թե որո՞նք են Թուրքիայի դրական ուղերձները, եւ ինչո՞ւ Հայաստանը չի պատասխանում դրանց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողցների հետ զրույցում ասաց. «Ի՞նչ է նշանակում`Հայաստանը չի արձագանքում իրենց դրական ուղերձներին: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի` դրակա՞ն է Հայաստանի շրջափակումը, Եվրոպայի միակ փակ սահմանը պահելը, ուլտիմատումներ եւ շանտաժներ անելը, ԼՂՀ հիմնահարցը նախապայման առաջադրելը հայ-թուրքական հարաբերությւոններում, ժխտողականության քաղաքականությունը, 301 հոդված ունենալը, դեպի միջնադար գնալը… Ես չեմ զարմանում, որ Թուրքիան շարունակում է ոչ միայն ժխտողականության, այլև ստի ու կեղծիքի քաղաքականությունը»:

 

Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ սուտն ու կեղծիքը եղել են հիտլերյան Գերմանիայի` դոկտոր Գեբելսի քաղաքականության ու քարոզչության հիմքում. «Նրանք առաջնորդվում էին հին հռոմեական սկզբունքով`որպեսզի սուտդ ավելի համոզիչ լինի, հորինիր ավելի մեծ սուտ եւ անընդհատ կրկնիր այն: Թուրքերը գնում են այդ ճանապարհով, որը որեւէ տեղ չտանող ճանապարհ է: Բոլորին էլ պարզ է, որ եթե խոչընդոտ կա, եթե տարածաշրջանի անվտանգությունը սպառնալիքի տակ է, եթե կա պետություն, որը չի իրականացնում միջազգայնորեն դրված պարտավորությունները, դա Թուրքիան է եւ նրա հովանավորյալ Ադրբեջանը»:

 

ԱԺ փոխնախագահի խոսքով` Թուրքիան ճիշտ կանի, որ դադարեցնի «աշխարհի աչքերին թոզ փչելու» քաղաքականությունը, մանավանդ` 2015-ին` Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, քանի որ չի հաջողելու թուլացնել այն ամենը, ինչ նախատեսում են անել ՀՀ-ն եւ հայկական Սփյուռքը: