Միասին կարող ենք
կարևոր
415 դիտում, 49 րոպե առաջ - 2026-05-12 18:58
Հասարակություն

Հերքում. «Վիվա Արմենիայի» դեմ՝ սեփականության իրավունքի խախտման հայց. գործը հասել է դատարան» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Հերքում. «Վիվա Արմենիայի» դեմ՝ սեփականության իրավունքի խախտման հայց. գործը հասել է դատարան» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Yerkir.amգրել էր.

««Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ քաղաքացի Ալեքսան Ներսիսյանը դատարանում վիճարկում է «Վիվա Արմենիա» ընկերության գործողությունները՝ պնդելով, որ խախտվել է իր սեփականության իրավունքը։ Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նանա Դալլաքյանի նախագահությամբ»։

Yerkir.am-ը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ստացել է հերքում այս տեղեկության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

««Վիվա Արմենիա» ՓԲԸ տեղեկացնում ենք, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն առ այն, որ, մեջբերում ենք՝ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հերթական ուշագրավ քաղաքացիական վեճը, որի կենտրոնում այս անգամ հեռահաղորդակցության ոլորտի խոշոր խաղացողներից մեկն է՝ «Վիվա Արմենիա» ընկերությունը»: Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ թիվ ՏԴ/0270/02/26 քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր Նանա Դալլաքյանին, բայց դեռևս վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացվել և, հետևաբար՝ ներկայում դատական գործի քննություն չի իրականացվում, իսկ Viva-ն դեռևս որևէ դատական ծանուցում չի ստացել (գործի կարգավիճակի վերաբերյալ քաղվածքը, որն ունի բաց հասանելիություն Դատալեքս www.datalex.am համակարգում, կցված է սույն գրությանը)։ 

Քանի որ այս փուլում datalex.am համակարգը չի ներկայացնում հայցապահանջի ամբողջ բովանդակությունն ու խնդիրը, ստորև հարկ ենք համարում ներկայացնել խնդրո առարկայի հակիրճ նկարագրությունը․ Հայցվոր Ալեքսան Ներսիսյանը դատարան է դիմել պահանջով՝ պարտավորեցնել «Վիվա Արմենիա» ՓԲ Ընկերությանը վերացնելու հայցվորի սեփականության իրավունքի խախտումը, այն է՝ իր միջոցներով հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ ՀՀ, Տավուշի մարզ, Դիլիջանի համայնք, գ․ Աղավնավանք, 1-ին փ, թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը և դրա համար տեղադրված մետաղական հենասյունը։

Առհասարակ՝ տարակուսանք է առաջացնում քաղաքացու կողմից դատարան դիմելու հանգամանքը։ Ընկերությունը մշտապես ձգտում է գտնել կառուցողական լուծումներ, և այս դեպքում ևս Viva-ն նույնպես իրականացրել է այդպիսի քայլեր։

Հայցվոր Ալեքսան Ներսիսյանի կողմից նախորդ տարի հենասյան ապամոնտաժման վերաբերյալ դիմումը ստանալուց հետո կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պատվիրել նախագիծ և իրականացնել ինչպես հենասյան ապամոնտաժումը, այնպես էլ օդային գծի տեղափոխումը։ Նախ՝ չափագրության արդյունքում պարզվել է, որ մետաղական հենասյան մեկ ոտքը գտնվում է Ալեքսան Ներսիսյանի հողամասում, իսկ էլեկտրասնուցման օդային գիծը մոտ 70-80 մետր հատվածով անցնում է նրա տարածքի վրայով։

Նախագիծը պատվիրվել է, ինչպես նաև ստացվել են սնման կետի փոփոխության տեխնիկական պայմանները։ Ներկայում նախագիծը գտնվում է համայնքի կողմից հաստատման գործընթացում, որի ընթացքում տեխնիկական խնդիրներ են առաջացել կադաստրային քարտեզների հետ կապված։ Նախագիծն իրականացնող ընկերությունը դիմել է նաև Կադաստրի կոմիտե, սակայն խնդիրը դեռևս լուծում չի ստացել։

Միաժամանակ, Viva-ի աշխատակիցը և կապալառու կազմակերպության ներկայացուցիչը այցելելու են տարածք՝ համայնքի վարչական ղեկավարի հետ քննարկելու և հարցի լուծմանը նպաստելու նպատակով։ Մեր նպատակն է հնարավորինս արագ իրականացնել հենասյան ապամոնտաժումն ու օդային գծի տեղափոխումը Ալեքսան Ներսիսյանի տարածքից, ինչի մասին վերջինս արդեն տեղեկացվել է նաև հեռախոսազրույցի ընթացքում»։