|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, թուրք–ադրբեջանական ահաբեկչական տանդեմը սանձազերծեց լայնածավալ և նախապես մանրակրկիտ ծրագրավորված պատերազմ Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմը ուներ ոչ միայն ռազմական, այլև հստակ ցեղասպանական բնույթ՝ նպատակ ունենալով ոչնչացնելու արցախահայության ֆիզիկական գոյությունը և վերացնելու նրա բազմադարյա մշակութային ներկայությունը հայրենի հողում։
Պատերազմի հենց առաջին րոպեներից Բաքվի բռնապետական վարչակարգի զինված ուժերը թիրախավորեցին քաղաքացիական բնակչությանը, բնակավայրերը, կենսական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանը ոչ թե պատերազմում էր հայկական բանակի զինվորականների դեմ, այլ պայքարում էր հայկական ինքնության և հիշողության դեմ։ Այդ քաղաքականությունը, իր էությամբ, ուղղված էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի դեմ՝ որպես քաղաքակրթական ու մշակութային արժեհամակարգի կրողի։
Արցախի դեմ սանձազերծված պատերազմը պետք է դիտարկել ոչ միայն որպես տարածքային կամ ռազմական հակամարտություն, այլև որպես ինքնության ոչնչացման նպատակաուղղված քաղաքականություն։ Երբ ռազմական գործողություններին զուգահեռ թիրախավորվում են եկեղեցիները, գերեզմանատները, խաչքարերը, հուշարձանները, պատմական բնակավայրերը և հայկական մշակութային հետքը, ակնհայտ է դառնում, որ թիրախը միայն տարածքը չէ․ թիրախը տվյալ տարածքի պատմական հիշողությունն ու բնիկ ժողովրդի ինքնությունն են։
Այս հանցավոր քաղաքականության ամենաընդգծված դրսևորումներից էր 2020 թվականի հոկտեմբերի 8-ին իրականացված հարձակումն ընդդեմ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու (Տիգրանյան Ա., Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման դեպքի քննություն, https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/09/09-Մշակույթ-2022-2.pdf ) ։ Ադրբեջանական զինուժը գերճշգրիտ զինատեսակներով նույն օրը երկու անգամ հարվածեց այդ սրբավայրին՝ լիովին գիտակցելով, որ հարվածում է ոչ թե ռազմական թիրախի, այլ հոգևոր կենտրոնի։ Ավելին՝ այդ պատերազմական հանցագործության հետևանքով վիրավորվել են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ (https://hayeli.am/?p=609311&l=am): Սա բացահայտ հանցագործություն էր՝ ոչ միայն ընդդեմ հայկական մշակույթի, այլև՝ համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի։
Այստեղ պետք է արձանագրել մի կարևոր հանգամանք․ մշակութային ժառանգության դիտավորյալ թիրախավորումը չի կարող ներկայացվել որպես պատերազմի «ուղեկցող հետևանք» կամ պատահական վնաս։ Երբ նույն մշակութային և հոգևոր արժեքների նկատմամբ հարձակումները կրկնվում են համակարգված կերպով, դրանք վկայում են ոչ թե պատահականության, այլ քաղաքական որոշման և նպատակային գործողությունների մասին։
Ադրբեջանի իշխանությունների նպատակը պարզ էր. ոչնչացնել համաշխարհային արժեք ներկայացնող հայկական սրբավայրերը, ջնջել հայկական հետքը Շուշիում և ընդհանրապես Արցախում։ Շուշիի բռնազավթումից հետո Բաքվի բռնապետական վարչակարգը ձեռնարկեց կեղծ «վերականգնման» աշխատանքներ (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիի-սուրբ-ամենափրկիչ-եկեղեցին՝-այ/), որոնք իրականում նպատակ ունեին աղավաղելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետական կերպարը՝ փոխելով պատմական տեսքն ու հայկական ինքնությունը։ Այսպես կոչված «վերականգնումը» Ադրբեջանի մշակութային ցեղասպանության ծրագրի բաղկացուցիչ մասն էր՝ ուղղված հայկական մշակույթի յուրացմանն ու կեղծ պատմական պատկերի ստեղծմանը։
