Միասին կարող ենք
կարևոր
1201 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-11 18:49
Հասարակություն

Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին

Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին

Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին՝ Հայ Առաքելական Եկեղեցու տաճարը, որը կառուցվել էր 2007 թվականին։ Այս մասին գրում է Artsakh Tourism & Culture Development Agency-ին։

Այս եկեղեցին կառուցվել էր Արցախի Հանրապետության մայրաքաղաքի հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար՝ շարունակելով Արցախում դարերով ձևավորված քրիստոնեական ներկայության ավանդույթը։ Դեռևս 19-րդ դարի վերջից Ստեփանակերտում գործել է միանավ ծխական եկեղեցի, որը խորհրդայնացումից հետո վերածվել է մշակույթի տան, իսկ 1950-ականներին վերակառուցվել՝ Ստեփանակերտի պետական հայկական դրամատիկական թատրոնի։

Այսօր մենք ականատես ենք ոչ միայն շինության ոչնչացմանը։ Սա Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական պետական քաղաքականության մի մասն է՝ ուղղված հայկական ներկայության, հիշողության և հենց Հայրենիքի ջնջմանը օկուպացված տարածքներում։ Ոչնչացվում են ոչ միայն հուշարձաններ, այլև ժողովրդի կապը իր պատմական հողի հետ։

Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին՝ հստակ գնահատական տալու տեղի ունեցողին և ձեռնարկելու գործուն քայլեր մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու համար։

Լռությունը այսօր դառնում է հանցակցության ձև։

Միաժամանակ չենք կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանությունների կողմից մշակութային ժառանգության պաշտպանության և բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցում հետևողական և կոշտ դիրքորոշման բացակայությունը միայն խորացնում է անպատժելիության մթնոլորտը և խրախուսում նոր հանցագործություններ։

Հայրենիքի ջնջումը հանցագործություն է ոչ միայն մեկ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ։

Մենք հիշում ենք։ Եվ շարունակելու ենք վկայել։