Միասին կարող ենք
կարևոր
409 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-03 17:42
Քաղաքական

Օրը ցերեկով ՔՊ-ականները խուժանի պես մարդ են ծեծում, դրա պատասխանատվությունն անձամբ կրում է Նիկոլ Փաշինյանը․ Սաղաթելյան

«Գործող իշխանությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում, իհարկե դրանից առաջ էլ, ակնհայտ դիմում է ապօրինությունների և ամեն կերպ խոչընդոտում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը՝ փորձելով ըստ էության կազմալուծել մեր նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Հայաստանի ամբողջ տարածքում մեր գրասենյակներում անընդհատ խուզարկություններ, ապօրինի քայլեր ու գործողություններ են անում. նախընտրական շտաբի պատասխանատուներին, ակտիվիստներին և աջակիցներին ինչ-որ հիմար պատրվակներով հրավիրում են ոստիկանություն, հարցաքննության, փորձում են վախեցնել ու ահաբեկել։ Դրան զուգահեռ, արդեն երկու օր է, օրինակ՝ Աշտարակի մեր գրասենյակում խուզարկություններ ու ձերբակալություններ են, և սա տեղի է ունենում ոչ միայն մեր քաղաքական միավորի, այլև, ինչպես տեսնում ենք, այլ քաղաքական ուժերի գրասենյակներում ևս։ Այսինքն՝ որտեղ կարողանում են՝ խուզարկում են, գործ են սարքում, բռնում են, որտեղ էլ չէ՝ արդեն բռունցքների են դիմում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով թիմի դեմ իրականացվող գործողություններին։

Նշենք, որ Արթիկում ՔՊ աջակիցների կողմից ծեծի է ենթարկվել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի2-ին՝ Արթիկում։  ՔԿ-ից հայտնել են, ծեծի ենթարկելու դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը):  

Լրատվամիւոցների փոխանցմամբ՝ հունիսի 2–ին, Արթիկում ՔՊ-ականների կողմից ծեծի ենթարկված քաղաքացին այս տարվա մարտի 7–ին Նիկոլ Փաշինյանի Արթիկ կատարած այցի ժամանակ սուր հարցադրումներ է ուղղել Փաշինյանին։

Հակոբ Հարությունյանը՝ դիմելով Փաշինյանին, ասել է. «Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ Ադրբեջանը կամ Թուրքիան հակամարտություն չեն սկսի։ Դուք ընդունո՞ւմ եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ Հայաստանում գոյություն ունի նախագահ, վարչապետ և գոյություն ունի ամենայն հայոց կաթողիկոս։ Կաթողիկոսը ավելի բարձր է, քան վարչապետը։ Վարչապետը ղեկավարում է 3 մլն մարդու, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը բոլոր հայերինն է։ Սահմանադրություն կա՞ օրենք, որ կարող ենք կաթողիկոս կարգել, չէ՞ որ ինքը նախարար չի, որ հանենք ու դնենք»։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանում կաթողիկոս կլինի, թե ով կլինի, չի կարող Հայաստանի Հանրապետության դեմ գործել։ Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր ոչ մի բան չի կարա լինի։ Կաթողիկոս չկա, Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չի, քեզ համար կաթողիկոս է, ինձ համար՝ ոչ։ Դուք կարող եք ներկայացնել միայն ձեզ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը։ Ես եմ 100 հազարավոր հայ ժողովրդի ներկայացուցիչը, որովհետև իրենք քվեարկել են իմ օգտին»։

Քաղաքացին էլ պատասխանել է. «Կարող է ձեզ համար կաթողիկոս չկա, բայց հայ ազգի համար կա։ Բոլորս պետք է հարգենք մեր կաթողիկոսին, դա մեր օրենքն է։ Խնդրում եմ ձեզ, որպես վարչապետ, եղեք այնքան լեգիտիմ, որ կարողանաք հարգել մեր կաթողիկոսին»։

Նրա խոսքը դժգոհություն էր առաջացրել ներկաների մի մասի մոտ, ինչի արդյունքում իրավիճակը լարվել էր և նրանց միջև լեզվակռիվ էր սկսվել։

Նշենք, որ ըստ Makaryannews-ի, Հակոբ Հարությունյանին ծեծողներից մեկը ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին է՝ Սիփան Գրիգորյանը, որն իր ընկերների հետ հարձակվել ու դաժանաբար ծեծել է քաղաքացուն։

Այս դեպքը, սակայն, միակը չէր․ երեկ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել նաև Մասիսում «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներին։