կարևոր
523 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-10 20:16
Հասարակություն

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու. Ռուբեն Սրբազան

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու. Ռուբեն Սրբազան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հանդիպում ունեցավ թեմի երիտասարդական միությունների ատենապետների և փոխատենապետների՝ «Ջահակիր» երիտասարդական շարժման պատասխանատուների հետ։


Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը հանդես եկավ հոգևոր-եկեղեցաբանական բանախոսությամբ՝ անդրադառնալով ծխական համայնքի էությանը, հոգևոր հովվի ծառայությանը, երիտասարդի եկեղեցական ինքնությանը և համայնքային առաջնորդության քրիստոնեական ընկալմանը։


Բանախոսության սկզբում Ռուբեն Սրբազանն ընդգծեց, որ երիտասարդական միությունների պատասխանատուների ծառայությունը պարզապես կազմակերպչական դեր կամ պաշտոն չէ, այլ՝ Քրիստոսին, նրա Սուրբ Եկեղեցուն և սեփական համայնքին ծառայելու կոչում։ Եկեղեցաբանական հատվածում Ռուբեն Սրբազանը, անդրադառնալով Պողոս առաքյալի խոսքերին՝ «Դուք Աստծո շինությունն եք» (Ա Կորնթ. Գ 9) և «Դուք Քրիստոսի մարմինն եք» (Ա Կորնթ. ԺԲ 27), բացատրեց, որ Եկեղեցին միայն շինություն կամ կրոնական կառույց չէ, այլ Քրիստոսի կենդանի Մարմինը, որի յուրաքանչյուր անդամ ունի իր կոչումն ու ծառայությունը։


Ծխական համայնքը Սրբազան Հայրը ներկայացրեց որպես այդ կենդանի Եկեղեցու տեղային մարմնավորում․ «Եթե ամբողջ Եկեղեցին կարելի է համեմատել կենդանի մարմնի հետ, ապա յուրաքանչյուր ծխական համայնք այդ մարմնի կենդանի բջիջն է։ Եվ ինչպես առողջ մարմինը կազմված է առողջ բջիջներից, այնպես էլ առողջ Եկեղեցին կազմված է առողջ համայնքներից։ Ուրեմն ինչո՞վ է ապրում համայնքը։ Պատկերավոր ձևակերպած՝ համայնքի սիրտը Սուրբ Պատարագն է, համայնքի շունչը աղոթքն է, համայնքի միտքը Աստծո խոսքն է, համայնքի ձեռքը ծառայությունն է, համայնքի դեմքը սերն է, համայնքի առաքելությունը՝ Ավետարանի վկայությունը։ Որտեղ այս ամենը կենսունակ է, համայնքը ծաղկում է, և որտեղ դրանցից թեկուզ մեկը թուլանում է, ամբողջ համայնքն է թուլանում»։


Ռուբեն Սրբազանն ընդգծեց նաև, որ համայնքի տարբեր կառույցներն ու ծառայությունները՝ հոգևոր հովիվը, ծխական խորհուրդը, կիրակնօրյա դպրոցը, երգչախումբը, երիտասարդական միությունը, կամավորական և բարեսիրական խմբերը, միմյանցից անկախ կամ մրցակից կառույցներ չեն, այլ Քրիստոսի մեկ Մարմնի տարբեր անդամներ, որոնք կոչված են փոխադարձաբար լրացնելու միմյանց և միասին ծառայելու համայնքի հոգևոր կյանքին ու առաքելությանը։


Բանախոսության ընթացքում անդրադարձ եղավ նաև ժամանակակից երիտասարդի ինքնության և առաջնորդության հոգեբանական խնդիրներին։ Սրբազան Հայրը երիտասարդներին հորդորեց չկառուցել իրենց ինքնությունը հանրային ճանաչման, ազդեցության կամ գնահատանքի վրա, այլ առաջնորդության հիմքում դնել ներքին կարգապահությունը, աղոթքը, պատասխանատվությունը և ծառայությունը։

Առանձին անդրադարձ կատարվեց «Ջահակիրի» եկեղեցաբանական ինքնությանը։ Նշվեց, որ ջահակիրը Քրիստոսի մարմնի անդամ է, Եկեղեցու առաքելության մասնակից և իր համայնքի ծառայող։ Նրա առաջին հարաբերությունը Քրիստոսի հետ է, ապա՝ Եկեղեցու, հոգևոր հովվի և համայնքի անդամների հետ։ Ջահակիր երիտասարդի ծառայության վերջնանպատակը սեփական անձի շուրջ մարդկանց համախմբելը չէ, այլ նրանց Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու հետ հաղորդության մեջ առաջնորդելը։


Հանդիպման գործնական հատվածում յուրաքանչյուր երիտասարդական միության պատասխանատուի տրվեց մեկ փոքր, բայց իրական համայնքային նախաձեռնություն իրականացնելու առաջարկ՝ իր համայնքի հոգևոր հովվի հետ սերտ համագործակցությամբ։ Առաջարկված նախաձեռնությունները ներառում էին մեկ երիտասարդի դեպի Եկեղեցի վերադարձնելու փորձ, Սուրբ Գրքի փոքր խմբի ձևավորում, Սուրբ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի տոնի հոգևոր խորհրդի ներկայացում, ինչպես նաև միայնակ տարեցների, հիվանդների և համայնքից հեռացած անձանց այցելություն։ Նախաձեռնությունների հիմքում դրվեց մեկ սկզբունք՝ երիտասարդական ծառայությունը չպետք է սահմանափակվի միջոցառումների կազմակերպմամբ։ Յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ծառայի մեկ գլխավոր նպատակին՝ մարդուն մոտեցնել Քրիստոսին, ամրացնել համայնքի հաղորդությունը և կենդանի դարձնել Եկեղեցու առաքելությունը։


Հանդիպումն ամփոփելով՝ Ռուբեն Սրբազանը երիտասարդներին կոչ արեց չսպասել մեծ հնարավորությունների, այլ հավատարմությամբ սկսել փոքր քայլերից՝ վստահելով դրանք Աստծո ձեռքին։

«Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու։ Ոչ միայն Եկեղեցում լինելու, այլ՝ ձեր կյանքով Եկեղեցին կենդանի դարձնելու։ Ոչ միայն Քրիստոսին հետևելու, այլ՝ ձեր կյանքով ուրիշներին Քրիստոսի ճանապարհը ցույց տալու»,- պատգամեց Մասյացոտնի թեմի առաջնորդը։


Միջոցառման երկրորդ հատվածում մեկնարկեց ծրագրերի նախագծման և մշակման դասընթացը։ Այն կրելու է շարունակական բնույթ, և դրա ավարտին մասնակիցները, ստացված հմտությունների հիման վրա, կմշակեն երկարաժամկետ ծրագրեր՝ ուղղված ծխական համայնքների կյանքի աշխուժացմանն ու զորացմանը։