|
Փոխարժեքներ
27 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.36 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.5802 |
| GBP | ⚊ | £ 503.93 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Պաշտոնական-ԹԱՄԺ-ի նախագահը հանդիպել է Ռումինիայի վարչապետի հետ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը պաշտոնական այց է կատարել Բուխարեստ և հանդիպել Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանի հետ։ Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Թուրքիայի և Ռումինիայի բարձրաստիճան պաշտոնյանների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Քուրթուլմուշը մաղթել է, որ իր այցը զարկ տա երկու երկրների միջկառավարական ու միջխորհրդարանային համագործակցության զարգացմանը։ ԹԱՄԺ-ի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել երկու պետությունների՝ միջազգային հարթակներում կատարվող համատեղ աշխատանքների կարևորության վրա։ Նա իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Ռումինիայի միջև բարեկամական հարաբերությունների մակարդակից։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև տնտեսական համագործակցության, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների հետ առնչվող հարցեր։

Քաղաքական- Էրդողան․ «Թուրքիան շարունակելու է տարածաշրջանում մեծարել եղբայրության տիեզերական լեզուն»
Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռամադան տոնին նվիրված իր ելույթում հայտարարել է, որ Թուրքիան «չի տրվելու բռնության, ատելության, վրեժխնդրության հռետորաբանությանը, այլ շարունակելու է տարածաշրջանում մեծարել սիրո, խաղաղության և եղբայրության տիեզերական լեզուն»։ Նա Թուրքիայի կառավարության նիստից հետո հանդես է եկել «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացի մասին մեկնաբանություններով։ Այդ թեմայով Էրդողանը մասնավորապես նշել է․ «Վերջին երկու տարում նկատելի է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացի ազդեցությամբ պայմանավորված՝ ահաբեկչական գործողությունների հետ կապված դեպքերը զգալիորեն նվազել են։ Նովրուզի պատրվակի տակ մեր ազգի նյարդային համակարգի հետ խաղացող ստոր մարդկանց առնչությամբ անում ենք այն, ինչ անհրաժեշտ է, ինչպես պատահեց Դիարբեքիրում և Ստամբուլում։ Մենք թույլ չենք տա Նովրուզի արժեքների վրա ստվեր գցող որևիցե սադրանք»։ Էրդողանը նկատի ունենալով քրդերին, թուրքերին, արաբներին և պարսիկներին՝ հավելել է․ «Մենք 1000 տարի է՝ միասին ենք ապրում այս տարածաշրջանում։ Մեր ուրախությունն ու տխրությունն էլ են նույնը եղել։ Այսօր ևս մեր սիրտը համընթաց է զարկում, մեր արցունքները՝ միաժամանակ հոսում։ Այս Նովրուզին, որն անցնում է պատերազմների բովում, տարածաշրջանի ժողովուրդներին, գլխավորապես մեր ազգին խաղաղություն և բարօրություն ենք մաղթում»։

Ընդդիմություն- Թուրքիայի DEVA կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջան․ «Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, Թուրքիային կործանում է սպառնում»
Թուրքիայում ընդդիմադիր DEVA (Ժողովրդավարություն և առաջընթաց) կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը հանդես է եկել իշխանություններին ուղղված քննադատական ելույթով։ Նա մասնավորապես շեշտել է․ «Եթե անգամ պատերազմ չլինի էլ, մեր երկրին կործանում է սպառնում»։ ԹԱՄԺ-ում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկմանը Բաբաջանը նաև հայտարարել է, որ Թուրքիան Պաղեստինի հարցում պետք է ավելի ազդեցիկ քաղաքականություն վարի։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը Թուրքիայի հինավուրց հարևանն է, և Թուրքիան պետք է ամրապնդի իր դիվանագիտական ու միջնորդական դերակատարումը․ «Թուրքիան ավելին, քան երբևէ պետք է սառնասիրտ, ուժեղ ու սկզբունքային պետության կեցվածք որդեգրի։ Ոչ թե արկածախնդրության, այլ՝ դիվանագիտության, ողջամտության և միջազգային իրավունքի վրա հիմնված դիրքորոշման անհրաժեշտությունն է զգացվում»։ Ելույթի վերջում նա անդրադարձել է նաև տնտեսական խնդիրների։

Տնտեսություն- Ըստ OECD-ի զեկույցի՝ 2026 և 2027 թթ․ Թուրքիայի տնտեսությունն ավելի դանդաղ տեմպով կզարգանա
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է 2026 և 2027 թթ․ համաշխարհային տնտեսությունների զարգացման մասին իր զեկույցը։ Զեկույցի համաձայն՝ 2026 թ․ համաշխարհային տնտեսության ընդհանուր զարգացման մասին իր նախկին ենթադրությունը նույնը կմնա, սակայն նույն տարիներին Թուրքիայի տնտեսության զարգացման տեմպը կիջնի։ OECD-ի զեկույցի համաձայն՝ 2027 թ․ Թուրքիայի տնտեսությունը կզարգանա ոչ թե մինչ այդ ակնկալվող 4, այլ՝ 3,8 տոկոսով, իսկ գնաճը Թուրքիայում նույն տարում կլինի ոչ թե մինչ այդ ակնկալվող 11,7, այլ՝ 16,9 տոկոս։

Թուրքիայի մասնավոր դպրոցներից մեկում աշակերտներից մեկի ծնողը փորձել է կապ հաստատել իր երեխայի ուսուցչի հետ, սակայն վերջինս չի պատասխանել նրա զանգերին, քանի որ տոնական օր է եղել։ Ծնողը նրան նամակ է ուղարկել՝ հետևյալ խոսքերով․ «Քանի որ մեկ տարվա մեջ 400 հազար լիրա եմ վճարում, 7 օր 24 ժամ պետք է հասանելի լինեք»։ Տվյալ մասնավոր դպրոցի ուսուցիչներն իրենց վրդովմունքն են արտահայտել այդ դեպքի կապակցությամբ՝ դժգոհելով, որ շատ ծնողներ շարժվում են՝ «Հաճախորդը միշտ իրավացի է» սկզբունքով։ Թուրքիայի ուսուցիչների արհմիության ստամբուլյան մասնաճյուղի ներկայացուցիչ Ուղուր Փոլաթն անդրադարձել է այդ դիպվածին՝ շեշտելով, որ մասնավոր կրթօճախների շատ ուսուցիչները ուղղակի փշերի վրա են նման ծնողների վերաբերմունքի պատճառով, քանի որ նմանատիպ դեպքերում, 4-5 ծնողի բողոքի հիման վրա ուսուցիչներին ուղղակի հեռացնում են աշխատանքից։ Ըստ Ուղուր Փոլաթի՝ մինչև իսկ ծնողներ են պատահում, որոնք բողոքում են զուտ այն պատճառով, որ ուսուցիչը համարձակվել է աշակերտին ասել՝ «Դասը լսիր», «Ասածներս գրիր»։ «Ուսուցիչն ընկալվում է ոչ թե որպես ուսուցիչ, այլ՝ ծառա, ով պարտավոր է կատարել ամեն տեսակի պահանջ», - եզրափակել է Թուրքիայի ուսուցիչների արհմիության ստամբուլյան մասնաճյուղի ներկայացուցիչը։
Պատրաստեց Մելինե Անումյանը