կարևոր
364 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-23 12:35
Քաղաքական Տարածաշրջան

Իրանը վստահում է ՀՀ-ին, սակայն երրորդ կողմերին չի վստահում և ուշադիր հետևելու է TRIPP-ի շուրջ զարգացումներին․ Իրանի ԱԳՆ

Իրանը վստահում է ՀՀ-ին, սակայն երրորդ կողմերին չի վստահում և ուշադիր հետևելու է TRIPP-ի շուրջ զարգացումներին․ Իրանի ԱԳՆ

Իրանի սահմանների մոտ ցանկացած օտարերկրյա զինվորականների և անվտանգության ուժերի ներկայությունն անընդունելի է, և հայկական կողմը Թեհրանին այս հարցում անհրաժեշտ հավաստիացումներ է տվել։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընդգծվել է, որ Իրանի սահմանների մոտ որևէ ռազմական ուժ կամ անվտանգության ուժ անընդունելի է։ Հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները»,- նշել է նա ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավորությունը։

Բաղայիի խոսքով՝ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և երկու երկրների միջև հաստատվել է լավ վստահություն, սակայն երրորդ կողմերին Թեհրանը չի վստահում և ուշադիր հետևելու է իրադարձությունների զարգացմանը։

Նոյեմբերի 9-ին Բաղային հայտնել էր, որ Երևանը հավաստիացրել է Թեհրանին, որ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող «Թրամփի երթուղին» չի հանգեցնի սահմանների փոփոխության, իսկ ամերիկացի զինվորականներ այնտեղ չեն տեղակայվի։