կարևոր
2329 դիտում, 10 ժամ առաջ - 2025-08-01 23:47
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու շանսեր գրեթե չունի․ Ռոբերտ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու շանսեր գրեթե չունի․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026թ․ խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու շանսեր գրեթե չունի։ Այսօր «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ընտրողների մի զանգվածի վրա շարունակում է ազդեցություն ունենալ, բայց փաստ է նաև այն, որ նրանց թիվը շեշտակի նվազել է։ Փաշինյանի վարկանիշի անկումը թրենդի մեջ է, ինքը գրեթե շանս չունի վերարտադրվելու»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում հնարավոր չէ ասել, որ ընդդիմադիր դաշտում ամեն ինչ իդեալական է։ Այստեղ էլ կա ուժեղ մրցակցություն, և այն միշտ չէ, որ առողջ է։

Ըստ նրա՝ խոսակցությունները հիմնականում այնպիսի հարցերի շուրջ են, ինչպիսիք են փողոցային պայքարը, իմպիչմենտը։

Ինչ վերաբերում է իր ղեկավարած ուժին, ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ իրենք միշտ ակտիվ են լինելու և դերակատարություն են ունենալու թե՛ ընտրություններում, թե՛ փողոցային պայքարում։

Հավելենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026թ–ի հունիսին։