|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Vectornews.ge-ն գրում է․ «2026 թվականի մայիսի 31-ին Թբիլիսիում կայացավ մեծանուն հայ աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը»։
Սայաթ-Նովայի շիրիմ այցելելու և կարմիր վարդեր խոնարհելու 112-ամյա ավանդույթը մեկնարկեց տոնի հիմնադիրներից մեկի՝ Հովհաննես Թումանյանի նախկին թբիլիսյան բնակարանից։
Կարմիր վարդերով մասնակիցները քայլերթով անցան Թբիլիսիի կենտրոնական փողոցներով։ Քայլերթն ավարտվեց Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, որտեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Մասնակիցները կարմիր վարդեր խոնարհեցին Սայաթ-Նովայի շիրիմին, որից հետո տոնական միջոցառումները, ավանդույթի համաձայն, շարունակվեցին Վախթանգ Գորգասալիի անվան հրապարակում, որտեղ կայացավ բացօթյա համերգ՝ նվիրված մեծ աշուղի ստեղծագործական ժառանգությանը։
Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի իշխանությունների, դիվանագիտական կորպուսի, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան Վիրահայերի Միության նախագահ Մարիամ Առաքելովան, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիա Վոլսկին, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրին, Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մակվալա Գոնաշվիլին և Հայաստանի ու Վրաստանի գրողների միությունների անդամ Ռուզաննա Հովասափյանը։ Իրենց ելույթներում նրանք ընդգծեցին «Վարդատոնի» նշանակությունը՝ հայ-վրացական մշակութային ժառանգության պահպանման, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և մշակութային երկխոսության զարգացման գործում։
Համերգային ծրագրին մասնակցեցին Հայաստանի և Վրաստանի կատարողներ, համույթներ և ստեղծագործական խմբեր։ Համերգի գլխավոր ելույթներից մեկը Հայաստանի Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբինն էր։ Արփիի և Վարդան Բադալյանի հետ միասին նվագախումբը ներկայացրեց Սայաթ-Նովայի ստեղծագործությունները։
Տոնական միջոցառման վարողներն էին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասաններ Գլորիա Գևորգյանն ու Հենրիխ Պետրոսյանը։
«Վարդատոնի» ավանդույթը սկիզբ է առել 1914 թվականին։ Այն հիմնադրվել է հայ գրող Հովհաննես Թումանյանի, վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլիի և նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ։ Ավելի քան մեկ դար շարունակ տոնի մասնակիցները կարմիր վարդեր են խոնարհում Սայաթ-Նովայի շիրիմին՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։
Այսօր «Վարդատոնը» հայ-վրացական բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության խորհրդանիշներից մեկն է»։