Միասին կարող ենք
կարևոր
781 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-02 13:42
Քաղաքական

Մեղրին հանձնե՛լ են․ Արթուր Խաչիկյանը նոր ապացույցներ է ներկայացնում

Մեղրին հանձնե՛լ են․ Արթուր Խաչիկյանը նոր ապացույցներ է ներկայացնում

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը գրել է․

«Ինչպես մենք գրել էինք ավելի վաղ՝ վկայակոչելով Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և Վաշինգտոնի Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի աղբյուրները, Հայաստանը հանձնել է Զանգեզուրի միջանցքը։ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական դեր են խաղալու, և նրանց ձեռքում է լինելու Զանգեզուրի միջանցքի ֆինանսավորումը, կառուցումը, սպասարկումն ու կառավարումը (մենեջմենթը)։ Հայկական ինքնիշխանությունը մնում է թղթի վրա։

Եվ ահա, բացահայտվեց ևս մեկ սուտ, դավաճանների այս խմբակի ևս մեկ հնարք։ Ռուբիոյի և այս խմբակի ներկայացուցչի կողմից ստորագրված համաձայնագրի տեքստը հրապարակվեց։ Այս համաձայնագիրը ևս մեկ մեխ խփեց Մեղրիի ու Սյունիքի դագաղին։

Երբ կարդում եք այս փաստաթուղթը, ձեր մազերը բիզ-բիզ են կանգնում։ Մեղրին հանձնված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ կորսված, Թուրքիան ու Ադրբեջանն այժմ կարող են վերահսկողություն զավթել Մեղրիի կամ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։

Ահա հատվածներ Երևանի օդանավակայանում վերջերս Ռուբիոյի կողմից ստորագրված համաձայնագրի տեքստից։

Հոդված 1. "Հատուկ նշանակության ընկերություն" (SPV) նշանակում է դուստր ձեռնարկություն, որը կստեղծվի TDC-ի կողմից՝ TRIPP-ի կոնկրետ մեխանիզմի իրականացման նպատակով։

Ուշադրությո՛ւն. 1-ին հոդվածը սահմանում է, որ լինելու են դուստր ձեռնարկություններ և ենթակապալառուներ։

Հոդված 3. Կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը պետք է որոշումների կայացման հատուկ մեխանիզմներ սահմանեն TDC-ի Կանոնադրության և Բաժնետիրական համաձայնագրի մեջ՝ կախված հանգամանքներից, այն վերապահված հարցերի համար, որոնք պահանջում են փոխադարձ համաձայնություն, ինչպես դա մանրամասն նկարագրված է TDC-ի Կանոնադրության և/կամ Բաժնետիրական համաձայնագրի մեջ։ Վերապահված հարցերը պետք է ներառեն, բայց չսահմանափակվեն հետևյալով. շահագրգիռ կողմերի մասնակցությունը (ներառյալ վերահսկողության փոփոխությունը TDC-ում, բաժնետոմսերի փոխանցումը TDC-ում, մասնավոր ընկերությունների գրանցումն ու տիրապետումը), որոշ խոշոր պայմանագրեր և ֆինանսական որոշումներ, կոնցեսիոն իրավունքների տրամադրումը և կոնցեսիոն համաձայնագրերի վերջնական պայմանները, ինչպես նաև Համատեղ հռչակագրին, ազգային անվտանգությանը և քաղաքական բնույթի հարցերին վերաբերող խնդիրներ։

Ուշադրությո՛ւն. այս կորպորացիան ունենալու է որոշումների կայացման իր սեփական մեխանիզմները, որոնցում ԱՄՆ-ն ունենալու է բաժնետոմսերի 74%-ը, այսինքն՝ վճռորոշ ձայն, ուստի որոշումները կայացվելու են բաժնետերերի մեծամասնության կողմից։ Հայաստանը չի կարող ասել "ոչ", նա վետոյի իրավունք չունի։

Այդ որոշումները ներառում են կորպորացիայի նկատմամբ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, սեփականատերերի փոփոխությունը, ԵՆԹԱԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ, պայմանագրերը, ֆինանսական որոշումները, ԿՈՆՑԵՍԻՈՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ հարցերը։ Սրանք որոշումներ են լինելու, որոնք կկայացվեն մի կորպորացիայի կողմից, որտեղ Հայաստանին է պատկանում բաժնետոմսերի ընդամենը 26%-ը։

Հոդված 4.

Հայաստանը համաձայն է, որ TDC կորպորացիան լիազորված կլինի ընտրել երրորդ կողմերի՝ կապալառուների կողմից մշակված յուրաքանչյուր TRIPP նախագծի իրականացման համար, ներառյալ այն երրորդ կողմերը, որոնք հանդես կգան որպես այդպիսի TRIPP նախագծի կոնցեսիոներներ, հովանավորներ, օպերատորներ, կապալառուներ և EPC (նախագծման, գնումների և շինարարության) մատակարարներ։

Ուշադրությո՛ւն. կորպորացիան ընտրելու է ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ, ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ, ԻՆԺԵՆԵՐՆԵՐԻ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ։ Այդ որոշումները կայացվելու են ոչ թե Հայաստանի, այլ ամերիկյան կորպորացիայի կողմից, որտեղ Հայաստանի մասնաբաժինն ընդամենը 26% է, ուստի նրա ձայնը նշանակություն չի ունենալու։

Հոդված 5.

