Միասին կարող ենք
կարևոր
310 դիտում, 51 րոպե առաջ - 2026-06-02 18:41
Հասարակություն

Երևանում կառուցվող բազմաբնակարանային շենքի աշխատակիցը 4-րդ հարկից վայր է ընկել ու մահացել

Երևանում կառուցվող բազմաբնակարանային շենքի աշխատակիցը 4-րդ հարկից վայր է ընկել ու մահացել

Այսօր՝ հունիսի 2-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքում։ Ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի 14/1 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը նշված շինհրապարակում աշխատող՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Սարգիս Ս.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլիտար կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կառուցվող էլիտար շենքում բացակայում էր ցուցանակը, թե ով է կառուցապատողը, ով է պատվիրատուն, երբ է սկսվել և երբ է ավարտվելու շինարարությունը, մինչդեռ օրենքի պահանջն է, որ ցուցանակը պետք է լինի։