կարևոր
580 դիտում, 56 րոպե առաջ - 2026-10-08 13:08
Աշխարհ

ՌԴ Անվտանգության խորհրդում հայտարարել են, որ ՀՀ-ում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել ՌԴ-ի դեմ

ՌԴ Անվտանգության խորհրդում հայտարարել են, որ ՀՀ-ում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել ՌԴ-ի դեմ

Հայաստանի Հրազդան քաղաքում «Firebird AI» ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով հետախուզական տվյալների հավաքագրման համար, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի դեմ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ», — ասել է Շևցովը, որի խոսքերը մեջբերվել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նա նշել է, որ «Firebird» ընկերությունը ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը, և ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ունենալ ընկերության սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։

«Սա նշանակում է, որ Հայաստանի պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», — հայտարարել է Շևցովը։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հիշեցրել է, որ օգոստոսի սկզբին Հրազդանում բացվել է «Firebird AI» ընկերության տվյալների կենտրոնը, որն աշխատում է Nvidia-ի պրոցեսորներով։ «Հայտարարվում է, որ մինչև 2027 թվականի վերջը ընկերությունը մտադիր է Հրազդանի համալիրի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի, ինչը կազմում է Հայաստանի էներգահամակարգի ձմեռային ժամանակահատվածի պիկային բեռնվածության (1,3 ԳՎտ) գրեթե մեկ քառորդը», — հայտնել է նա։

«Հաշվի առնելով հայտարարված ծրագրերը՝ կենտրոնի աշխատանքը ապահովելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ էներգետիկ հզորություններ», — նշել է Շևցովը։

Նա նաև ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պատճառով Հայաստանը քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը։

«Հաշվի առնելով աճող պահանջարկը, այդ թվում՝ տվյալների կենտրոնի հզորության ընդլայնումը, Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ պակասի, որն անխուսափելիորեն կանդրադառնա շարքային քաղաքացիների վրա», — հայտարարել է Շևցովը։