|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.83 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3367 |
| GBP | ⚊ | £ 482.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախ Միության որոշ ներկայացուցիչներ՝ կազմակերպության նախագահ Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ, ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի ընթացքում Կառավարությանն է հանձնվել ադրբեջանական ապօրինի գերության մեջ գտնվող հայերին հասցեագրված 1,254 նամակ պարունակող արկղը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պաշտոնական հանրագիրը։
Կառավարության շենքի դիմաց ունեցած իր ճեպազրույցում Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ նամակները հավաքագրվել են գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի մարդասիրական նախաձեռնության շրջանակներում, որին արձագանքել են աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներ։ Քանի որ ադրբեջանական կողմը չի արձագանքել տիկին Զոնաբենդի դիմումներին, իսկ ՀՀ կառավարության կողմից այդպես էլ գործնական քայլեր չեն ձեռնարկվել նախաձեռնությանը միացած կանանց այցը կազմակերպելու ուղղությամբ, այդ պատճառով, տիկին Զոնաբենդի համաձայնությամբ, Արցախ Միությունը նամակները փոխանցում է ՀՀ կառավարությանը՝ գերիներին հասցնելու համար:
Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ ՀՀ իշխանությունները, ունենալով պարտավորություններ գերեվարված հայերի ու ՀՀ քաղաքացիների հանդեպ և անմիջական շփումներ ադրբեջանական կողմի հետ, պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու համար այս նամակների փոխանցումը գերիներին։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետին ուղղված հանրագրի ամբողջական տեքստը․
«Դիմում եմ Ձեզ մարդասիրական բնույթի խնդրանքով՝ փոխանցելու ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր հայերին (ՀՀ քաղաքացիներին) հասցեագրված 1,254 նամակները, որոնք ներկայացվում են սույն դիմումին կից՝ մեկ արկղով։
Գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես էր եկել մարդասիրական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով այցելել բոլոր հայ գերիներին։ Նախաձեռնության շրջանակում նա կոչ էր արել հազար նամակ հավաքել գերիների համար։ Կոչին արձագանքել են աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներ, և արդյունքում հավաքագրվել է 1,254 նամակ՝ հասցեագրված ադրբեջանական ապօրինի բանտարկության մեջ գտնվող բոլոր հայերին։ Նամակներն ունեն անձնական ու մարդասիրական բնույթ և պարունակում են աջակցության, համերաշխության ու հույսի խոսքեր։
Ցավոք, նախաձեռնությունը մինչ այժմ չի հասել իր նպատակին։ Ադրբեջանական կողմը չի արձագանքել տիկին Զոնաբենդի դիմումներին, իսկ ՀՀ կառավարության կողմից այդպես էլ գործնական քայլեր չեն ձեռնարկվել նախաձեռնությանը միացած կանանց այցը կազմակերպելու ուղղությամբ։ Հաշվի առնելով այս հանգամանքները, այցի չկայացման փաստը, ինչպես նաև ստանալով տիկին Զոնաբենդի համաձայնությունը՝ Արցախ Միությունը որոշել է հավաքագրված նամակները փոխանցել ՀՀ կառավարությանը։
Դուք և ՀՀ իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ քանիցս հայտարարել եք, որ գերիների վերադարձը և նրանց իրավունքների պաշտպանությունը գտնվում են ամենօրյա ուշադրության կենտրոնում։ ՀՀ կառավարությունը ներկայումս անմիջական շփումներ ունի ադրբեջանական կողմի հետ, այդ թվում՝ փոխայցերի մակարդակով։ Հետևաբար, ակնկալում ենք, որ կգտնեք այն միջոցը կամ խողովակը (երկկողմ շփումներ, պաշտոնական այցեր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ այլ երրորդ կողմի միջնորդություն), որով այս նամակները կհասնեն իրենց հասցեատերերին։
Ազատությունից զրկված մարդու համար նամակն արտաքին աշխարհի հետ կապի կարևորագույն միջոց է և վկայություն առ այն, որ իր ճակատագիրը մոռացված չէ։ Ազատությունից զրկված, հատկապես գերեվարված անձանց նամակագրական կապի իրավունքն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների նորմերով, այդ թվում՝ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 71-րդ հոդվածով և Բանտարկյալների հետ վարվեցողության ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Նելսոն Մանդելայի կանոններ») 58-րդ կանոնով։
Հաշվի առնելով վերոգրյալը և գերեվարված ՀՀ քաղաքացիների հանդեպ ՀՀ իշխանությունների ունեցած պարտավորությունները՝ խնդրում եմ՝
Ընդունել կից ներկայացվող 1,254 նամակները և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ դրանց փոխանցումն ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր հայերին ապահովելու համար։
Նշանակել պատասխանատու անձ, որի հետ հնարավոր կլինի համաձայնեցնել նամակների փոխանցմանն առնչվող հարցերը։
Գրավոր տեղեկացնել ինձ հանրագրի քննարկման արդյունքների, ինչպես նաև նամակների փոխանցման ընթացքի և վերջնարդյունքի մասին։
Սույն հանրագիրը ներկայացվում է ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածի և «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա։ Խնդրում եմ հանրագրին պատասխանել գրավոր՝ նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում՝ հանրագիրն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Եթե հանրագրում բարձրացված հարցը գտնվում է այլ մարմնի իրավասության տիրույթում, խնդրում եմ նամակներով արկղը չվերադարձնել, այլ՝ հանրագրի հետ միասին փոխանցել իրավասու մարմնին և այդ մասին գրավոր տեղեկացնել ինձ։
Խնդրում եմ նաև նամակներով արկղի ընդունումը փաստագրել ընդունման-հանձնման ակտով կամ հանրագրի պատճենի վրա գրանցման ամսաթվի, համարի և ընդունողի ստորագրության նշումով։
Հավատացած եմ, որ մարդասիրական այս քայլը կարող է մեծ նշանակություն ունենալ գերիների և նրանց ընտանիքների համար։
Կից՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերին հասցեագրված նամակներ՝ 1,254 հատ, մեկ արկղով»։