Ադրբեջանի կողմից «վերականգնում» անվանվող գործընթացը չի կարող միջազգային հանրության կողմից ընդունվել որպես մշակութային ժառանգության պահպանություն, եթե դրա հիմքում դրված է տվյալ հուշարձանի հայկական ինքնության, պատմական շերտերի և սկզբնական ճարտարապետական կերպարի վերացումը։ Հուշարձանի ֆիզիկական պահպանությունը չի կարող օգտագործվել նրա ինքնությունը վերացնելու և պատմությունը վերաշարադրելու նպատակով։
Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության հանցավոր լռության պայմաններում։ ԵԱՀԿ-ն, Եվրոպական միությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մի շարք այլ կառույցներ սահմանափակվեցին արարողակարգային բնույթի հայտարարություններով՝ չցուցաբերելով որևէ իրական կամք՝ կանխելու պատերազմական և մշակութային հանցագործությունները։ Այդ լռությունը, այդ կեղծ «չեզոքությունը», փաստացի դարձավ կանաչ լույս Բաքվի համար՝ շարունակելու իր պատերազմական հանցագործությունները։
Միջազգային կազմակերպությունների համար այլևս բավարար չէ «մտահոգություն հայտնելը»։ Մշակութային ժառանգության ոչնչացման մասին հայտարարությունները, առանց փաստացի կանխարգելիչ և պատասխանատվության մեխանիզմների կիրառման, վերածվում են դատարկ ձևակերպումների։ Միջազգային իրավունքը չի կարող գործել ընտրովի՝ մի դեպքում պահանջելով անհապաղ պատասխանատվություն, իսկ մյուս դեպքում սահմանափակվելով հերթական «մտահոգությամբ»։
Միջազգային հանրության անգործությունն ու երկակի ստանդարտները վերածվեցին անպատժելիության մեխանիզմի, որը, իր հերթին, նոր հանցագործությունների համար պարարտ հող ստեղծեց: Եթե միջազգային կառույցները 2020 թվականի պատերազմից հետո գործեին համարժեք կերպով, եթե Ադրբեջանը ենթարկվեր պատասխանատվության՝ իր կողմից իրականացված հանցագործությունների համար, ապա չէր լինի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հերթական պատերազմը։
Անպատժելիությունը երբեք չի լինում չեզոք դիրքորոշում։ Այն ազդանշան է հանցագործություն իրականացնողին, որ իր գործողությունների համար իրական գին չի վճարելու։ 2020 թվականից հետո այդ ազդանշանը Բաքուն ստացավ և այն վերածեց նոր ագրեսիայի, նոր բռնի տեղահանության և մշակութային ժառանգության դեմ նոր հարձակումների։
Այդ օրը Ադրբեջանը իրականացրեց Արցախի դեմ նոր ագրեսիա, որն ավարտվեց տարածաշրջանի լիակատար բռնազավթմամբ։ Արցախահայության նկատմամբ իրականացվեց զանգվածային բռնի տեղահանում՝ իր բնույթով ցեղասպանական ակտ, իսկ պատմական հայկական տարածքում մեկնարկեց մշակութային ցեղասպանության աննախադեպ փուլ։ Հայկական եկեղեցիներն ու վանքերը, խաչքարերն ու գերեզմանատները կամ ոչնչացվում են, կամ «վերակառուցվում» ադրբեջանական ձևով՝ նպատակ ունենալով ջնջելու հայկական ինքնության վերջին հետքերը։
Միջազգային հանրության լռությունն այս ամենի նկատմամբ այլևս չեզոքություն չէ. այն հանցակցություն է հանցագործությանը։ Երբ միջազգային կառույցները չեն արձագանքում, չեն պահանջում պատասխանատվություն, չեն կիրառում պատժամիջոցներ և շարունակում են քաղաքական շողոքորթությունը Բաքվի նկատմամբ, նրանք դառնում են նույն հանցագործության հանցակիցը։
Հատկապես անընդունելի է այն իրավիճակը, երբ միջազգային հանրությունը մի կողմից խոսում է մշակութային բազմազանության, կրոնական հանդուրժողականության և մշակութային ժառանգության պաշտպանության մասին, իսկ մյուս կողմից փաստացի անտեսում է հայկական ժառանգության ոչնչացման համակարգված գործընթացը։ Այդպիսի երկակի մոտեցումը ոչ միայն արժեզրկում է միջազգային իրավունքի հեղինակությունը, այլև խարխլում է ամբողջ միջազգային մշակութային պաշտպանության համակարգի վստահելիությունը։
