|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել, որում չի բացառում, որ կդադարեցվի Եվրոպայի հավաքականների մասնակցությունը Աշխարհի առաջնությանը, եթե ՖԻՖԱ-ն մրցաշարի իրավունքների մի մասը վաճառի մասնավոր ներդրողներին։
«ՈՒԵՖԱ-ն և նրա բոլոր 55 անդամ ազգային ասոցիացիաները միասնական են։ Մենք միաձայն և անվերապահորեն մերժում ենք ՖԻՖԱ-ի առաջարկը՝ Աշխարհի գավաթի և ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականությունը մասնավոր ներդրողներին փոխանցելու վերաբերյալ։
Աշխարհի գավաթը չի կարող դիտվել որպես ներդրումային ապրանք։ Այն ֆուտբոլի մեծագույն սպորտային ժառանգություններից մեկն է։ Այն ստեղծվել է ֆուտբոլիստների, ազգային հավաքականների և երկրպագուների սերունդների կողմից։ Դրա ոչ մի մասը երբեք չպետք է տրվի մասնավոր ներդրողներին։ Աշխարհի գավաթը վաճառքի համար չէ։
Այն, որ ֆուտբոլի համար հսկայական կարևորության առաջարկը գաղտնի է պատրաստվել և գրեթե հաստատվել է՝ առանց կառավարման օղակում վստահված անձանց հետ լուրջ քննարկման, անպատասխանատու և անընդունելի է։ Սա ոչ միայն լուրջ ձախողում է, այլև համաշխարհային ֆուտբոլի պահապան ՖԻՖԱ-ի՝ իր պատասխանատվությունից ուղղակի հրաժարում։
Աշխարհի ազգային ասոցիացիաներին այժմ ներկայացվում է վերջնագիր. կամ ընդունել ֆուտբոլի մեծագույն մրցաշարերի զավթման փաստը, կամ դիմակայել։ Սա ժողովրդավարական լուծում չէ, այլ սպառնալիք ու հարկադրանք, որը սազական չէ ՖԻՖԱ-ին։
Երբ արտաքին ներդրողները ձեռք բերեն ՖԻՖԱ-ի մրցաշարերում սեփականության բաժնեմաս, ֆուտբոլը ընդմիշտ կփոխվի։ Առևտրային եկամուտները կդառնան մշտական պարտավորություն։ Ներդրողների սպասումները ամենօրյա ճնշման առիթ կդառնան։ Այդ պահից սկսած՝ միջազգային օրացույցի, մրցաշարերի ձևաչափերի, ֆուտբոլի ապագայի վերաբերյակ յուրաքանչյուր որոշում կկայացվի ոչ թե խաղի շահերից ելնելով, այլ բաժնետերերի շահերից ելնելով։
Այս մոդելը տեղ չունի համաշխարհային ֆուտբոլում։ Ֆուտբոլի ապագան չի կարող թելադրվել նրանց սպասումներով, որոնց հիմքում ֆինանսական եկամուտները մեծացնելն է։ Ազգային ասոցիացիաների, լիգաների, ակումբների, ֆուտբոլիստների և երկրպագուների շահերը չեն կարող ստորադասվել ներդրողների շահերին։ Ֆուտբոլն իրավունք չունի գրավադրել իր ապագան՝ ֆինանսական շահույթի համար։
Մենք երբեք չենք օրինականացնի այս մոդելը։ Ոչ ոք բարոյական իրավունք չունի վաճառել այն, ինչ իրեն վստահված է հաջորդ սերնդին փոխանցելու և անվտանգ պահելու համար։ Այսօրվա քննարկումներից հետո ՈՒԵՖԱ-ի ոչ մի ազգային հավաքական չի մասնակցի ՖԻՖԱ-ի որևէ մրցաշարի, եթե առաջարկը ամբողջությամբ հետ չկանչվի և չտրվեն իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ, որ ՖԻՖԱ-ն այլևս երբեք չի բացի իր կառավարումը և մրցաշարերը մասնավոր ներդրողների համար։
Ոչ ոք չպետք է ապրի պատրանքներով. ՈՒԵՖԱ-ն և ազգային ասոցիացիաները կդիմադրեն՝ վճռականությամբ», - ասվում է հայտարարության մեջ:
Աղբյուրը՝ armsport.am