Միասին կարող ենք
կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 13:17
Հասարակություն

Թուրքիան այս շաբաթ (16.03.26-20.03.26)

Թուրքիան այս շաբաթ (16.03.26-20.03.26)

1. Քաղաքականություն- Էրդողան․ «Սիոնիստական Իսրայելը հազարավոր մարդ է կոտորել»

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է իր ծննդավայր Ռիզե նահանգի Գյունեյսու գավառի կենտրոնական մզկիթը։ Էրդողանը Ռամադան տոնի առթիվ նամազ է արել և զրուցել մզկիթում հավաքված քաղաքացիների հետ։ Նա շնորհավորելով այնտեղ հավաքված բազմությանը Ռամադան տոնի կապակցությամբ՝ մասնավորապես շեշտելով, որ իսլամական աշխարհը շատ լուրջ նեղությունների մեջ է․ Մերձավոր Արևելքը եռում է, անընդմեջ նահատակներ և գազիներ են ի հայտ գալիս։ Նա նաև ընդգծել է, որ համայն իսլամական աշխարհը պետք է միավորվի այդ մարտահրավերներին դեմ-հանդիման։ Էրդողանը խիստ է արտահայտվել Իսրայել պետության մասին՝ մասնավորապես ասելով, որ Իսրայելը հայուրավոր, հազարավոր մարդկանց է կոտորում, և որ ինքը կասկած չունի՝  այդ պետությունը թանկ է վճարելու իր կատարած ոճիրների համար։

 2. Ընդդիմություն- «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ․ «Մեր թերության ցուցանիշն է այն, որ Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռները վնասազերծվում են ՆԱՏՕ-ի կողմից»

 «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը իր կուսակցության կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամլո ասուլիսին հանդես է եկել Թուրքիայի ներկայիս իշխանությունների հասցեին ուղղված քննադատությամբ։ Նա քննադատել է Էրդողանի կառավարության քաղաքականությունը թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով։ Օզդաղը մասնավորապես շեշտել է, որ Թուրքիայի պաշտպանական համակարգը լի է բացերով։ Ըստ նրա՝ այն փաստը, որ Թուրքիայի տարածք ուղարկված բալիստիկ հրթիռները չեզոքացվել են ոչ թե թուրքական ռադարների, այլ՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի միջոցով, բացահայտում է այս ոլորտում Թուրքիայի թերությունները։ Օզդաղն ընդգծել է, որ Թուրքիան երկար տարիներ է, ինչ գտնվում է բալիստիկ հրթիռների կողմից հրթիռակոծվելու վտանգի տակ։ Նա նաև հավելել է․ «Մենք էլ ենք տեսնում, որ պաշտպանական արդյունաբերության առնչությամբ լավ գործեր են արվել, սակայն ակնհայտ է, որ դրանք բավարար չեն, և որ Թուրքիան բացեր ունի ինքնապաշտպանական համակարգում»։

 3. Տնտեսություն- ԵՄ-ն առաջարկել է Թուրքիային ընդգրկվել Եվրոյով վճարումների միասնական տարածք

Եվրոպական Միության Թուրքիայի պատվիրակության ժամանակավոր հավատարմատար Յուրգիս Վիլչինսկասը հայտարարել է, որ ԵՄ-ն անցյալ ամիս Թուրքիային առաջարկել է ընդգրկվել Եվրոյով վճարումների միասնական տարածք՝ այս երկրի՝ ԵՄ անդամակցությանն ուղղված աշխատանքները դյուրացնելու և արտասահման գումար ուղարկողների գործը հեշտացնելու նպատակով։ Վիլչինսկասը հայտնել է, որ այդ առաջարկով հանդես է եկել ԵՄ Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, փետրվար ամսին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման շրջանակներում։ ԵՄ-ի համաձայն՝ 41 երկիր ընդգրկող Եվրոյով վճարումների միասնական տարածքը (SEPA-ն) արտերկիր ուղարկվող եվրոյով վճարումները դարձնում է նույնքան էժան, արագ և ապահով, որքան՝ երկրի ներսում կատարվող դրամական գործարքները։

4․ Հասարակություն- Թուրք ուսանողները բողոքի ցույց են արել Ստամբուլում՝ պահանջելով ազատ արձակել Էքրեմ Իմամօղլուին

Ստամբուլի Բայազետ հրապարակում Ստամբուլի համալսարանի ուսանողները բողոքի ցույց են արել՝ ընդդեմ անցյալ տարվա մարտի 19-ին ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատազրկման։ Ստամբուլի համալսարանի ուսանողները նաև հանդես են եկել մամլո հաղորդագրությամբ։ Նրանք կրել են «Երիտասարդությունն այստեղ է, ազատությունը՝ փողոցում», «Դա չի կարող այդպես ավարտվել», «Երիտասարդները քայլում են, պայքարը՝ շարունակվում» և այլ կարգախոսներով պաստառներ։ Ուսանողները հայտարարել են, որ վերջին մեկ տարում հատկապես երիտասարդներն են ծանր գին վճարում Թուրքիայում տիրող մթնոլորտի պատճառով․ բազմաթիվ ուսանողներ ձերբակալվել են, կալանավորվել և ամիսներով բանտերում պահվել։ Բայց և այնպես, երիտասարդության ձայնը հնարավոր չի եղել խեղդել, և ուսանողները շարունակելու են պայքարել։ Ցուցարարները նաև քննադատել են ԱՄՆ-ի և Իսրայելի վարած ծավալապաշտական քաղաքականությունը։

 Պատրաստեց Մելինե Անումյանը

www.akunq.net