կարևոր
451 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-01 19:45
Աշխարհ

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ավագ դպրոցների աշակերտների բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների: Առնվազն երկու դպրոցում հրկիզումներ են եղել, դպրոցներից մեկի տնօրենի վրա բենզին են լցրել: Աշակերտները բողոքում են անձնակազմի պակասի, ուսումնական վատ պայմանների, դասացուցակների և դասարաններում սովորողների մեծ թվի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը:

Ոստիկանության տվյալներով՝ մինչև կեսօր երկրում շուրջ 340 բողոքի ակցիա էր ընթանում, ինչի հետևանքով փակվել է ավելի քան 160 ուսումնական հաստատություն։

Հոկտեմբերի 1-ին շարժմանը միացել են նաև ուսանողները՝ արգելափակելով շուրջ 30 համալսարանների մուտքերը, այդ թվում՝ Փարիզում և Մարսելում։

Մարսելում դադարեցվել է ավտոբուսների, տրամվայների և մետրոյի երթևեկությունը՝ առավոտյան բարձր դասարանների աշակերտների բողոքի ակցիաների շրջանակում տեղի ունեցած «վանդալիզմի գործողությունների և վարորդների վրա հարձակումների» պատճառով։

Ստրասբուրգում նույնպես իշխանությունների պահանջով դադարեցվել է տրամվայների երթևեկությունը՝ «անկարգություններ իրականացնողների և ցուցարարների տեղաշարժը սահմանափակելու» նպատակով։

Վարչապետ Սեբաստիան Լըկորնուն ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել։

Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի անվտանգության ուժերը բերման են ենթարկել 625 մարդու։ 83 ոստիկան և ժանդարմ վիրավորվել է։

Ցույցերի մասնակիցները թիրախավորել են իրավապահներին, տարբեր առարկաներ նետել նրանց վրա, վիրավորանքներ հնչեցրել։ Որոշ վայրերում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Կրթության նախարար Էդուար Ժեֆրեի խոսքով՝ անցյալ շաբաթ անկարգությունների սկսվելուց ի վեր տուժել է 119 աշակերտ և դպրոցի աշխատակից։