կարևոր
430 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 18:44
Հասարակություն

Ստամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը

Ստամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը

Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասում հանդիսավոր կերպով նշվել են Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու 200-ամյակը և Յեշիլքյոյի հայկական դպրոցի 70-ամյակը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Միջոցառմանը մասնակցել են Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, հոգևորականներ, եկեղեցու հիմնադրամի և դպրոցի ներկայացուցիչներ, աշակերտներ ու հյուրեր։

Հոբելյանական միջոցառման շրջանակում եկեղեցու բակում բացվել է Հայաստանում հատուկ պատրաստված խաչքար, որը հեղինակել է Արտակ Համբարձումյանը։ Խաչքարը Ստամբուլ է տեղափոխվել և տեղադրվել Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակում։ Եկեղեցու հիմնադրամի նախագահ Արա Չընարը նշել է, որ խաչքարը պիտի խորհրդանշի համայնքի միասնությունն ու համերաշխությունը։

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել դուդուկահար Գագիկ Գասպարյանը, մեցցո-սոպրանո Լեռնա Բալօղլու Աքբուլութը և սարկավագ Էդվին Գալիփյանը։ Հնչել են Սուրբ Ներսես Շնորհալու, Ֆրանց Շուբերտի և Կոմիտասի ստեղծագործություններից։

«Մենք շատ ուրախ ենք։ Մեր հարգանքը անսահման է այն նախնիների հանդեպ, որոնք դժվար պայմաններում հիմնել են այս հաստատությունները և կառուցել եկեղեցին։ Մենք փորձում ենք արժանի լինել նրանց»,– ասել է Չընարը։