Միասին կարող ենք
կարևոր
967 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-13 12:17
Աշխարհ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին. Արցախի թեմ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին. Արցախի թեմ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին։ Այս մասին հայտնում է Արցախի թեմը՝ դատապարտելով կատարվածը։

«Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը, որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր»,- նշված է թեմի տարածած հայտարարության մեջ։

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը կոչ է անում միջազգային կառույցներին միջամտելու և դադարեցնելու այս վանդալիզմը՝ կանխելով համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը:

Արցախի տուրիզմի և մշակույթի զարգացման գործակալությունը (Artsakh Tourism & Culture Development Agency) ֆեյսբուքյան իր էջում նաև մանրամասներ է հայտնում Սուրբ Հակոբ եկեղեցու մասին։ Այն կառուցվել էր 2007 թվականին՝ ամերիկահայ բարերարի աջակցությամբ՝ ի հիշատակ նրա Հակոբ անունով որդու։

Գործակալությունը նաև կարծում է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցում հետևողական և կոշտ դիրքորոշման բացակայությունը խորացնում է անպատժելիության մթնոլորտը և նոր հանցագործություններ խրախուսում։