կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-30 20:20
Քաղաքական

Իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին. «Ուժեղ Հայաստան»

Իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

««Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով:

Այս որոշումը հաջորդում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հրապարակած` «Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերաբերյալ» զեկույցին, որում արձանագրել էր ընդդիմախոսների նկատմամբ իշխանության գործադրած քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընդգծում է. Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է նրա լիակատար ազատության վերականգնման ճանապարհին: Իսկական արդարադատությունը ենթադրում է քաղաքականապես ուղղորդված այս կարված գործի ամբողջական կարճում և որևէ խափանման միջոցի իսպառ վերացում:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ իշխանությունների պատվերով իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին և կոտրելու քաղաքական դիմադրությունը, ինչը, սակայն, ձախողվում է:

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը:
Մենք շարունակելու ենք հետևողական պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար»: