կարևոր
553 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 18:56
Հասարակություն

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը. Syunik News

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը. Syunik News

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը: Syunik News-ը նոր մանրամասներ է հայտնում:

Syunik News-ի հետ զրույցում տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբայրը՝ Սարիբեկ Ավետիսյանն ասել է, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տան տարածքում և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է նրան, ինչից հետո զինծառայողը կրակել է կնոջ ուղղությամբ։

Կրակոցի հետևանքով Անի Ավետիսյանը վնասվածք է ստացել ոտքի հատվածում։

«Այժմ Անիին թույլ չեն տալիս տեսնել։ Շատ արյուն էր կորցրել, ստիպված եղանք արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։

Հիմա վիրահատում են։ Ասացին՝ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի է մտել և կրակել բնակիչներից մեկին։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը՝ գրելով․ 

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ 

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։  

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։