|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի իշխանությունները ժամանակի ընթացքում կորոշեն՝ շարունակե՞լ անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), թե՞ դուրս գալ կառույցից։ Այս մասին Մոսկվայում անցկացված ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու ժամանակի ընթացքը կարող են ազդել պետությունների դիրքորոշումների վրա՝ ստիպելով վերանայել նախկինում ընդունված որոշումները։
«Ժամանակը գնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, իրավիճակն աշխարհում փոխվում է։ Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը, հայ ժողովուրդը հավանաբար ճիշտ որոշում կկայացնեն՝ մնա՞լ նրանք մեր հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե՞ դուրս գալ», – ասել է Մասադիկովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանը իրավական տեսանկյունից շարունակում է մնալ կազմակերպության անդամ, սակայն արդեն մի քանի տարի է՝ չի մասնակցում կառույցի բյուջեի ֆինանսավորմանը։
«Փաստացի, Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ անդամավճարներ չի վճարում ՀԱՊԿ բյուջե», – ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ Մասադիկովը բարձր է գնահատել Հայաստանի ունեցած դերակատարությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ նշելով, որ երկիրը նշանակալի դրական ներդրում է ունեցել ինչպես անդամ պետությունների միջև հարաբերությունների զարգացման, այնպես էլ կազմակերպության գործունեության տարբեր ուղղությունների առաջխաղացման գործում։
Անդրադառնալով Հայաստանի անդամակցության շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր հանգուցալուծմանը՝ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հարցն ի վերջո կկարգավորվի։ Սակայն, նրա գնահատմամբ, դեռևս պարզ չէ՝ դա տեղի կունենա՞ Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, թե՞ ավելի ուշ։
«Կարծում եմ, որ խնդիրը, հավանաբար, կլուծվի, բայց Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանում, թե ոչ՝ դա արդեն պետությունների ղեկավարների հարցն է», – եզրափակել է Մասադիկովը։