Հայաստանը հաստատում է, որ, իր Սահմանադրության համաձայն, սույն Համաձայնագիրը կկիրառվի Հայաստանի օրենսդրության հետ ցանկացած հակասության դեպքում։ Միացյալ Նահանգները մտադիր են տրամադրել և/կամ օգնել ապահովելու TRIPP նախագծերի ֆինանսավորումը՝ միջոցների առկայության դեպքում և կիրառելի պահանջներին համապատասխան, կամ առևտրային պայմաններով՝ պետական և ոչ հանրային ներդրողների կողմից։

Ուշադրությո՛ւն. TRIPP Համաձայնագիրը ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ։

Հոդված 6.

Հայաստանը նախնական 49 տարի ժամկետով TDC-ին է տրամադրում հողօգտագործման բացառիկ իրավունքներ, կառուցապատման իրավունքներ, համապատասխան թույլտվություններ և բոլոր այլ իրավունքները, որոնք կորոշվեն Հայաստանի Կառավարության և TDC-ի կողմից փոխադարձ համաձայնությամբ՝ անհրաժեշտ համապատասխան օբյեկտների արդյունավետ զարգացման, շահագործման և/կամ պահպանման համար՝ կախված հանգամանքներից։ TRIPP նախագիծը, որի իրավունքները պետք է ամբողջությամբ փոխանցվեն կապալառուներին։ Հայաստանը համաձայն է, որ TDC-ին պետք է թույլատրվի մշակել կոնցեսիայի մանրամասն պայմաններ, որոնք կօգտագործվեն կոնցեսիոներ ընտրելիս, ինչպես նկարագրված է 4-րդ հոդվածի 3-րդ կետում։

Ուշադրությո՛ւն. Կորպորացիան կունենա ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ միջանցքի տարածքում ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, կառուցապատման և ԲՈԼՈՐ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ նկատմամբ։ Կորպորացիան կսահմանի կոնցեսիայի պայմանները և կընտրի այն կողմերին (երկրներ, ընկերություններ և այլն), որոնց կտրամադրվեն կոնցեսիաները։

Սա Մեղրիի ամբողջական, անվերապահ, հստակ և աներկբա ՀԱՆՁՆՈՒՄՆ է։ ԱՄՆ-ին պատկանող կորպորացիան իրավունք կունենա հրավիրել երրորդ կողմերի, ինչպիսիք են Թուրքիան ու Ադրբեջանը՝ դառնալու Մեղրիի միջանցքի ենթակապալառուներ, կառուցողներ, օպերատորներ, մենեջերներ, ֆինանսավորողներ, սեփականատերեր։ Հայաստանի Սահմանադրությունն ու հայկական օրենքներն այլևս նշանակություն չեն ունենա. TRIPP-ի համաձայնագիրը կունենա գերակա ուժ։

Ահա թե ինչու է դավաճանների այս խմբակն այդքան հուսահատ փորձում փոխել Սահմանադրությունը. որպեսզի TRIPP-ը գերակայություն ունենա Հայաստանի օրենքների նկատմամբ։

Հայաստանի ինքնիշխանության մասին խոսքերն ընդամենը խոսքեր են։ Դա կմնա թղթի վրա։ Մեղրին հանձնված է, և մենք դարձանք գաղութ։

Հայաստանը ձայնի իրավունք չի ունենալու այն հարցերում, թե ինչպես կառավարել միջանցքը, ում հրավիրել միանալ նախագծին, ֆինանսավորել այն, կառուցել ճանապարհներ, թե ով կդառնա Զանգեզուրի միջանցքի նոր սեփականատերը։ Այս փաստաթղթում ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա։

Մեղրիի և Սյունիքի դռները լայնորեն բացված են Թուրքիայի և Ադրբեջանի առաջ, որոնք կարող են այնտեղ մտնել և այլևս երբեք այնտեղից դուրս չգալ։

Եվ այդ դուռը բացվեց վախկոտ դավաճանների ու նրանց աղանդի անդամների խմբակի կողմից, որոնց միակ հոգսը իշխանության մնալը, սեփական փորը լցնելն ու սեփական երկիրը հանձնելով ավելի շատ փող աշխատելն է։

Մենք ապրում ենք ծանր ժամանակներում, որոնք հետո երկար կհիշեն մեր սերունդները, ինչպես հիմա մենք հիշում ենք 1918-1920 թվականների առաջին հայկական հանրապետության անկման մասին։ Այն ժամանակ վերջին պահին եկավ 11-րդ Կարմիր բանակը և փրկեց այդ Հայաստանի գոնե մնացորդները։

Այսօր 11-րդ Կարմիր բանակ չկա։ Կաք դո՛ւք՝ ընտրողներդ, և ձեզ մնացել է 5 օր՝ գնալու ընտրությունների, ձեզ հետ տանելու նրանց, ում դեռ չեն քաշել այս սարսափելի աղանդի մեջ, և քվեարկելու մեր փոքրիկ հանրապետության փրկության օգտին»։