Անպատժելիությունը, ինչպես բազմիցս ապացուցվել է պատմության ընթացքում, միշտ էլ հանգեցնում է նոր հանցագործությունների։ Արցախի դեպքում դա վկայվեց առավել ակնհայտ ձևով․ 2020-ի պատերազմից հետո միջազգային հանրության անգործությունը հանգեցրեց 2023-ի ողբերգությանը՝ Արցախի հայաթափմանը, ֆաշիստական Ադրբեջանի կողմից ամբողջական բռնազավթմանն ու մշակութային ցեղասպանությանը։
Արցախի հայաթափումը և մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջական քաղաքականության փոխկապակցված բաղադրիչներ։ Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են։
Այսօր, երբ Արցախը հայաթափված է, իսկ հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է համակարգված ոչնչացման, միջազգային հանրության լռությունը դարձել է համաշխարհային խայտառակություն։ Այդ լռությունը ոչ թե խաղաղության նշան է, այլ արդարության մահախոսական։
Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող գործողությունները պետք է արժանանան ոչ թե հերթական արձանագրային հայտարարության, այլ միջազգային իրավական գնահատականի և կոնկրետ պատասխանատվության մեխանիզմների։ Պետք է փաստաթղթավորվեն հանցագործությունները, պահպանվեն ապացույցները, նույնականացվեն պատասխանատու պաշտոնատար անձինք և ապահովվի նրանց նկատմամբ իրավական գործընթացների իրականացումը։
Քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է գիտակցել, որ եթե այսօր չի պատժվում Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հանցագործությունը, վաղը նույն ոճիրը կկրկնվի այլ տեղում այլ ժողովրդի նկատմամբ։ Իսկ մինչ այդ յուրաքանչյուր լուռ դիտորդ իր լռությամբ դառնում է հանցակից։
Այսօր Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը միայն հայ ժողովրդի պայքարը չէ։ Սա միջազգային իրավունքի և քաղաքակիրթ աշխարհի սկզբունքների պաշտպանության փորձություն է։ Եթե հնարավոր է անպատիժ կերպով ոչնչացնել մի ժողովրդի եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանատները, հուշարձաններն ու պատմական հիշողությունը, ապա վտանգված է ոչ միայն հայկական, այլև ամբողջ մարդկության մշակութային ժառանգության պաշտպանության գաղափարը։
Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից հրաժարվել ձևական հայտարարությունների և կեղծ չեզոքության քաղաքականությունից և անցնել կոնկրետ գործողությունների՝ կանխել հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը, ապահովել անկախ միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմների աշխատանքը, պահպանել հանցագործությունների վերաբերյալ ապացույցները և ապահովել պատասխանատվության անխուսափելիությունը։
Ադրբեջանը չի կարող միաժամանակ հանդես գալ որպես մշակութային ժառանգության «պահպանող» և լինել այդ նույն ժառանգության ոչնչացման ու յուրացման գործընթացի նախաձեռնող։ Չի կարող հանցագործը դառնալ իր իսկ հանցագործության «վերականգնողը» և միջազգային հանրությանը ներկայացնել իր կողմից փոփոխված կամ ոչնչացված պատմական իրականությունը որպես ճշմարտություն։
Արցախի հայկական մշակութային ժառանգությունը չունի վաղեմության ժամկետ։ Այն չի կարող վերացվել ոչ ռումբերով, ոչ ծանր շինարարական ու ռազմական տեխնիկայով, ոչ կեղծ «վերականգնմամբ» և ոչ էլ քաղաքական քարոզչությամբ։ Պատմական ճշմարտությունը ենթակա չէ քաղաքական առևտրի։
Հովիկ Ավանեսով
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն