Միասին կարող ենք
կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-01 23:53
Հասարակություն

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը հայտնում է.

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ, այսօր ցանկանում եմ ձեզ դիմել ոչ միայն որպես ղեկավար, այլ՝ որպես մարդ, ով պատիվ է ունեցել աշխատելու ձեզ հետ՝ մի մեծ ընտանիքում, որի անունը շտապբուժօգնություն է։

Ես ավարտում եմ իմ գործունեությունը տնօրենի պաշտոնում։

Խորին շնորհակալություն եմ հայտնում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բոլոր աշխատակիցներին՝ ձեր նվիրումի, տոկունության, մասնագիտական բարձր պատասխանատվության և մարդկայնության համար։ Շտապբուժօգնության համակարգը ուժեղ է հենց ձեր շնորհիվ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ամենադժվար պահերին կանգնել են կողքիս, հավատացել մեր աշխատանքին և միասին կրել այս մեծ պատասխանատվությունը։ Միաժամանակ, իմ  շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ առողջապահության նախարարին և առողջապահության նախարարության ողջ անձնակազմին՝ առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքի համար։

Իմ խորին երախտագիտությունն ու առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ մշտական վստահության, սկզբունքային աջակցության և շտապբուժօգնության ծառայության զարգացման նկատմամբ ցուցաբերած հետևողական ուշադրության համար։ Քաղաքապետի աջակցությամբ և հստակ տեսլականի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել բազմաթիվ կարևոր ծրագրեր ու բարեփոխումներ, որոնք նպաստեցին ծառայության տեխնիկական վերազինմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և քաղաքացիներին մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացմանը։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանին՝ ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած մշտական հոգատար վերաբերմունքի, օպերատիվ արձագանքի և արդյունավետ համագործակցության համար։ Մեր համատեղ աշխատանքի ընթացքում բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ իրականացվեցին փոխըմբռնման, գործընկերային վստահության և մեկ ընդհանուր նպատակի՝ երևանցիներին առավել հասանելի և որակյալ շտապբուժօգնություն ապահովելու գաղափարի շուրջ։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանին՝ ամենօրյա համագործակցության, մասնագիտական աջակցության և համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Մաղթում եմ բոլորիդ անվտանգ հերթապահություններ, ուժ, առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ և կայուն խաղաղություն։

Շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի, ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների և ստեղծած արժեքների համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այս բացառիկ կոլեկտիվը և աշխատել մարդկանց հետ, որոնց համար մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ, այլ առաքելություն։

Վստահ եմ, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն շարունակելու է զարգանալ, ամրապնդվել և ծառայել մեր քաղաքացիներին նույն պատասխանատվությամբ, նվիրումով և պատվով։

Հարգանքով՝

Ռ. Ա. Գրիգորյան»։