կարևոր
538 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-13 15:58
Տարածաշրջան

Թուրքիան այս շաբաթ (09.02.26-13.02.26)

Թուրքիան այս շաբաթ (09.02.26-13.02.26)

Քաղաքականություն- Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը մի շարք պայմանագրեր են ստորագրել

Փետրվարի 11-ին կայացել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միչոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ Երկկողմանի հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված նիստը։ Այնուհետև մի շարք պայմանագրեր են ստորագրվել ներդրումների, ծովային առևտրի, տնտեսական համագործակցությաննը, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ։ Թուրքիա-Հունաստան 6-րդ բարձ մակարդակով համագործակցության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Կիրիակոս Միչոտակիսի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ մամլո ասուլիսը։ Կողմերը դրական են գնահատել պաշտոնական բանակցությունները։

Քրդական հիմնախնդիր- Իմրալըի պատվիրակության անդամները հանդիպել են Էրդողանի հետ

Փետրվարի 11-ին Թուրքիայի վարչապետ Ռ․ Թ․ Էրդողանն ընդունել է Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության (Halkların Eşitlik ve Demokrasi Partisi — DEM Parti) կուսակցության անդամներից բաղկացած Իմրալըի պատվիրակության կազմին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարություն և զարգացում կուսակցության (Adalet ve Kalkınma Partisi / AKP) փոխնախագահ Էֆքան Ալան և Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության նախագահ Իբրահիմ Քալընը։ Դռնփակ անցկացված հանդիպումից հետո DEM կուսակցության պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ հանդիպման շրջանակներում քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Հաղորդագրության մեջ պատվիրակությունը հույս է հայտնել, որ այդ հանդիպումը դրական կանդրադառնա Թուրքիայի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների հարաբերություների վրա այս ժամանակաշրջանում, երբ աշխարհում ու տարածաշրջանում կարևոր զարգացումներ են տեղի ունենում։

Ընդդիմություն- Վիճաբանություն և ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Փետրվարի 10-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում վիճաբանություն է ծագել Արդարադատության նախարար նշանակված Աքըն Գյուրլեքի երդման արարողության ժամանակ։ Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (Cumhuriyeti Halk Partisi / CHP) կուսակցության և Արդարություն և զարգացում կուսակցության անդամների միջև ծագած վիճաբանությունը վերածվեց ծեծկռտուքի։ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները գրավեցին խորհրդարանի ամբիոնը։ ԹԱՄԺ-ի նախագահ Բեքիր Բոզդաղն ստիպված եղավ ընդմիջել նիստը։ Ընդմիջումից հետո Աքըն Գյուրլեքը կարողացավ ընթերցել երդման տեքստը՝ շրջապատված ԱԶԿ-ական պատգամավորներով։

Միջազգային- Էկվադորում փողոց է անվանակոչվել Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի անունով

Էկվադորի Գուայակիլ կամ Սանտյագո-դե-Գուայակիլ քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի անունով։ Պաշտոնական բացման արարողության ժամանակ ընդգծվել են 2 երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը և կապերի ընդլայնումը։ Արարողությանը մասնակցել են, քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցներ, Էկվադոր-Թուրքիա գործարար խորհրդի անդամները, Karpowership ընկերության ներկայացուցիչները և թուրք քաղաքացիներ։ Ելույթ է ունեցել Կիտոյում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաքբուլե Բաշաք Յալչընը։

Տնտեսություն- Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սերբիայի միջև առևտրի ծավալը հասել է 3,5 միլիարդ դոլարի

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը պաշտոնական հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։  Երկու նախագահների համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի և Սերբիայի միջև առևտրի ժավալը հասել է 3,5 միլիարդ դոլարի, և որ ավելացել են թուրքական ներդրումներն ու զբոսաշրջության ցուցանիշերը։ «Այն դեպքում, երբ 2015 թ․ Սերբիայում թուրքական կապիտալով շուրջ 100 ընկերություններ են գործում, այսօր այդ թիվն անցել է 1500-ը, և ներդրումների ընդհանուր քանակը հասել է 300 միլիոն դոլարի»,-մասնավորապես նշել է Էրդողանը։

Հասարակություն- Թուրքիայում ավելանում են տարեցների թիվը

Թուրքիայի Վիճակագրության հաստատության տվյալների համաձայն՝ 2025 թ․ երկրի բնակչությունն ավելացել է 427 հազար 224 հոգով՝ հասնելով 86 միլիոն 92 հազար 168-ի։ Վերջին տարիներին նկատելի է 90 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց թվի աճ։ 

Պատրաստեց Մելինե Անումյանը

www.akunq.net