կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 18:52
Հասարակություն

Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը 18-20 տարեկան է. վարչական ղեկավար

Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը 18-20 տարեկան է. վարչական ղեկավար

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելուց հետո բնակիչներին զգուշացրել են իրավիճակի մասին և հորդորել, որ տներում մնան։ Irakanum.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Շաքի բնակավայրի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ հայտնեց, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։ Գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային պատմել է, որ վիրավորը կին է, նա հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։

Մանուչարյանի խոսքով՝ տեղեկանալով կատարվածի մասին՝ ինքն անմիջապես կապ է հաստատել հարակից տարածքների բնակիչների հետ՝ ոմանց անձամբ հանդիպելով, մյուսներին՝ զանգահարելով։

«Ասել եմ՝ ժողովուրդ ջան, նման իրավիճակ կա, բայց խուճապի մի՛ մատնվեք, ուղղակի աչալուրջ եղեք։ Ինչ-որ արտառոց բան տեսնելու դեպքում զանգեք ինձ։ Մարդկանց զգուշացրել ենք, մտել են իրենց տները»,- ասել է Շաքի բնակավայրի վարչական ղեկավարը։

Նա նշել է, որ ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել հրազենով, ինչի պատճառով իրավապահները որոշ ժամանակով սահմանափակել են մարդկանց տեղաշարժը դեպքի վայրի հարակից հատվածում։ Այնտեղ գտնվել են իրավապահներ և համապատասխան հանդերձանքով զինվորականներ։ Մանուչարյանը նշել է, որ իրավիճակը գյուղում վերահսկվել է, հիմա ամեն ինչ հանգիստ է, և խուճապ չկա։

Դեպքը, նրա խոսքով, տեղի է ունեցել Շաքի գյուղի հյուսիսային հատվածում՝ բնակավայրով անցնող ճանապարհից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

«Ադրբեջանցի զինծառայողը երիտասարդ է՝ մոտ 18–20 տարեկան։ Մեր իրավապահները արագ վնասազերծել են ադրբեջանցուն, երբ հասանք արյան հետքեր կային, թեթև վիրավորում էր ստացել»,– նշել է Մանուչարյանը։

Վարչական ղեկավարը հայտնել է նաև, որ միջադեպի հետևանքով տուժած կինը Շաքիում բնակվող ընտանիքի անդամ է։ Ըստ նրա՝ ընտանիքը նախկինում Արարատի մարզից է տեղափոխվել, տարիներ շարունակ տարբեր բնակավայրերում է ապրել, սակայն ամենաերկարը՝ Շաքիում։ Ընտանիքն ունի երեք երեխա, որոնցից մեկը սովորում է քոլեջում, երկուսը՝ գյուղի դպրոցում։

Մանուչարյանը չի կարողացել հաստատել՝ դեպքը երեխաների աչքի առաջ է տեղի ունեցել, թե ոչ։

«Երբ իմացանք, որ իր կյանքին վտանգ չի սպառնում, վիրավորումն այդքան խորը և վտանգավոր չէ, ես ավելի շատ զբաղվեցի իրավապահներին օգնելով և ժողովրդին իրազեկ պահելով»,- ասել է վարչական ղեկավարը։

Հիշեցնենք` ըստ ԱԱԾ–ի` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին, իսկ ՀՀ քաղաքացու ոտքին կրակել է այսօր` հոկտեմբերի 1-ին։ Նա ձերբակալված է։