կարևոր
2446 դիտում, 10 ժամ առաջ - 2025-08-01 23:57
Քաղաքական

Ադրբեջանին և Թուրքիային զսպելու հնարավորություն ունի միայն Ռուսաստանը․ Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանին և Թուրքիային զսպելու հնարավորություն ունի միայն Ռուսաստանը․ Ռոբերտ Քոչարյան

Միակ երկիրը, որն այս տարածաշրջանում ունի կենսական շահեր և ուժ՝ զսպելու Ադրբեջանին և Թուրքիային, Ռուսաստանն է։ «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ոնց գլոբուսը պտտում եք, հողի վրա միայն մի երկիր ունի այդ հնարավորությունը՝ Ռուսաստանը։ Մակրոնն ու Ֆրանսիան չեն հաստատ, այստեղ կենսական շահեր չունեն, Ֆրանսիայի բանակը 200 հազար մարդ է, որից մարտական պատրաստվածություն մի 50 հազար մարդ ունի, էդքանն էլ չկա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հմուտ ղեկավարը նման իրավիճակում ամեն ինչ կաներ՝ փորձելով այնպիսի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, որ սպառնալիքները զսպելու հնարավորություններն աշխատեին Հայաստանի Հանրապետության օգտին։ Իսկ ՀՀ ղեկավարությունն այսօր թշնամանում է Ռուսաստանի հետ և փորձում բարեկամանալ այն երկրների հետ, որոնք ուղիղ սպառնալիք են ՀՀ-ի համար։

«Հիմա սա ողջամտության հետ որևէ առնչություն ունի՞, թե՞ չունի․ այսպես միջազգային հարաբերությունները չեն աշխատում»,- ասաց Քոչարյանը։

Շեշտեց՝ պետք չէ թշնամանալ Թուրքիայի հետ, պետք է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, բայց նաև պետք է կարողանալ զսպել նրանց ախորժակը Հայաստանի նկատմամբ։ Իսկ զսպման հնարավորությունն ունի միայն Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին՝ կարծում է, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ն նման զսպման ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ ցանկություն ունի։

«Հարավային Կովկասի նկատմամբ առնվազն 250 տարի մրցակցություն է Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Այդ մրցակցությունը մի քանի անգամ վերածվել է պատերազմի, հետո էլի խաղաղություն, էլի պատերազմ, բայց բան չի փոխվել ու չի էլ փոխվելու»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե Ռուսաստանն այսօր ջլատված է Ուկրաինայի հետ պատերազմում, Քոչարյանն ասաց՝ նրանք, ովքեր նման բան են ասում, ուրեմն ոչինչ չեն հասկանում։

«Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմի արդյունքում դարձավ օրակարգ թելադրող երկրներից մեկը։ Այսօր Ռուսաստանը դարձել է թոփ 3 աշխարհաքաղաքական խաղացողներից, նաև ամենամարտունակ բանակ ունեցողն է։ Եթե ՀՀ ներկա ղեկավարությունը դա չի հասկանում, աշխարհաքաղաքական տգիտության նշան է»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հաստատուն կլինի այն ժամանակ, երբ թիկունքում ունես զսպող հնարավորություններ, երաշխիքներ։ Շեշտեց՝ Հայաստանին պետք է իրական խաղաղություն, այլ ոչ թե խաղաղության իմիտացիա։ ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ հայոց բանակը հզորացնելով կարող ենք զսպել Ադրբեջանին, բայց Թուրքիային կամ թուրք-ադրբեջանական տանդեմը զսպել միայնակ չենք կարող։