կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-11 18:18
Հասարակություն

39․2 °C Երևանում․ հուլիս ամսվա եղանակային ռեկորդները Հայաստանում

39․2 °C Երևանում․ հուլիս ամսվա եղանակային ռեկորդները Հայաստանում

Հուլիս ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․3 °C, որը նորմայից բարձր էր 0․7°C-ով։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 57․8 մմ կամ նորմայի 124 %-ը։

Ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 26-ին Երևանում՝ 39․2 °C։ Հուլիսի 14-ին և 26-ին օդի ջերմաստիճանը Ուրցաձորում հասել է 39․0-39․1 °C-ի, որը համարվում է սաստիկ շոգ այս գոտու համար։

Ամենացածր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 2-ին Ծաղկահովիտում՝ 2․3 °C։

Հուլիսի առաջին տասնօրյակին՝ օդի ջերմաստիճանը մոտ էր նորմային, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակներին՝ օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից միջինը 1 աստիճանով։

Տեղումների քանակի զգալի մասը դիտվել է ամսվա առաջին տասնօրյակին։ Հուլիսի 5-ին, 6-ին Եղվարդում և Ֆանտանում դիտվել են ուժեղ հորդառատ անձրևներ՝ 32-36 մմ քանակությամբ մինչև մեկ ժամվա ընթացքում։ Հուլիսի 5-ին Շորժայում դիտվել է նաև կարկուտ՝ 14 մմ տրամագծով։

Հուլիսի երկրորդ և երրորդ տասնօրյակներին առանձին օրերին դիտվել են թույլ և միջին ինտենսիվության տեղումներ։ Սակայն հուլիսի 25-ին Օձունում արձանագրվել է ուժեղ հորդառատ անձրև՝ մինչև մեկ ժամվա ընթացքում 32․7 մմ տեղումների քանակով։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք հուլիսը Հայաստանում գրանցվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․5 °C։ Իսկ դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում ամենացուրտ հուլիսը գրանցվել է 1946 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 14․6 °C։

Ամենախոնավ հուլիսը դիտվել է 1939 թվականին՝ տեղումների քանակը՝ 125․8 մմ, ամենաչորը՝ 1978 թվականին՝ տեղումների քանակը 5․1 մմ։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2026 թթ․ ժամանակահատվածում հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով իսկ տեղումները՝ նվազել են մոտ 6․2 մմ-ով։