կարևոր
5404 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-11 16:08
Սփյուռք

Բրյուսելում հանդիսավոր ընդունելությամբ նշվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրության 20-ամյակը․ ՖՈՏՈՇԱՐՔ

Բրյուսելում հանդիսավոր ընդունելությամբ նշվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրության 20-ամյակը․ ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրության 20-ամյակի առթիվ 2022թ. նոյեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Եվրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թվով պատգամավորներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Բելգիայի Թագավորության Ֆեդերալ խորհրդարանի պատգամավորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործընկերներ և բարեկամներ:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը բացման խոսքում ողջունեց ներկաներին՝ բարձր գնահատելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ջանքերը և արժևորեց մասնակիցների գործունեությունը՝ հայկական երկու պետություններին և հայ ժողովրդին զորավիգ կանգնելու համար: Տեր-Խաչատուրյանը հակիրճ ներկայացրեց Հայ Դատի խորհրդի համաշխարհային ցանցը, դրա առաքելությունը և հետպատերազմական ժամանակաշրջանի գործունեության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում ողջունեց ներկաներին՝ գնահատելով նրանց ջանքերն ի նպաստ Հայ դատի պայքարի, մասնավորապես՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի պայքարում, Հայոց Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցում, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և Եվրամիության միջև հարաբերությունների գարգացման գործում: Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին անցնող տարիների ընթացքում հայ ժողովրդին սատար կանգելու և արդարության առաջամարտիկ լինելու համար: Հատուկ շեշտվեց, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը տոնում է իր 20- ամյակը, ինչը բուռն աշխատանքի տարիներ էին և մերժում է ցանկացած փասթաթուղթ կամ իրողություն, որը ոտնահարում հայ ժողովրդի, մասնավորապես Արցախի ժողովրդի ազատ ապրելու և ինքնորոշվելու իրավունքը:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանն իր հերթին շնորհավորեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակին՝ անցած 20 տարիների ընթացքում արձանագրած հաջողությունների համար, գնահատելով դեսպանատան և հանձնախմբի միջև արյունավետ ու ջերմ համագործակցությունը:

Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, Եվրոպական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ՝ Սիլվի Գիոմը և Ֆրանսուա Ալֆոնսին նույնպես ելույթներով հանդես եկան, շնորհավորեցին Հայ դատի գրասենյակին, արժևորեցին դրա գործունեությունը և բարձր գնահատեցին սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Նրանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին Արցախի և Հայաստանի կողքին լինելու և հանուն արդարության ու հայ ժողովրդի իրավունքի պայքարը շարունակելու գործում:

Հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործում իրենց նվիրվածությունն են վերահաստատել նաև Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս և ֆլամանախոս բարեկամական խմբերի ղեկավարներ Անդրե դը Բյուսը և Կարլ Վանլաուեն, ինչպես նաև Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի պատգամավոր Ալեսիա Քլասը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
11.11.2022 թ.