կարևոր
769 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 10:22
Հասարակություն

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ծնողական ժամը», որը իշխանությունը ներկայացրել էր որպես աշխատող ծնողների համար կարևոր սոցիալական երաշխիք, որ կարող են աշխատանքից մեկ ժամ շուտ հեռանալ՝ երեխաներին խնամելու համար, փաստացի դարձել է ՆԳՆ աշխատակիցների դժգոհության պատճառ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՆԳՆ մի շարք աշխատակիցներ ահազանգել են, որ նախարարությունում ներքին կարգով իրենց թույլ չեն տալիս օգտվել օրենքով սահմանված «ծնողական ժամից» և պահանջում են աշխատանքային օրը շարունակել մինչև սահմանված ավարտը՝ ժամը 18:00-ը։

Մեր տեղեկություններով՝ ՆԳՆ-ում աշխատակիցներին փոխանցվել է, որ նրանք չպետք է օգտվեն այդ հնարավորությունից, որը նախատեսում է օրական 30 րոպե կամ մեկ ժամ աշխատանքից բացակայելու իրավունք։ Արդյունքում՝ երեխաներ ունեցող աշխատակիցները չեն կարողանում աշխատանքից կես ժամ կամ մեկ ժամ շուտ դուրս գալ՝ չնայած օրենսդրությամբ նախատեսված այդ հնարավորությանը։

Հիշեցնենք, որ «ծնողական ժամի» մասին օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել էր դեռ ամիսներ առաջ։ Նախաձեռնության գաղափարն այն էր, որ աշխատող ծնողները կարողանան աշխատանքային օրվա ընթացքում որոշակի ժամանակ հատկացնել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերի լուծմանը։

Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2026 թվականի հունիսի 18-ին և ուժի մեջ է մտել հուլիսի 10-ից։ Աշխատանքային օրենսգրքում լրացվել է 207.1-րդ հոդվածը՝ «Ծնողական ժամը»։

Օրենքով՝ մինչև 12 տարեկան մինչև երկու երեխա ունեցող ծնողը կարող է օրական առավելագույնը 30 րոպե օգտվել ծնողական ժամից, իսկ երեք և ավելի երեխա ունեցող ծնողը՝ օրական առավելագույնը մեկ ժամ։ Նույն՝ մինչև մեկ ժամի իրավունքը նախատեսված է նաև մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխա ունեցող ծնողի համար՝ անկախ երեխաների թվից։

Ավելին՝ օրենքը հստակ սահմանում է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել։ Այդ ժամանակը ներառվում է աշխատաժամանակում, իսկ աշխատողի հիմնական աշխատավարձը պահպանվում է։

Այսինքն՝ խոսքը պարզապես գործատուի բարի կամքի կամ ղեկավարի թույլտվության մասին չէ, այլ օրենքով ամրագրված իրավունքի։

Թե որքանով է ՆԳՆ-ի ներքին կարգավորումը համապատասխանում գործող օրենքին, առանձին իրավական հարց է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը գործատուին փաստացի արգելում է մերժել աշխատողի՝ ծնողական ժամից օգտվելու իրավունքը։

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին։

ՆԳՆ-ն հերքեց մեր փոխանցած տեղեկությունը՝ հայտարարելով, որ նախարարությունում նման արգելք չկա։

Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ՆԳՆ աշխատակիցները կարողանում են օգտվել օրենքով նախատեսված «ծնողական ժամից»։ Ավելին, նախարարությունից մեզ հայտնել են, որ այդ իրավունքից արդեն օգտվել է 80-ից ավելի աշխատակից»։