կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 09:09
Հասարակություն

Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ»

Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրիստինա Թաթարյանը եւս, ԿԳՄՍ փոխնախարար նշանակվելուց առաջ, ինչպես բոլոր կադրերը, ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել: Մեր աղբյուրն ասում է, որ բացահայտվել են շահերի բախման պոտենցիալ փաստեր։ Նրա քույրը՝ Սոնյա Թաթարյանը, վերլուծաբան է աշխատում ամերիկյան Black Rock ընկերության ստորաբաժնում, որը պատասխանատու է ինստիտուցիոնալ հաճախորդների հետ փոխգործակցության համար։

ԱԱԾ-ն մատնանշել է Black Rock-ի ներգրավվածությունը TRIPP նախագծում եւ Թաթարյան ընտանիքի միջոցով կառավարությունում օտարերկրյա շահերի հնարավոր լոբբինգը։ Նաեւ շեշտել է այն, որ Ք․ Թաթարյանի ամուսինը՝ Տիգրան Գասպարյանը, զբաղեցնում է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը։

Բացի այդ, Ք. Թաթարյանի հայրը՝ Արման Թաթարյանը, Ուկրաինայում խոշոր գործարար է՝ մի քանի ընկերության սեփականատեր, ինչպիսիք են «Առնո սպորտը», «Դետատը», «Բիզնես Հաուզ Ուկրաինան», «Ռեմա Ուկրաինան» եւ «Բիոպրո Ուկրաինան»։ Ընդ որում, «Առնո սպորտն» ուկրաինական Delta Sport խանութների ցանցի օպերատորն է։

Զեկույցում ԱԱԾ-ն մատնանշել է ԿԳՄՍՆ-ի կողմից սպորտային ապրանքների գնման ժամանակ կոռուպցիոն սխեմաների առաջացման հնարավոր ռիսկերը։ Նաեւ նախազգուշացրել են, որ Թաթարյան ընտանիքի աջակցությունն Ուկրաինայի դիրքորոշմանը` Ռուսաստանի հետ պատերազմում, կարող է դառնալ Մոսկվայի կողմից ճնշման հերթական առիթ։ Սակայն այս զգուշացումները դեր չեն խաղացել՝ նա նշանակվել է փոխնախարարի պաշտոնում: