|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 429.12 |
| RUB | ⚊ | ₽ 5.0629 |
| GBP | ⚊ | £ 496.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.37 |
Ռուս-ուկրաինական խաղաղության գործընթացը ներկայում կասեցված է, սակայն ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները շարունակվում են։ «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը վերջերս Աստանայում ասել է, որ գործընթացն իսկապես կասեցված է, բայց դա չի նշանակում, որ ամերիկացիների հետ շփումներ չկան։ Շփումները մշտապես շարունակվում են առկա խողովակներով», - նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե երբ կարող են վերսկսվել ռուս-ուկրաինական խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունները։
Նա նաև վերահաստատել է, որ Ռուսաստանը բաց է մնում խաղաղության շուրջ բանակցությունների համար և պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը: Այնուամենայնիվ, ըստ Պեսկովի, եթե Ուկրաինան շարունակի ձգձգել գործընթացը և հրաժարվի լուրջ որոշումներ կայացնել խաղաղ կարգավորման հասնելու համար, «հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի:
Միջազգայնորեն չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստարոբելսկ բնակավայրի քոլեջի վրա հարձակման վերաբերյալ նա նշել է, որ «եթե Կիևի ռեժիմը միտումնավոր է նման անմարդկային, ահաբեկչական գործողություններ կատարում խաղաղ բնակիչների և երեխաների դեմ, որոնք գերազանցում են մարդկության սահմանները, դա բոլորովին այլ հարացույց է»։ Հիշեցնենք՝ քոլեջի վրա հարձակման հետևանքով 21 մարդ էր զոհվել։
Պեսկովը նաև շեշտել է, որ Ուկրաինայի հետ հակամարտությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Ուկրաինայի զինված ուժերը «լքեն Ռուսաստանի շրջանները»։
«Ինչ վերաբերում է Զելենսկուն և պատերազմի ավարտին տարեվերջին, պատերազմը կարող է ավարտվել օրվա վերջում։ Մենք այս մասին բազմիցս խոսել ենք։ Նախագահը նույնպես խոսել է այս մասին, երբ ելույթ է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում», - ասել է Պեսկովը։
«Դրա համար Զելենսկին պետք է հրամայի իր զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները», - ընդգծել է նա։