|
Փոխարժեքներ
12 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.07 |
| EUR | ⚊ | € 422.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4217 |
| GBP | ⚊ | £ 494.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.74 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Մանկավարժականի ռեկտորի ԺՊ Լիլիթ Մկրտչյանը, որն ունի թրքամետի համբավ հայ պատմաբանների շրջանում, ինչպես նաև այս առնչությամբ մի քանի սկանդալների կիզակետում է ժամանակին հայտնվել, որոշել է ակտիվ հայագիտական աշխատանքներով զբաղվել:
Մենք նախորդ շաբաթ գրել էինք, որ հուլիսի 22-23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվել է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» VIII ամառային դպրոցը՝ Երեւանից եւ ՀՀ մյուս մարզերից շուրջ 30 ուսուցչի մասնակցությամբ։
Ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել նաեւ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, որը ծավալուն դասախոսություն է կարդացել, բայց կոնֆերանսին մասնակցած մանկավարժներից մեկը մեզ պատմել էր, որ Մկրտչյանի կարդացած դասախոսությունը ոչ թե Ցեղասպանության ճանաչման, և պատմությունը չմոռանալու մասին է եղել, այլև լրիվ հակառակը` այն անտեսելու, հարևանների հետ բարեկամանալու մասին, ինչպես նաև ռեկտորի ԺՊ-ն ՔՊ-ական մի նարատիվ է առաջ քաշել, ակնարկելով Փաշինյանի այն հայտնի միտքը, թե իբրև Ռուսաստանն է Հայոց Ցեղասպանության թիվ մեկ մեղավորը:
Մենք տեղեկացանք, որ թրքասեր տիկին Մկրտչյանը չսահմանափակվելով այս ամենով նաև մասնակցել է Հայագիտական միջազգային կոնգրեսի, որին մասնակցում էին աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ, գիտնականներ և մասնագետներ, ինչպես նաև հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Կոնգրեսի շրջանակում Լիլիթ Մկրտչյանը ներկայացրել է «Հայագիտության նոր օրակարգը մանկավարժական կրթության համակարգում. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի փորձը, առաքելությունն ու տեսլականը» թեմայով զեկույցը։ Նա ընդգծել է, որ հայագիտությունը երբեք չի եղել միայն գիտական ուսումնասիրության առանձին կամ փակ ոլորտ․ այն եղել և մնում է ազգային ինքնաճանաչման, պատմական հիշողության, լեզվամշակութային հարուստ ժառանգության պահպանման և հայկական ինքնության վերարտադրության հիմնասյուներից մեկը։
Լիլիթ Մկրտչյանը նկատել է՝ հայագիտության գլխավոր հարցն այսօր այլևս միայն այն չէ, թե ինչ ենք ուսումնասիրում։ Առավել կարևոր ու հրատապ են դառնում՝ ինչպե՞ս ենք փոխանցում այդ գիտելիքը ժամանակակից սերունդներին, ո՞ւմ ենք փոխանցում այդ արժեքավոր ժառանգությունը, ինչպիսի՞ Հայաստան ու համահայկական գիտակրթական տարածք ենք կառուցում այդ գիտելիքի միջոցով փոխկապակցված հարցադրումները․ «Ուսուցիչը պարզապես գիտելիք փոխանցող չէ․ նա մշակութային հիշողության կրող է, ազգային արժեհամակարգի ձևավորող և հասարակական ինքնագիտակցության կարևորագույն դերակատար։ Եթե դասական համալսարանում ստեղծվում է գիտելիքը, ապա Մանկավարժական համալսարանում ձևավորվում է նաև այն մասնագետը, որի միջոցով այդ գիտելիքը դառնում է հասարակական արժեք ու կրթական բովանդակություն»,-նշել է Լիլիթ Մկրտչյանն ու հավելել՝ այս գիտակցումն է ՀՊՄՀ-ի առաքելության հիմքում։
Հ.Գ Այսինքն` Մանկավարժական համալսարանի առաքելությունը սերունդներին պատմությունը խեղաթյուրված ներկայացնելն ու թրքասիրություն սերմանելն է: Հիշեցնենք նաեւ, որ դեռ մի քանի տարի առաջ Լիլիթ Մկրտչյանը իր ստորագրությունն էր դրել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արեւելյան Անատոլիա կամ Կովկաս էր ներկայացված»: