|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.07 |
| EUR | ⚊ | € 422.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4217 |
| GBP | ⚊ | £ 494.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.74 |
Մելինե Անումյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու
Ժամանակակից Թուրքիայի Հանրապետության տարածքը, լինելով մի շարք հին քաղաքակրթությունների բնօրրան, հարուստ է բազմաթիվ հնագիտական նյութերով, հինավուրց հուշարձանների ավերակներով և հնամենի ժողովուրդների նյութական մշակույթի ժառանգությամբ։ Թուրքիա պետությունը մեծապես օգտվում է դրանից՝ ապահովելով զբոսաշրջիկների մեծ հոսք իր երկիր։ Բայց և այնպես, Թուրքիայի պետական քաղաքականության հայեցակարգում ընկած է տեղաբնիկ ժողովուրդների անցյալը ստվերելու, նրանց ժառանգությունը յուրացնելու կամ խեղաթյուրելու, ինչպես նաև՝ այդ հողերում սեփական գոյությունն ու իր ներկայությունը պարտադրելու միտում։ Եկեք մտովի շրջենք այս պետության մի շարք թանգարաններում՝ Թուրքիայի թանգարանային քաղաքականության ճիշտ պատկերը վեր հանելու նպատակով․

Անատոլիական քաղաքակրթությունների թանգարանը (Anadolu Medeniyetleri Müzesi / MUSEUM OF ANATOLIAN CIVILIZATIONS) Անկարայում
Այս թանգարանի պաշտոնական հայեցակարգը կենտրոնացած է նախապատմական շրջանից (պալեոլիթ, նեոլիթ, բրոնզե դար) մինչև խեթական, փռյուգիական, ուրարտական, հելլենիստական, հռոմեական, բյուզանդական, սելջուկյան և օսմանյան դարաշրջանների անատոլիական հնագիտական ժառանգության վրա: Թեև հայերի, Հայաստանի կամ հայկական մշակույթի և ներկայության մասին որևէ հիշատակում չկա, սակայն այստեղ հնարավոր է երբեմն հանդիպել հայկական ցուցանմուշների, որոնք սակայն ներկայացված չեն որպես հայկական։ Նման ցուցանմուշի օրինակ է հայկական մի խաչ, որին գիտական հոդվածով անդրադարձել է Հաջեթթեփե համալսարան դասախոս, դոկտոր Մերյեմ Աջարա Էսերը։ «Անատոլիական քաղաքակրթությունների թանգարանի կոլեկցիայում գտնված հայկական խաչը» վերնագրով նրա հոդվածի լինքը՝ https://dergipark.org.tr/tr/download/article-file/619296 ։

Հարբիյեի ռազմական թանգարանը (İstanbul Harbiye Askeri Müzesi /
İstanbul Harbiye Military Museum) Ստամբուլում
Այս թանգարանի երկրորդ հարկում գործում է հատուկ բաժին, որը թուրքերեն կոչվում է «Belgelerle Ermeni Sorunu Salonu» («Հայկական հարցը փաստաթղթերով»): Այս սրահը ամբողջությամբ կառուցված է Թուրքիայի պաշտոնական ժխտողական հայեցակարգի վրա: Այնտեղ ներկայացված են օսմանյան արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ և քարտեզներ, որոնք փորձում են արդարացնել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը՝ հայերին ներկայացնելով որպես «դավաճաններ», «զինված ապստամբներ» կամ «կազմակերպված հանցագործներ», իսկ տեղահանությունը՝ որպես «պետական անվտանգության անհրաժեշտ միջոց»։ Սրահի ուշագրավ (և ցուցադրական) նմուշներից է Օսմանյան Կայսրության Ներքին գործերի նախարար և Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի արյունոտ շապիկը, որը նա կրել է 1921 թ. Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանի կողմից «Նեմեսիս» գործողության շրջանակում սպանվելու պահին:

Պալյան գերդաստանի ներկայացուցիչների հեղինակած կառույցները Ստամբուլում, որոնք գործում են որպես թանգարան
Ստամբուլը հարուստ է հայազգի Պալյան գերդաստանի հեղինակած կառույցներով, հատկապես՝ սուլթանական պալատներով։ Եթե նախկինում թուրքերը խուսափում էին նշել նրանց հայկական ծագման մասին կամ ժխտում էին, որ այդ պալատների հեղինակները հայերն են, ապա ներկայում տեղեկատվական վահանակներում հիշատակվում է Պալյան ընտանիքի դերը որպես արքունի գլխավոր ճարտարապետներ:

Ադանայում Աթաթյուրքի տուն-թանգարանը (Սուփհի փաշայի ապարանքը) (Adana Atatürk Evi Müzesi / ADANA MUSEUM OF ATATÜRK HOUSE)
Թանգարանը տեղակայված է 19-րդ դարի վերջին կառուցված ավանդական տանը, որը պատկանել է հայազգի Տրեպանիչ ընտանիքին (Suphi Pasha / Suphi Paşa konak): Չնայած շենքի հայկական ծագմանը, պաշտոնական ցուցանակներում և տեղեկատվական տեքստերում նշված չէ այդ ընտանիքի անունը:

Ադըյամանում Նեմրութ լեռան հուշարձանախումբը (Nemrut Örenyeri / MOUNT NEMRUT ARCHAEOLOGICAL SITE)
Թեև պատմագիտության մեջ հանրահայտ փաստ է Կոմմագենեի Երվանդունի արքայատոհմի հայկական ծագումը, սակայն Ադըյամանի թանգարանային բացատրագրերում դրանք ներկայացվում են բացառապես որպես հունա-պարսկական մշակույթ։

Բաթմանում Հասանքեյֆի (Հըսնիքիֆ) թանգարանը և ավերակները (Hasankeyf Müzesi ve Örenyeri / HASANKEYF MUSEUM AND ARCHAEOLOGICAL SITE)
Չնայած պատմականորեն Հասանքեյֆում և հարակից տարածաշրջանում (Տիգրիսի ավազան, Աղձնիք, Տուրուբերան) եղել է հայկական ներկայություն, թանգարանի հայեցակարգային և ցուցադրական քաղաքականության մեջ տեղական քրիստոնյա (այդ թվում՝ հայկական և ասորական) համայնքների պատմությունն ու ժառանգությունը շրջանցված են։

Բիթլիսի (Բաղեշ) Խլաթի թանգարանը (Ahlat Müzesi / Ahlat Museum)
Թանգարանը բաղկացած է հնագիտական և ազգագրական բաժիններից։ Ազգագրական բաժնում ներկայացված են այդ բնակավայրի օսմանյան շրջանի կենցաղը, գորգագործությունը, ձեռագրերն ու արհեստները։ Թեև Խլաթը միջնադարյան Հայաստանի կարևոր քաղաքներից մեկն է եղել, և նախքան Ցեղասպանությունն այստեղ հոծ թվով հայ բնակչություն կար, սակայն թանգարանի պաշտոնական տեքստերում, վահանակներում և ուղեցույցներում «հայ» էթնոնիմը կամ հայկական մշակութային հետքերը շրջանցված են։

Դիարբեքիրում Զիյա Գյոքալփի տուն-թանգարանը (Ziya Gökalp Müzesi /
ZİYA GÖKALP MUSEUM)
Բուն տունը, որտեղ տեղակայված է թանգարանը (կառուցված 1890 թվականին), Դիարբեքիրի (Տիգրանակերտի) ավանդական քարե ճարտարապետության նմուշ է։ Այն կառուցվել է հայ վարպետների կողմից և պատկանել է տեղի հայ ընտանիքին (Գյոքալփների ընտանիքը հետագայում է ձեռք բերել կամ բնակեցվել այնտեղ): Թանգարանի պաշտոնական տեքստերում և վահանակներում շենքի ճարտարապետությունը ներկայացվում է որպես «ավանդական դիարբեքիրյան/օսմանյան տուն»՝ առանց նշելու հայկական ճարտարապետական դպրոցի կամ հայ վարպետների դերի մասին։ Թանգարանում ներկայացված են Գյոքալփի ձեռագրերը, լուսանկարները, անձնական իրերն ու մեդալները, գրքերն ու հոդվածները, էթնոգրաֆիկ իրեր, որոնք ներկայացնում են շրջանի թուրքական/իսլամական կենցաղը։ Թանգարանային հայեցակարգում լռության է մատնված Դիարբեքիրի պատմականորեն բազմազգ միջավայրը (հայեր, ասորիներ, հույներ), իսկ Գյոքալփի գործունեության քաղաքական և ողբերգական հետևանքները փոքրամասնությունների (մասնավորապես՝ հայերի) համար ոչ միայն չեն հիշատակվում, այլև ամբողջությամբ շրջանցված են պաշտոնական պատմույթում:

Խարբերդում Էլազըղի հնագիտական և ժողովրդագրական թանգարանը (Elazığ Arkeoloji ve Etnografya Müzesi / ELAZIĞ ARCHAEOLOGY AND ETHNOGRAPHY MUSEUM)
Սույն թանգարանում ներկայացված են Խարբերդի ու Էլազըղի 18-19-րդ դարերի և 20-րդ դարասկզբի իսլամական/օսմանյան կենցաղը, ավանդական տարազները, ձեռագործ գորգերը, պղնձագործական և արծաթագործական աշխատանքները։ Թանգարանում ցուցադրված 19-րդ դարի պղնձագործական, ոսկերչական և տեքստիլ նմուշների մեծ մասը ստեղծված են Խարբերդի հայ արհեստավորների կողմից, սակայն դրանք ներկայացված են անանուն կամ որպես «օսմանյան/տեղական ժողովրդական արհեստ։ «Հայ» բառը կամ հայկական պատկանելությունը ամբողջությամբ բացակայում են թանգարանի տեքստերում, իսկ քրիստոնեական շրջանը ներկայացվում է բացառապես «բյուզանդական» տերմինով։

Էրզինջանի թանգարանը (Erzincan Müzesi / Erzincan Museum) Երզնկայում
Թանգարանում ցուցադրվում են տեղական ավանդական գորգեր, կարպետներ, պղնձագործություն, տարազներ, զենքեր և կենցաղային առարկաներ։ Թեև Էրզինջանի մշակութային պատմության պաշտոնական նկարագրությունում նշվում է, որ տարածաշրջանում նախկինում ապրել են տարբեր էթնիկ և կրոնական խմբեր, և հիշատակվում է, որ «փոքրամասնությունների մեծ մասը հեռացել է տարածաշրջանից» Հանրապետության առաջին տարիներին, հայերը չեն հիշատակվում անվանապես, և նրանց պատմության վերաբերյալ բացատրություններ չեն տրվում։ Այս բնակավայրում պղնձագործությունը, արծաթագործությունը և փորագրությունը զարգացել ու իրենց բարձրակետին են հասել հայ վարպետների շնորհիվ։ Թանգարանում, սակայն, այս աշխատանքները ներկայացվում են որպես «անանուն տեղական/օսմանյան ավանդական արհեստներ»։

Էրզրումի կերպարվեստի և քանդակագործության թանգարանը (Erzurum Resim Heykel Müzesi / ERZURUM PAINTING AND SCULPTURE MUSEUM) Կարինում
Թանգարանի շենքը հայտնի է նաև որպես վայր, որտեղ գումարվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին կոնգրեսը։ Թանգարանի պաշտոնական գրության մեջ նշվում է, որ շենքը 1864 թ․ կառուցել է տվել Մկրտիչ Սանասարյանը։ Նշվում է նաև, որ այն գործել է որպես իգական գիշերօթիկ դպրոց, իսկ հետագայում՝ անցել պետությանը։ Թանգարանի ներկայացված չեն Կարինի (Էրզրումի) հայկական համայնքի պատմությունը, Սանասարյան վարժարանի կրթական գործունեությունը, Մկրտիչ Սանասարյանի կենսագրությունն ու բարեգործական գործունեությունը կամ քաղաքի հայկական մշակութային կյանքը, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանությունը։ Այսինքն, հայերի մասին հիշատակումը հիմնականում սահմանափակվում է շենքի նախնական նշանակության և հիմնադրի անունի նշումով, իսկ հայկական կրթական և մշակութային ժառանգությունը շրջանցվում է։

Էրզրումի թանգարանը Կարինում (Erzurum Müzesi / Erzurum Museum)
Էրզրումի թանգարանում ներկայացվում է տարածաշրջանի պատմությունը հիմնականում հնագիտական և ազգագրական տեսանկյունից։ Այստեղ հայերի կամ հայկական պատմամշակութային ժառանգության մասին դրական հիշատակումներ չկան։ Ավելին՝ այս թանգարանն ունի հատուկ պատմաքաղաքական առանձնահատկություն․ այստեղ առկա է հակահայկական (պաշտոնական թուրքական պատմույթին համահունչ) ցուցադրական սրահ։ Թանգարանում գործում է առանձին սրահ, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1915–1918 թթ.) տարածաշրջանում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված զանգվածային գերեզմաններին։ Այս ցուցադրությունը ներկայացնում է թուրքական պաշտոնական թեզը, ըստ որի՝ «հայկական կամավորական ջոկատներն ու ֆիդայիներն են զանգվածային կոտորածներ իրականացրել տեղի մուսուլման/թուրք բնակչության նկատմամբ»։ Ցուցադրված են պեղված ոսկորներ, զինվորական ու կենցաղային իրեր, լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք ծառայեցված են այս վարկածի տարածմանը։

Գազիանթեփի ամրոց-թանգարանը Այնթափում (Gaziantep Kalesi / Gaziantep Castle)
Գազիանթեփի ամրոցում այսօր գործում է Gaziantep Savunması ve Kahramanlık Panorama Müzesi-ն (Գազիանթեփի պաշտպանության և հերոսության պանորամային թանգարանը)։ Դրա ամբողջ ցուցադրությունը նվիրված է 1919–1921 թվականների Այնթափի պաշտպանությանը՝ ֆրանսիական օկուպացիայի դեմ պայքարին։ Թանգարանում ներկայացված են պանոներ, քանդակներ, ռելիեֆներ, դիմաքանդակներ և դիորամաներ, որոնք պատմում են այդ ժամանակաշրջանի ռազմական իրադարձությունների մասին։ Թանգարանի տեքստային վահանակներում և քանդակային/դիորամիկ ցուցադրություններում հայերը բացառապես ներկայացված են որպես «ֆրանսիացի օկուպանտների հետ համագործակցողներ» կամ տեղի մուսուլման բնակչության դեմ դավադրություններ ու հարձակումներ իրականացնողներ։ Ոչ մի հիշատակում չկա այն մասին, որ մինչև 1919-1921 թթ. իրադարձությունները՝ 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ, Այնթափի տասնյակ հազարավոր հայեր ենթարկվել էին տեղահանության և կոտորածների, իսկ ֆրանսիական զորքերի հետ քաղաք վերադարձած հայերը վերապրածներն էին, որոնք փորձում էին վերադառնալ իրենց տները։

Հռոմկլայի հնավայրը (Rumkale Örenyeri / RUMKALE ARCHAEOLOGICAL SITE) Գազիանթեփում (Այնթափ)
Ամրոցի անվանումից ելնելով (Rumkale — «Հույների/Հռոմեացիների բերդ»)՝ հիմնական շեշտը դրվում է հռոմեական, բյուզանդական, իսկ հետագայում՝ մամլուքյան և օսմանյան շրջանների վրա։ 12-13-րդ դարերի հայկական ոսկեդարը ներկայացվում է որպես լոկ «միջնադարյան փուլ» կամ «կաթոլիկ/քրիստոնեական առնչություններ ունեցող շրջան»։ Տեղում տեղադրված վահանակներում Սուրբ Ներսես Շնորհալու դամբարանի կամ Թորոս Ռոսլինի գործունեության մասին հիշատակումները կամ բացակայում են, կամ էլ ներկայացված են առանց էթնիկ պատկանելության հստակ նշման: Հռոմկլայի տարածքում պահպանված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պաշտոնական նկարագրություններում հաճախ հիշատակվում է որպես «անանուն եկեղեցի» կամ «բյուզանդական/խաչակրաց դարաշրջանի կառույց»։

Գյումյուշհանեի թանգարանը (Gümüşhane Müzesi / GUMUSHANE MUSEUM)
Գյումուշհանեի պատմական դերը, որպես Օսմանյան կայսրության արծաթի արդյունահանման և մետաղագործության գլխավոր կենտրոններից մեկի, սերտորեն կապված է եղել հայ և հույն վարպետների ու բնակչության հետ, սակայն թանգարանային ցուցադրությունում այդ պատմությունը զերծ է էթնիկ հիշատակումներից: Ազգագրական բաժնում ցուցադրված են 19-րդ և 20-րդ դարասկզբի կենցաղային իրեր, տարազներ, զարդեր, արծաթագործական նմուշներ և գյուղատնտեսական գործիքներ: Թեև Գյումուշհանեի արծաթագործության և մետաղագործության զարգացման մեջ առանցքային դեր են ունեցել հայ վարպետները, նմուշները ներկայացվում են որպես ընդհանուր «օսմանյան/տեղական մշակույթ»՝ առանց հեղինակների կամ արհեստավորների էթնիկ պատկանելությունը (հայկական ծագումը) նշելու:

Քահրամանմարաշի թանգարանը (Kahramanmaraş Müzesi /
KAHRAMANMARAŞ MUSEUM ) Մարաշում
Քահրամանմարաշի թանգարանում գրեթե չկան հայերի մասին պատմամշակութային կամ ազգագրական դրական/չեզոք հիշատակումներ, իսկ եղած անդրադարձները կրում են թուրքական պաշտոնական պատմագրությանը համահունչ քաղաքական-ռազմական բնույթ: Քանի որ Մարաշը (Կիլիկիայի պատմական կարևորագույն հայաբնակ կենտրոններից մեկը) ունեցել է հարուստ հայկական ժառանգություն, թանգարանում այդ ներկայությունը ներկայացված է հետևյալ կերպ․
1. «Մարաշի ինքնապաշտպանության» (Maraş Milli Mücadelesi) բաժինը
Թանգարանի ամենաընդարձակ և շեշտադրված բաժիններից մեկը նվիրված է 1919-1920 թվականների իրադարձություններին (ֆրանսիական օկուպացիան և տեղի մարտերը): Այս բաժնում հայերը հիշատակվում են բացառապես ռազմաքաղաքական համատեքստում՝ որպես ֆրանսիական զորքերի հետ համագործակցած կամ տեղի թուրք բնակչության դեմ դուրս եկած տարր:
2. Ազգագրական բաժինը
Մարաշը հայտնի է եղել հայ վարպետների ձեռքով ստեղծված փայտամշակման, մետաղագործության, ոսկերչության և հայտնի «Մարաշի ասեղնագործության» նմուշներով:Սակայն թանգարանում ներկայացված 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի կենցաղային իրերը, տարազները և ասեղնագործությունները ներկայացված են որպես ընդհանուր «օսմանյան/տեղական Մարաշի մշակույթ»։ Հայ արհեստավորների կամ ասեղնագործ հայ կանանց էթնիկ պատկանելության մասին որևէ նշում չկա:

Անիի հնավայրը Կարսում (Ani Örenyeri / ANİ ARCHAEOLOGICAL SITE)
Անիի հնավայրում հայկական ներկայացվածությունը վերջին տարիներին որոշակի դրական փոփոխություններ է կրել, սակայն պաշտոնական հայեցակարգը դեռևս շարունակում է շրջանցել կամ նվազեցնել հայերի առանցքային դերը որպես քաղաքի հիմնական կառուցապատողների և Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքի: Անիում հայերը ներկայացված են խիստ սահմանափակ և «զտված»տարբերակով: Եթե նախկինում ամբողջովին լռության էր մատնված Անիի հայկական ծագումը, ապա այժմ որդեգրվել է «բազմամշակութային քաղաքի» հայեցակարգը, որտեղ հայկական ինքնությունը ներկայացվում է որպես պատմական բազմաթիվ շերտերից ընդամենը մեկը, այլ ոչ թե քաղաքի հիմնական դիմագիծը ձևավորած տարր:

Կարսի Կովկասյան ճակատի ռազմական պատմության թանգարանը (KARS Kafkas Cephesi Harp Tarihi Müzesi / MILITARY HISTORY MUSEUM OF THE CAUCASUS FRONT)
Այս թանգարանը (բացվել է 2017 թ.) նվիրված է 1828 թվականից մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրումն ընկած ռազմական իրադարձություններին (մասնավորապես՝ 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմին, Առաջին համաշխարհային պատերազմին և Սարիղամիշի ճակատամարտին): Ինչպես թուրքական ռազմապատմական թանգարանների մեծ մասում, այստեղ ևս հայերը ներկայացվում են բացառապես որպես «Օսմանյան կայսրության դեմ ապստամբած», «ռուսական զորքերին աջակցած» կամ «տեղի մսուլման բնակչության դեմ հարձակումներ գործած» տարրեր: Տեղեկատվական վահանակներում և պատմական քարտեզների նկարագրություններում «հայ» բառը հիմնականում հանդիպում է «Ermeni çeteleri» (հայկական զինված խմբեր/զորախմբեր) կամ «Ermeni komitacıları» (հայ կոմիտեջիներ) հասկացությունների համատեքստում: Թանգարանի որոշ սրահներում շեշտը դրվում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական ուժերի կողմից մսուլմանական գյուղերի վրա կատարված ենթադրյալ հարձակումների վրա: Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակում չկա, իսկ 1915 թ. տեղահանությունը ներկայացվում է որպես «ռազմական անհրաժեշտությունից դրդված ապահովագրական միջոցառում»: Թեև 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին (ռուսական տիրապետության շրջանում) Կարսում հայերը մեծամասնություն են կազմել, թանգարանում անհնար է հանդիպել որևէ դրական կամ չեզոք տեղեկության հայերի քաղաքացիական, ճարտարապետական, տնտեսական կամ մշակութային ներդրման մասին։ Թանգարանի բակում ցուցադրվում է 1921 թ. Կարսի պայմանագրի կնքման ժամանակ ռուսական պատվիրակության կողմից Քյազիմ Կարաբեքիրին նվիրված վագոնը: Այս բաժնում ևս 1920-1921 թթ. իրադարձությունները ներկայացվում են որպես «թուրքական արևելյան բանակի հաղթանակ հայկական ուժերի նկատմամբ»:

Գյուփգյուփօղլու ապարանքի ազգագրական թանգարանը Կեսարիայում (Güpgüpoğlu Konağı Etnografya Müzesi / GÜPGÜPOĞLU MANSION AND ETHNOGRAPHY MUSEUM)
Չնայած նրան, որ այս թանգարանում ցուցադրված արհեստագործական ու կենցաղային իրերի զգալի մասը պատմականորեն պատկանել է Կեսարիայի և շրջակա բնակավայրերի (օրինակ՝ Թալասի, Էվերեքի) հայ և հույն արհեստավորներին ու ընտանիքներին, թանգարանի բացատրագրերում նշված չէ նրանց էթնիկ պատկանելությունը։ Բոլոր նմուշները ներկայացված են ընդհանրացված՝ որպես «օսմանյան» կամ «տեղական Կեսարիայի» մշակույթի տարրեր։

Քիլիսի թանգարանը (Kilis Müzesi / KİLİS MUSEUM)
Թանգարանի ներկայիս շենքը 19-րդ դարի վերջի (մոտ 1885-1890 թթ.) կառույց է, որը սկզբնապես եղել է ձիթայուղի և օճառի արտադրամաս։ Պատմական արխիվային տվյալների համաձայն՝ այն պատկանել է Քիլիսի հայտնի հայ ընտանիքներից մեկին։ Սակայն թանգարանի պաշտոնական վահանակներում շենքը ներկայացվում է պարզապես որպես «օսմանյան շրջանի արդյունաբերական-ճարտարապետական հուշարձան»՝ առանց նշելու դրա հայ սեփականատերերի կամ կառուցած վարպետների անունները։ Չնայած նրան, որ Քիլիսը մինչև 1915 թվականն ունեցել է բավականին ակտիվ և ստվար հայ համայնք (որը զգալի դեր է խաղացել քաղաքի արհեստագործության, առևտրի և յուղի/օճառի արտադրության մեջ), թանգարանի ազգագրական ցուցանմուշները ներկայացված են ընդհանրացված՝ որպես տեղական «օսմանյան/տարածաշրջանային» մշակույթի մաս, իսկ հայերի դերակատարումն ու ներկայությունն ամբողջությամբ շրջանցված են։

Կոնիայի ժողովրդագրական թանգարանը (Konya Etnografya Müzesi / KONYA ETHNOGRAPHY MUSEUM)
Չնայած, որ թանգարանում ցուցադրված 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի կենցաղային, ոսկերչական ու ազգագրական իրերի մի մասը պատրաստվել է հենց հայ (և հույն) վարպետների կողմից կամ պատկանել է նրանց ընտանիքներին, ցուցանմուշների էթնիկ պատկանելությունն ու հեղինակները նշված չեն։ Թուրքիայի պետական ազգագրական թանգարանների ընդհանուր քաղաքականության համաձայն՝ Կոնիայում ևս քաղաքի պատմական ոչ մահմեդական/հայ համայնքների մշակութային ներկայությունն ու ավանդը պաշտոնական ցուցադրությունում շրջանցված են։

Բեշքոնաքլար ազգագրական թանգարանը Մալաթիայում (Beşkonaklar Etnografya Müzesi / BEŞKONAKLAR ETHNOGRAPHY MUSEUM)
Թանգարանը տեղակայված է 20-րդ դարասկզբի ավանդական քարաշեն-կավաշեն առանձնատների (Beşkonaklar) համալիրում։ Ցուցադրված ազգագրական նմուշները (արծաթեղեն, տարազներ, կենցաղային իրեր, պղնձագործական աշխատանքներ), որոնց մի մասը պատմականորեն ստեղծվել է հայ վարպետների կողմից, ներկայացված են ընդհանրացված՝ որպես «տեղական Մալաթիայի» կամ «օսմանյան» ժառանգություն։

Մարդինի թանգարանը (Mardin Müzesi / MARDİN MUSEUM)
Թանգարանը տեղակայված է 1895 թ. կառուցված եռահարկ քարաշեն առանձնատանը, որն սկզբնապես եղել է Ասորի կաթոլիկ պատրիարքարանի շենքը: Թեև թանգարանի ազգագրական բաժնում ցուցադրված արծաթյա զարդերի, կենցաղային իրերի և արհեստագործական գործիքների զգալի մասը ստեղծվել է հայ (և ասորի) վարպետների կողմից, ցուցանմուշների բացատրագրերում նշված չէ հեղինակների էթնոկրոնական պատկանելությունը ։ Դրանք ներկայացված են ընդհանուր՝ որպես «տեղական Մարդինի» կամ «օսմանյան» արհեստագործական ավանդույթների նմուշներ։

Կիլիկյան շրջանի ամրոց-թանգարանները Մերսինում` Անամուռի թանգարանը, Կոռիկոսի բերդը և այլն (Anamur Müzesi, Mersin Kız Kalesi, Silifke, Mamure)
Մերսինի բերդ-ամրոցներում հայերի մասին հիշատակումն առկա է միայն որպես չեզոք պատմա-ժամանակագրական փաստ (նշելով «Կիլիկիայի հայկական թագավորություն» անունը՝ իբրև բերդին տիրած իշխանություններից մեկը)։ Սակայն հայկական ճարտարապետական դպրոցի, արձանագրությունների կամ տեղական հայ բնակչության պատմամշակութային ժառանգության մասին մանրամասն տեղեկատվություն կամ հատուկ ցուցադրություններ չկան։

Մանազկերտի թանգարանը Մուշում (Malazgirt Müzesi / Malazgirt Museum)
Թանգարանը հիմնականում կառուցված է որպես ռազմապատմական հուշահամալիր՝ նվիրված Մանազկերտի ճակատամարտին։ Թանգարանի տեղեկատվական վահանակներում հայկական գործոնը կամ տեղական հայ բնակչության գոյությունն ամբողջությամբ բացակայում է։ Թանգարանի՝ տարածաշրջանի հետագա պատմությանը (օսմանյան շրջանին) վերաբերող հատվածներում ևս Մանազկերտի հայկական ժառանգության, վանքերի կամ նախքան Հայոց ցեղասպանությունը քաղաքում ու գյուղերում ապրած հայ համայնքի մասին որևէ հիշատակում չկա։

Մուշի թանգարանը (Muş Müzesi / Mush Museum)
2020 թ-ից գործող Մուշի թանգարանում հայերի մասին հիշատակումներ չկան։ Չնայած Մուշի նահանգն ու Մշո դաշտը եղել են արևմտահայության կարևորագույն պատմամշակութային և հոգևոր կենտրոններից, թանգարանի բացատրագրերում բոլոր ցուցանմուշները ներկայացված են որպես «տեղական» կամ «օսմանյան» մշակույթի նմուշներ։ Որևէ հիշատակում չկա Մշո Սուրբ Կարապետ, Սուրբ Առաքելոց կամ տարածաշրջանի մյուս տասնյակ հայկական վանական համալիրների ու եկեղեցիների մասին, որոնք կանգուն են եղել մինչև 20-րդ դարասկիզբը։

Նևշեհիրի թանգարանը (Nevşehir Müzesi / NEVŞEHİR MUSEUM) Կապադովկիայում (Գամիրք)
Ինչպես թուրքական այլ ազգագրական թանգարաններում, Նևշեհիրի թանգարանում ևս 19-20-րդ դարերի կենցաղային ու ազգագրական ցուցանմուշները (այդ թվում՝ քրիստոնյա արհեստավորների կողմից պատրաստված իրերը) ներկայացված են ընդհանրացված՝ որպես «օսմանյան» կամ «տեղական Կապադովկիայի/Նևշեհիրի» ժողովրդական մշակույթի նմուշներ։ Թանգարանի տեղեկատվական վահանակներում կամ քաղաքի պատմությանը նվիրված հատվածներում որևէ հիշատակում չկա հայկական եկեղեցու, հայկական դպրոցների կամ համայնքի պատմական ողբերգության մասին։

Ռիզեի թանգարանը (Rize Müzesi / Rize Museum)
Թանգարանի ազգագրական բաժնում ցուցադրված են Համշենի շրջանին բնորոշ կենցաղային իրեր, ավանդական հագուստ (օրինակ՝ կանանց բնորոշ keşan գլխաշորերը) և փայտե ճարտարապետության մոդելներ։ Սակայն տեղեկատվական վահանակներում «հայ» կամ «համշենահայ» անվանումներն ու լեզվական-էթնիկական կապերն ամբողջությամբ շրջանցված են։

Սամսունի թանգարանը (Samsun Müzesi / SAMSUN MUSEUM)
Թանգարանի ազգագրական ու քաղաքային պատմության բաժնում ցուցադրված 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի կենցաղային, արհեստագործական ու առևտրային նմուշները ներկայացված են չեզոքացված՝ որպես «օսմանյան շրջանի» կամ «տեղական Սամսունի» մշակույթի տարրեր։ Արտադրողների, վարպետների կամ տանտերերի էթնիկ պատկանելությունն ու անունները նշված չեն։ Թանգարանում որևէ հիշատակում չկա Սամսունի պատմական հայկական թաղամասերի, դպրոցների, եկեղեցիների կամ Հայոց ցեղասպանության ու հայկական համայնքի վերացման մասին։

Սվասի (Սեբաստիա) Աթաթյուրքի և կոնգրեսի թանգարանը (Sivas Atatürk ve Kongre Müzesi / Sivas Atatürk Congress Museum)
Թանգարանը տեղակայված է 1892 թ. կառուցված նախկին քաղաքացիական ճեմարանի շենքում, որտեղ 1919 թ. սեպտեմբերի 4-11-ը տեղի է ունեցել Մուստաֆա Քեմալի գլխավորած Սվասի կոնգրեսը։ Թանգարանի մի հատվածում ներկայացված են Սեբաստիայի ավանդական կենցաղին վերաբերող ազգագրական իրեր (գորգեր, տարազներ, զենքեր, պղնձյա սպասք)։ Այս բաժնում ներկայացված 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայկական կենցաղային իրերն ու արհեստագործական նմուշները ներկայացված են չեզոք՝ որպես «տեղական Սվասի» կամ «օսմանա-թուրքական» մշակույթի տարրեր։ Սեբաստիայի բնիկ հայ բնակչության պատմությունը, մշակութային ներկայությունն ու ողբերգական ճակատագիրը ամբողջությամբ շրջանցված են թանգարանի պաշտոնական պատումում։

Շանլըուրֆայի քաղաքային պատմության թանգարանը (Şanlıurfa Kent Müzesi) Ուրֆայում (Եդեսիա)
Թանգարանը ներկայացնում է Ուրֆայի քաղաքային զարգացումը, արհեստները, առևտուրն ու կենցաղը։ Թանգարանում ցուցադրված ազգագրական իրերն ու արհեստավորական տեսարանները ներկայացված են բացառապես որպես «օսմանյան/ուրֆայական» մշակույթի տարրեր։ Քաղաքի պատմությանն ու 20-րդ դարասկզբին նվիրված հատվածներում պատումը ներկայացված է քենալիստական պայքարի տեսանկյունից։ 1915 թ․ Հայոց ցեղասպանությունը, Ուրֆայի հայտնի ինքնապաշտպանությունը (Մկրտիչ Յոթնեղբայրյանի գլխավորությամբ) և հայկական թաղամասերի (Հերմիշ/Գերմուշ) ողբերգական ճակատագիրը ամբողջությամբ շրջանցված են։

Թունջելիի թանգարանը (Tunceli Müzesi / Tunceli Museum) Դերսիմում
2020 թվականին բացված այս թանգարանը ունի հետևյալ առանձնահատկությունները. ի տարբերություն շատ այլ նահանգային թանգարանների, Թունջելիի թանգարանի հնագիտական և պատմական բաժիններում տեղադրված տեղեկատվական վահանակներում ու քարտեզներում ներառված են Դերսիմի տարածքում գտնվող պատմական քրիստոնեական կառույցները (օրինակ՝ Հալվորիի Սուրբ Աստվածածնի վանքը, Երզնկային/Դերսիմին հարող պատմական սրբավայրերը, Բերդակի ու Մազկերտի շրջանների եկեղեցիները)։ Թանգարանի որոշ նկարագրություններում և պատմական քարտեզներում «հայ» (Ermeni) բառը կամ հայկական դարաշրջանների հիշատակումները (օրինակ՝ միջնադարյան հայկական իշխանությունների կամ եկեղեցական ճարտարապետության համատեքստում) լիովին ջնջված չեն։ Դրանք նշված են որպես տարածաշրջանի պատմական շերտերից մեկը։ Սակայն այստեղ ևս Հայոց ցեղասպանությունն ու հայ համայնքի վերացումը դուրս են մնացել պաշտոնական պատումից։

Աղթամարի հուշարձան-թանգարանը (Akdamar Anıt Müzesi / AKDAMAR MONUMENTAL MUSEUM) Վանում
Ի տարբերություն Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի բազմաթիվ այլ հուշարձանների (որտեղ «հայկական» բառն ամբողջությամբ ջնջված կամ շրջանցված է), Աղթամարի պարագայում թուրքական պաշտոնական շրջանակները չեն հերքում դրա հայկական ծագումը, սակայն այն տեղավորում են հատուկ քաղաքական-մշակութային շրջանակների մեջ։ Եկեղեցու և կղզու անվանումը պաշտոնական բոլոր փաստաթղթերում, ցուցանակներում և քարտեզներում թուրքացված է՝ Akdamar (Աղթամարի/Ախթամարի փոխարեն)։ Գիտական ու թանգարանային բացատրագրերում հաճախ շեշտվում է եկեղեցու քանդակների վրա «աբբասյան (իսլամական), սելջուկյան և բյուզանդական արվեստների ազդեցությունը»։

Հայկաբերդի ամրոցը (Çavuştepe Kalesi / ÇAVUŞTEPE CASTLE ) Վանում
Çavuştepe-ն հայոց ինքնության, պատմական ավանդության (Հայկ Նահապետ, Հայկաբերդ) և նախահայրենիքի (Հայոց ձոր, Վասպուրական, Ուրարտու) կարևորագույն պատմամշակութային ու հնագիտական հանգույցներից մեկն է։ Սակայն այստեղ հայերի մասին որևէ հիշատակում չկա։

Յոզղատի թանգարանը (Yozgat Müzesi / Yozgat Museum)
Թանգարանի շենքը կառուցվել է 1871 թ․ հայ մեծահարուստ վաճառական/արհեստավոր Նիզամյան (Նիզամօղլու) ընտանիքի կողմից։ Որոշ տեղական պաշտոնական աղբյուրներում անուղղակիորեն կամ համառոտ նշվում է, որ տունը կառուցվել է հայ (կամ «օսմանցի») վաճառական Նիզամօղլուի կողմից, սակայն առանց հայ համայնքի պատմության մեջ խորանալու։ Հայերի մասին հիշատակումը Յոզղատի թանգարանում սահմանափակվում է գրեթե բացառապես շենքի ծագումնաբանությամբ և անվանմամբ (Նիզամօղլուի ապարանք), մինչդեռ բուն թանգարանային ցուցադրությունը շրջանցում է քաղաքի ու տարածաշրջանի հայկական պատմամշակութային ժառանգությունը։

«Իգդիրի ցեղասպանության հուշարձանը» (IĞDIR SOYKIRIM ANITI /Iğdır Genocide Memorial)
Պաշտոնական անվանումով «Ermeniler Tarafından Katledilen Şehit Türkler Anıtı ve Müzesi»-ն («Հայերի կողմից կոտորված թուրք նահատակների հուշարձան և թանգարան») Թուրքիայի պետական թանգարանային համալիր է, որը գտնվում է Իգդիր քաղաքի մուտքի մոտ։ Հուշարձանը կազմված է հինգ հսկայական սրերից, որոնց ծայրերը վերևում միավորվում են։ Ըստ թուրքական պաշտոնական բացատրության՝ սրերը խորհրդանշում են թուրքական բանակը և «ազատագրումը»։ Հուշարձանի հիմքում գործում է թանգարան, որտեղ ցուցադրվում են լուսանկարներ, փաստաթղթեր և նյութեր, որոնք, ըստ թուրքական կողմի, իբր ապացուցում են «հայերի կողմից իրականացված կոտորածները»։ Հուշարձանը կառուցված է 36 մետր բարձրությամբ, որպեսզի տեսանելի լինի Հայաստանից։ Հուշարձանի ճարտարապետը ադրբեջանցի Ջաֆեր Գիյասին է։

Զևե հուշահամալիրը (Zeve Şehitliği / The Zeve Martyrs’ Memorial) Վանում
Ըստ թուրքական պաշտոնական թեզի՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1915 թ.) այստեղ հայկական ջոկատների կողմից իբր զանգվածաբար սպանվել են շրջակա թուրքական գյուղերի բնակիչները։ Տեղում կառուցվել է մեծ հուշարձան-զոհասեղան և հուշապարկ։

Էրզրումի (Կարին) Ալաջա հուշարձանը (Alaca Şehitliği – Erzurum)
1980-ական թվականներին թուրքական իշխանությունները Էրզրումի տարբեր հատվածներում իրականացրեցին պեղումներ՝ պնդելով, թե գտել են հայերի կողմից սպանված թուրքերի «զանգվածային գերեզմաններ»։ Ալաջա գյուղում կառուցվեց հուշարձան-համալիր, որտեղ ամեն տարի մարտ ամսին անցկացվում են պաշտոնական պետական միջոցառումներ։

Ջինիս գյուղի հուշարձանը Կարինում (Cinis Şehitliği – Aşkale, Erzurum)
2000-ականների սկզբին կառուցված հուշարձան է, որը նույնպես նվիրված է թուրքական պատմագրության մեջ «հայկական խմբավորումների կողմից սպանված թուրքերին»։

Կարսի Դերեջիք գյուղի հուշարձանը (Derecik Şehitliği – Kars)
Կառուցվել է թուրքական պատմագրության պաշտոնական այն կեղծ թեզի հիման վրա, թե իբր 1918 թ. Կարսի շրջանում հայկական զորամասերի և թուրք բնակչության բախումների ժամանակ տուժել են թուրք քաղաքացիներ։

ASALA-ի կողմից սպանված թուրք դիվանագետների հուշարձաններ
Թուրքիայի տարբեր քաղաքներում (օրինակ՝ Անկարայում, Իզմիրում, Իզմիթում) կան նաև հուշարձաններ՝ նվիրված 1970-80-ական թվականներին ASALA-ի և հայկական այլ զինված կազմակերպությունների գործողությունների արդյունքում սպանված թուրք դիվանագետներին (օրինակ՝ Şehit Diplomatlar Anıtı): Այդպիսի ցուցադրության մի հատված տեղադրված է նաև Իգդիրի հուշարձանի թանգարանային մասում։

Վերջաբան
Վերջում արձանագրենք, որ Թուրքիայի ընդհանուր պետական թանգարանային քաղաքականության մեջ նկատելի է ոչ միայն մյուս ժողովուրդների անցյալը մոռացության մատնելու, ջնջելու կամ աղավաղելու, այլ նաև՝ տվյալ տարածքներում թուրքերի գոյությունը պարտադրելու միտում։ Հատկանշական է, որ գրեթե իր բոլոր նահանգներում Թուրքիա պետությունը հիմնել է որևէ ազգագրական թանգարան, որտեղ լավագույն դեպքում տեղաբնիկ ժողովուրդների մշակութային ժառանգության հետքերի հետ մեկտեղ ներկայացված են օսմանցիների և թուրքերի կենցաղային տեսարաններ, որոնք երբեմն չեն էլ տեղավորվում տվյալ թանգարանի ցուցադրության տրամաբանության մեջ։ Սակայն Թուրքիայի թանգարաններում բնիկ ժողովուրդների մշակույթն ու հիշողությունը մեծամասամբ լռության են մատնվում․․․