կարևոր
283 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-20 14:23
Հասարակություն

Թուրքիան այս շաբաթ (16.02.26-20.02.26)

Թուրքիան այս շաբաթ (16.02.26-20.02.26)

Քաղաքականություն- Էրդողանը հայատարել է, որ Թուրքիան ցանկացած քայլ ձեռնարկում է իր անվտանգության համար

Փետրվարի 19-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել տարածաշրջանում Թուրքիայի «անվտանգությանը» միտված քայլերին։ Նա մասնավորապես նշել է, թե Թուրքիան անդրսահմանային գործողություններում կդիմի ցանկացած քայլի՝ իր «անվտանգությունն ապահովելու» նպատակով։ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես եկած Էրդողանը նաև ընդգծել է․ «Մենք գիտակցում ենք, թե ինչ խաղեր են խաղում և ինչպիսի թակարդներ լարում։ Այսօր հասել ենք այն կետին, երբ Թուրքիան իր սահմաններից դուրս ևս ամեն տեսակի քայլ կատարում է սեփական անվտանգության համար։ Մենք չեզոքացնում ենք այն բոլոր սպառնալիքներն ու վտանգները, որոնք հանդիպում են։ Մեր հերոս բանակի շնորհիվ սահմանափակել ենք ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ոլորտները»։ Էրդողանը նաև շեշտել է, թե ոչ ոք չի կարողացել այդ տարածքներից վռնդել իրենց։ Նա այդ մասին մասնավորապես ասել է․ «Քանի՜ քաղաք կողոպտվեց մեր երկրում, քանի՜ գյուղ հրկիզվեց ու ավիրվեց։ Սակայն ինչ էլ արեցին՝ չկարողացան մեզ դուրս նետել այս տարածքներից։ Չկարողացան լռեցնել մեր էզանների ձայնը, չկարողացան իջեցնել մեր դրոշը։ Մեր կյաքը տվեցինք, բայց մեր ապագան չվտանգեցինք»։

Միջազգային- Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է զորք տրամադրել միջազգային կայունացնող ուժերին

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ի նախագահությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած Գազայի խաղաղության խորհրդի առաջին նիստին որպես Թուրքիայի ներկայացուցիչ մասնակցել է նաև այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանն իր ելույթում շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել միջազգային կայունացնող ուժերին։ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը վճռական է տրամադրված Գազայի անվտանգության, կայունության և վերակառուցման հարցում, և հիշեցրել, որ Թուրքիան ներկայում էլ մեծ թվով հումանիտար օգնություն է ցուցաբերում Գազային։ Ֆիդանը ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփին ուղղված իր խոսքում նաև նշել է, որ Թուրքիան մնայուն և արդար խաղաղության կողմնակից է և պատրաստ է իր ջանքերն ուղղել այդ նպատակի իրագործման համար։

Բանակ- Թուրքիայի նախագահականում նիստ է տեղի ունեցել ռազմական արդյունաբերությունը զարգացնելու նպատակով

Թուրքիայի նախագահականում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամ նիստ է տեղի ունեցել այս երկրում ռազմական արդյունաբերության զարգացմանը զարկ տալու նպատակով։ Նիստում քննարկվել են նաև այդ ուղղությամբ անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ Մասնակիցներն իրենց գոհունակությունն են արտահայտել 2025 թ․ կատարված աշխատանքներից։ Ժողովում նաև շեշտվել է, որ գովելի է, որ ռազմական արդյունաբերությունը զարգացել է հատկապես ազգային և տեղական տեխնոլոգիաների կիրառման միջոցով։

Խոսքի ազատություն- Թուրքիան ամենաշատ խախտումներ ունեցող երկիրն է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ունեցող պետությունների մեջ

«Մամուլի ազատության արագ արձագանքման» զեկույցի համաձայն՝ Թուրքիան մամուլի ազատության հարցում ամենաշատ խախտումներ արած երկիրն է ԵՄ մուտք գործել ցանկացող երկրների շարքում։ Ըստ զեկույցում հրապարակված տվյալների՝ Թուրքիան 2025 թ․ առաջին կեսին առնվազն 64 խախտում է գործել, որից տուժել են 157 լրագրողներ ու մեդիա կազմակերպություններ։ Զեկույցում նշվել է, որ մամլո ներկայացուցիչները Թուրքիայում ենթարկվում են հարցաքննությունների, դատավարությունների, ձերբակալությունների և այլ ճնշումների։ Մամուլի ազատության կազմակերպությունները կոչ են արել Անկարային խոսքի ազատությունը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին։

Ընդդիմություն- ԺՀԿ-ի առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ իր կուսակցությունը ջանքեր է գործադրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (Cumhuriyet Halk Partisi / CHP) կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելն այցելել է «Նեֆես» պարբերականի խմբագրություն և հարցազրույց տվել։ Նա իր մեկնաբանություններում անդրրադարձել է նաև 2027 թ․ դեկտեմբերի 14-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային՝ շեշտելով, որ այդ տարեթվին Թուրքիան կազատվի Արդարություն և զարգացում կուսակցությունից։ «Աշխարհի քաղաքական պատմության ամենամեծ նախընտրական քարոզչության շեմին ենք։ Այդ գործընթացի 338-րդ օրն է այսօր։ Եթե հարկ լինի, 1000 օրվա տևողությամբ արշավ կանենք»,-մասնավորապես հայտարարել է Օզգյուր Օզելը։ Նա նաև հայտնել է, որ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն Էքրեմ Իմամօղլուն է։

Տնտեսություն- Թուրքիայում առաջին ձեռքից ծախվող անշարժ գույքի վաճառքը նվազել է

Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ Թուրքիայում առաջին ձեռքից ծախվող անշարժ գույքի վաճառքի թիվը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 2․1 տոկոսով։ Նվազում է արձանագրել նաև երկրորդ ձեռքից վաճառվող անշարժ գույքերի թվում։ Մեծացել է հիփոթեքային վարկով գնվող բնակարանների թիվը։ 

Հասարակություն- Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ ծխելուց հրաժարվելու համար պոլիկլինիկաներ դիմողների թիվն ավելացել է

Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հայտնել է, որ երկրում ավելացել է ծխելը թողնելու նպատակով պոլիկլինիկաներ դիմող քաղաքացիների թիվը։ Նախարարը նաև իր հայրենակիցներին կոչ է արել հրաժարվել ծխախոտից Ռամադան ամսվա ընթացքում։ Քեմալ Մեմիշօղլուն նաև հավելել է․ «Այս ցուցանիշն ապացուցում է, որ մեր քաղաքացիներն աջակցում են մեզ ծխախոտի դեմ պայքարում»։ Մեմիշօղլուն այդ մեկնաբանություններով հանդես է եկել Զոնգուլդաքում, ուր գնացել է առողջապահության ոլորտում ներդրումներ ապահովելու նպատակով։

 Պատրաստեց Մելինե Անումյանը

www.akunq.net