կարևոր
742 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-21 15:49
Քաղաքական

Սպիտակի երկրաշարժն ապացուցել է Հայկական ԱԷԿ-ի հուսալիությունը. Զախարովա

Սպիտակի երկրաշարժն ապացուցել է Հայկական ԱԷԿ-ի հուսալիությունը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված խնդիրների մասին հրապարակումները «հին ճռռացող ձայնապնակ» է անվանում։ Նա այդ մասին խոսել է այսօրվա ճեպազրույցի ժամանակ, հայտնում է arm.sputniknews.ru-ն։

Զախարովան ընդգծել է, որ այդ նյութերում որևէ փաստական բաղադրիչ չկա։ Նա չի բացառել, որ Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ հոդվածները պատվիրված են։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` հաշվի առնելով այն, որ Մեծամորի ատոմակայանի հիմնական գործընկերը ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատվությամբ է մոտենում անվտանգության հարցերին, առանձին լրագրողների մեկնաբանությունները միայն տարակուսանք են առաջացնում:

Զախարովան նաև չի բացառել, որ նման հրապարակումները քաղաքական դրդապատճառներ ունեն Երևանում COP17–ի անցկացման ֆոնին։

«Նաև հնարավոր է, որ նման նյութերը պայմանավորված են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը ինչ-որ կերպ վնաս հասցնելու ցանկությամբ», նշել է դիվանագետը:

Զախարովան ընդգծել է, որ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային կայանքը հատուկ հարմարեցված է տարածաշրջանի բարձր սեյսմակայունությանը՝ այն կայուն դարձնելով տարերքի մարտահրավերների նկատմամբ: Նրա խոսքով՝ հուսալիության ապացույցն այն է, որ անվտանգության բոլոր համակարգերը 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ աշխատել են նախատեսված կարգով:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ անցած տարիների ընթացքում «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ զգալի ծավալի աշխատանքներ է կատարել ՀԱԷԿ-ի անվտանգության և հուսալիության բարձրացման ուղղությամբ: Հոկտեմբերի սկզբին հաստատվել է կայանը մինչև 2031 թվականը շահագործելու անվտանգությունը, համաձայնեցվել է 2027-2030 թվականների միջոցառումների ծրագիրը, այդ թվում՝ գործողության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու նպատակով։

Այս համատեքստում Զախարովան նշել է, որ պաշտոնական Երևանը պարբերաբար ընդգծում է կայանի աշխատանքի ժամկետի երկարացման հարցում իր շահագրգռվածությունը։ Զախարովայի խոսքով՝ նախատեսվում է արդիականացնել արտակարգ իրավիճակներին արձագանքման առանցքային համակարգերը, բոլոր միջոցառումներն իրականացվում են համաձայն ՄԱԳԱՏԷ-ի պահանջների ու չափանիշների: Ավելին` գործակալության մասնագիտական խումբը 2025 թվականին եզրակացություն է տվել, որ կայանը համապատասխանում է անվտանգության միջազգային պահանջներին։

«Արդյոք այդ բոլոր փաստերն արտացոլվե՞լ են հիշյալ հրապարակումներում։ Չէ՞ որ դրանք փաստեր են։ Պատասխան՝ ո՛չ», - եզրափակել է դիվանագետը։

Ավելի վաղ ադրբեջանական 1news.az–ն իր հոդվածում շոշափել էր Հայկական ԱԷԿ-ի անվտանգության հարցը՝ նշելով, թե իբր օդի, ջրի և հողի ռադիոակտիվ աղտոտումը կարող է հանգեցնել երկարաժամկետ բնապահպանական և մարդասիրական հետևանքների՝ ազդելով դեպքի վայրից շատ հեռու գտնվող տարածքների վրա: