կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 18:27
Հասարակություն Քաղաքական

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ:

«Սիրելի՛ էջմիածինցիներ, շնորհավորում ենք բոլորիս Սուրբ Էջմիածնի՝ մեր հոգևոր մայրաքաղաքի տոնի առթիվ:

Դարեր շարունակ Էջմիածինը եղել է հայ ժողովրդի կրթության ու հոգևոր դաստիարակության, ազգային մտքի և մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը։

Այստեղ են պահպանվել ու սերնդեսերունդ փոխանցվել մեր ժողովրդի հոգևոր և ազգային արժեքները։

Այսօր Սուրբ Էջմիածինն ու Հայ Առաքելական Եկեղեցին հարձակումների են ենթարկվում թե՛ դրսից, թե՛ ներսից։

Դրսից` Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է ստի և ագրեսիայի միջոցով փորձում թուլացնել Հայոց Եկեղեցին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցավոք, նույնպես հարձակումներ է գործում Եկեղեցու դեմ՝ փորձելով թուլացնել այն ներսից։

«Ուժեղ Հայաստանը» հետևողական քայլեր է ձեռնարկում մեր ազգային ինքնությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անկախությունը պաշտպանելու ուղղությամբ։

Ազգային դիմագծի պահպանումն ու ամրապնդումը Ուժեղ Հայաստան կառուցելու մեր տեսլականի առանցքային բաղադրիչներից են։

Դարեր շարունակ, անգամ պետականության բացակայության պայմաններում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է այն համախմբող ուժը, որը պահպանել է մեր լեզուն, մշակույթը, հավատքն ու ազգային ոգին։

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը։ Սուրբ Էջմիածինն իր դարավոր պատմությամբ և հարուստ հոգևոր ժառանգությամբ եղել և մնալու է մեր միասնության, արժանապատվության և տոկունության խորհրդանիշը։

Մաղթում ենք Սուրբ Էջմիածնին և մեր ողջ ժողովրդին անսասան հավատք, ուժ և միասնականություն»,- նշված է հայտարարության մեջ։