կարևոր
808 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-10 14:59
Աշխարհ Տնտեսական

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. ՀՀ-ն 5-րդն է

Կարտոֆիլի իրացման հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը. ՀՀ-ն 5-րդն է

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից կարտոֆիլի արտահանումը գրեթե 5 անգամ նվազել է։ Երկիրը կարտոֆիլի վաճառքից ստացել է 4 մլն 879 հազար դոլարի եկամուտ, իսկ արտահանվել է ընդհանուր առմամբ 18 414 տոննա արտադրանք։ Նվազումը կազմել է 81,5%։ Այս ժամանակահատվածում կրճատվել է նաև արտահանման աշխարհագրությունը,  հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Հարկ է նշել, որ նախորդ տարի Վրաստանը կարտոֆիլի արտահանման ռեկորդային ցուցանիշ էր գրանցել։ 2025 թվականի առաջին 6 ամիսներին արտահանման եկամուտը կազմել էր 26,5 մլն դոլար։

Ընթացիկ տարվա պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կարտոֆիլի արտահանման նվազումը պայմանավորված է հիմնականում դեպի Ռուսաստան վաճառքների կտրուկ անկմամբ։ Նախորդ տարի հենց Ռուսաստանն էր Վրաստանի կարտոֆիլի արտահանման գլխավոր շուկան։ Եթե 2025 թվականի հունվար-հունիսին այդ ուղղությամբ արտահանվել էր 50 347 տոննա կարտոֆիլ՝ 20,5 մլն դոլար ընդհանուր արժեքով, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 3 422 տոննա՝ 1,4 մլն դոլար արժեքով։ Նվազումը կազմել է 92,9%։

Այս տարի կարտոֆիլի իրացման հիմնական շուկան Ադրբեջանն էր, որտեղ վաճառվել է 2,2 մլն դոլարի 11 777 տոննա արտադրանք։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 1,4 մլն դոլար և 3 422 տոննա։ Երրորդ տեղում Բելառուսն է՝ 942 հազար դոլար և 2 126 տոննա։ Հինգերորդ տեղում Հայաստանն է՝ 195 հազար դոլար, իսկ վեցերորդում՝ փոքր ծավալով, Կատարը՝ 9,5 հազար դոլար և 21 տոննա։

Հարկ է նշել, որ նախորդ տարի Վրաստանը կարտոֆիլ էր արտահանել նաև Ղազախստան, Մոլդովա, Թուրքմենստան և Ուզբեկստան։ Այս տարվա առաջին 6 ամիսներին այդ երկրներ արտահանումը զրոյական է եղել։