Միասին կարող ենք
կարևոր
790 դիտում, 54 րոպե առաջ - 2026-06-02 09:38
Հասարակություն

Փաշինյանը հրաժարվել է ուղիղ եթերից. ուր է անհետացել կրծքի բարձրախոսը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը հրաժարվել է ուղիղ եթերից. ուր է անհետացել կրծքի բարձրախոսը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկը գրեթե անընդհատ ուղիղ եթերներն էին։ Վարչապետը մայիսի սկզբից հանրային հանդիպումների, շրջայցերի և նախընտրական միջոցառումների ժամանակ մշտապես երևում էր կրծքին ամրացված բարձրախոսով, որի միջոցով սոցիալական հարթակներում ուղիղ հեռարձակումներ էր իրականացնում։

Այդ գործելաոճն անգամ մի քանի անգամ անհարմար իրավիճակների պատճառ դարձավ։ Մասնավորապես, քարոզարշավի ընթացքում արձանագրվեց դեպք, երբ արտաքին քաղաքական ոլորտը համակարգող պատասխանատու նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի ականջին փորձեց ինչ-որ տեղեկություն փոխանցել, նրա կրծքին ամրացված բարձրախոսի պատճառով այդ խոսակցությունը ևս լսելի դարձավ ուղիղ եթերի հետևորդների համար։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է հետաքրքիր փոփոխություն. վերջին 5 օրերին Փաշինյանը հանրային միջոցառումների ժամանակ այլևս չի երևում կրծքին ամրացված ուղիղ եթերի բարձրախոսով։ «Ժողովուր» օրաթերթի դիտարկմամբ՝ վերջին անգամ կրծքի բարձրախոսը տեսանելի է եղել շուրջ հինգ օր առաջ, որից հետո վարչապետը կարծես հրաժարվել է քարոզարշավի այդ ձևաչափից:

Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը՝ տեխնիկական, մարտավարական, թե քաղաքական նկատառումներով, առայժմ հայտնի չէ։ Սակայն փաստ է, որ քարոզարշավի սկզբում Փաշինյանի գրեթե մշտական «ուղիղ եթերային» ներկայությունը վերջին օրերին նվազել է, իսկ կրծքին ամրացված բարձրախոսը, որն արդեն դարձել էր նախընտրական արշավի խորհրդանիշներից մեկը, այլևս չի երևում վարչապետի հանրային ելույթների ժամանակ»։