Միասին կարող ենք
կարևոր
1294 դիտում, 7 ժամ առաջ - 2026-04-12 10:45
Հասարակություն

Ստեփանակերտում հիմնահատակ ավերվել է 2007 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին. սա պարզապես վանդալիզմի հերթական դեպք չէ. Հովիկ Ավանեսով

Ստեփանակերտում հիմնահատակ ավերվել է 2007 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին. սա պարզապես վանդալիզմի հերթական դեպք չէ. Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը գրում է.

«Սոցալական ցանցերի և լրատվամիջոցների մշտադիտարկումը բացահայտում է ոչ թե պարզապես հերթական վանդալիզմի դեպք, այլ համակարգված, նպատակային և ցինիկ քաղաքականություն, որի էությունը մշակութային ոչնչացումն է։ Ակնհայտ է դառնում, որ Բաքվի բռնապետական վարչակարգը հետևողականորեն իրականացնում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության վերացման ծրագիր՝ փորձելով ոչ միայն ֆիզիկապես ջնջել արժեքները, այլ նաև վերացնել դրանց գոյության հիշողությունը։

Ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտ քաղաքում 2007 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերումը հերթական ապացույցն է այս քաղաքականության։ Առավել ցնցող է այն հանգամանքը, որ մինչև այդ հանցավոր գործողությունը, ադրբեջանական տելեգրամյան ալիքներով և սոցիալական այլ հարթակներով բացահայտ կերպով տարածվում էին կոչեր՝ ուղղված եկեղեցու ավերմանը։ Սա ոչ միայն հանդուրժված, այլև խրախուսված ատելության դրսևորում է, որը վերածվում է գործնական քայլերի՝ առանց որևէ պատասխանատվության զգացման։

Հարկ է ընդգծել, որ սա մեկուսացված դեպք չէ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն իսկ ավիրվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին և բազմաթիվ այլ սրբավայրեր։ Եվ ամենասարսափելին այն է, որ այս ցուցակը ոչ թե ավարտուն է, այլ շարունակաբար ընդլայնվում է։

Այս ամենը վկայում է ոչ միայն մշակութային ժառանգության հանդեպ բացարձակ անհարգալից վերաբերմունքի, այլ նաև պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության մասին։ Լռությունը նման գործողությունների նկատմամբ դառնում է հանցակցության ձև, իսկ միջազգային հանրության անգործությունը՝ վտանգավոր նախադեպ, որը թույլ է տալիս շարունակել նույն քաղաքականությունը՝ ավելի մեծ թափով և լկտիությամբ»։