Միասին կարող ենք
կարևոր
1759 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-27 16:18
Հասարակություն

Վրաստանը կկառուցի նոր գազատար՝ Հայաստանի գազամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար

Վրաստանը կկառուցի նոր գազատար՝ Հայաստանի գազամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար

Yerkir.am-ը ներկայացնում է «Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի» կողմից Շրջակա միջավայրի ազգային գործակալությանը ուղղված նամակը․

««Վրաստանի նավթի և գազի կորպորացիան» նախատեսում է իրականացնել «Ղազախ–Սագուրամո» մայրուղային գազատարի Հայաստանի ուղղությամբ DN1200 մմ տրամագծով ճյուղավորման կառուցման նախագիծը։

Նախագծվող գազատարի երկարությունը կազմում է 5 548 մետր։

Հայաստանում բնական գազի մատակարարումը 1959 թվականից իրականացվել է Ադրբեջանից՝ «Ղազախ–Երևան» 530 մմ տրամագծով մայրուղային գազատարով, որը միացված էր «Ղարադաղ–Թբիլիսի» 720 մմ տրամագծով մայրուղային գազատարին։

Գազի տեղափոխումը այս սխեմայով շարունակվել է մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության առաջացումը։

Հակամարտության սրման արդյունքում Ադրբեջանը 1990 թվականին միակողմանիորեն սկզբում փակել, ապա իր տարածքում կտրել է «Ղազախ–Երևան» գազատարը, ինչի հետևանքով Հայաստանը մնացել է առանց բնական գազի մատակարարման։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ եռակողմ միջպետական համաձայնությամբ (Հայաստան, Վրաստան և Ռուսաստան) որոշվել է կազմակերպել ռուսական գազի մատակարարումը Հայաստան՝ Ռուսաստան–Վրաստան գործող «Վլադիկավկազ–Թբիլիսի» մայրուղային գազատարով, որը կապված է «Ղազախ–Սագուրամո» մայրուղային գազատարին։

43,2 կմ հատվածից կառուցվել է «Կարմիր կամուրջ – Բերդ» 12 կմ երկարությամբ և 1020 մմ տրամագծով նոր գազատար։

Նշված գազատարի վերջին մեկ կիլոմետրը գտնվում է եռակողմ սահմանին մոտ (Ադրբեջան–Հայաստան–Վրաստան)։ 1990-ականներին, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ընթացքում, տվյալ հատվածը ականապատվել է։

Արդյունքում տվյալ հատվածում անհնար է ապահովել գազատարի պատշաճ շահագործումը, իսկ վթարային իրավիճակի դեպքում վտանգի տակ կհայտնվի Հայաստանի անխափան գազամատակարարումը։

Հաշվի առնելով, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն ստանդարտները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, միջպետական համաձայնության հիման վրա որոշվել է դուրս բերել գազատարի խնդրահարույց հատվածը ականապատ գոտուց և կառուցել նոր գազատար անվտանգ հեռավորության վրա։

Ինչպես հայտնի է, Վրաստանի «Շրջակա միջավայրի գնահատման օրենսգրքի» II հավելվածի համաձայն՝ գազի տեղափոխման նպատակով 5 կիլոմետրից ավելի երկարությամբ խողովակաշարի կառուցումը ենթակա է սկրինինգի ընթացակարգի»։

 

Նամակը վրացերենից թարգմանվել է Vector News-ի կողմից